Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարար Սվենյա Շուլցեն նախազգուշացրել է սովի սպառնալիքի մասին, որը վատթարագույնն է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Այս մասին նա զգուշացրել է Bild-ին տված հարցազրույցում։
Շուլցեի խոսքով՝ պարենային իրավիճակն ամբողջ աշխարհում սրվել է կորոնավիրուսային համաճարակի, երաշտի և Ուկրաինայում ստեղծված իրավիճակի հետևանքով առաջացած ճգնաժամի պատճառով։ Պատգամավորը նշել ՝, որ այս պահին սննդամթերքի գները հասել են ռեկորդային մակարդակի, և մոտ 300 մլն մարդ տառապում է սովից։ Գերմանացի նախարարը նաև ընդգծել է, որ վերոնշյալ ցուցանիշները շարունակում են աճել։
Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական հատուկ գործողության մեկնարկով պարենային ապրանքների գների աճը ռեկորդային է դարձել 1990 թվականից ի վեր։ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության տվյալներով՝ մարտին պարենային ապրանքների գներն աճել են 12,6 տոկոսով։ Ենթադրվում է, որ պատճառը փետրվարի համեմատ հացահատիկային մշակաբույսերի 17,1 տոկոսով, բուսական յուղերի՝ 23,2 տոկոսով թանկացումներն են եղել։
2021-2022 թվականների տվյալներով՝ Ռուսաստանին բաժին է ընկել ցորենի համաշխարհային արտահանման 16 տոկոսը, Ուկրաինային՝ 10 տոկոսը։ Հաղորդվում է, որ մոտ 50 երկիր կախված է այդ մատակարարումներից:
Ապրիլին հայտնի դարձավ Գերմանիայի՝ ռազմական գործողություններից հետո երկրի վերականգնման համար Կիևին լրացուցիչ 37 մլն եվրո հատկացնելու պլանների մասին։ Դրանցից 22,5 մլն եվրոն ուղղվելու է ուկրաինական էլեկտրացանցերի վերակառուցմանը, իսկ 14,4 մլն եվրոն՝ բժշկական սարքավորումներին և բնակելի տարածքների վերականգնմանը։