Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է մի շարք պետությունների ղեկավարներին, ինչպես նաև Վրաստանի ու Ուկրաինայի վետերաններին ու ժողովրդին Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 77-րդ տարեդարձի կապակցությամբ։
Ռուսական պետության ղեկավարի նամակը տարածել է Վրաստանում Շվեյցարիայի դեսպանատան Ռուսաստանի Դաշնության շահերի բաժինը։
«Սիրելի՛ վետերաններ, հարգելի՛ Վրաստանի քաղաքացիներ, ի սրտե շնորհավորում եմ ձեզ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 77-րդ տարեդարձի կապակցությամբ։ Մայիսի 9-ը սուրբ տոն է Ռուսաստանի և Վրաստանի ժողովուրդների համար։ Այս օրը՝ մեծ երախտագիտության զգացումով և հպարտությամբ մենք հիշում ենք մեծ գործերն ու անհամար զոհերին՝ մեր հայրերին ու պապերին, ովքեր ուս ուսի կռվել են զավթիչների դեմ ճակատում և անձնուրաց աշխատել թիկունքում՝ մոտեցնելով հաղթանակը ֆաշիզմի դեմ»,- ասված է Վրաստանի ժողովրդին ուղղված Պուտինի ուղերձում։
Նամակում ասվում է, որ այսօր մեր ընդհանուր բարոյական պարտքն է խնամքով պահպանել և մատաղ սերունդներին փոխանցել անցյալի փառավոր իրադարձությունների հիշողությունը, կասեցնել մեր ընդհանուր պատմությունը խեղաթյուրելու կամ մոռացության մատնելու ցանկացած փորձ։
«Վստահ եմ, որ ռազմական փորձությունների տարիներին կարծրացած եղբայրական բարեկամության և փոխօգնության ավանդույթները կօգնեն պահպանել և ամրապնդել բարիդրացիական հարաբերությունները մեր երկրների և ժողովուրդների միջև»,- ընդգծվում է ուղերձում։
Եզրափակելով՝ Պուտինը Վրաստանում ապրող բոլոր վետերաններին մաղթել է քաջառողջություն, երկարակեցություն և բարեկեցություն, իսկ վրաց ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն։
Վրաստանի վետերանների գործերի պետական ծառայության տվյալներով՝ Վրաստանը պստերազմին տվել է 700 հազար մարտիկ, որոնցից միայն 300 հազարն է վերադարձել հայրենիք։
Վրաստանի տասնյակ հազարավոր բնակիչներ արժանացել են պետական պարգևների, նրանցից 167-ը դարձել են Խորհրդային Միության հերոսներ։ Նրանցից ամենահայտնին կրտսեր սերժանտ Մելիտոն Կանտարիան է (1921-1993), որը 1945 թվականի մայիսին սերժանտ Միխայիլ Եգորովի հետ բարձրացրել է Հաղթանակի դրոշը Ռայխստագի վրա։ Փոխանցում է Sputnik Georgia-ն։