ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովն ասել է, որ Մոսկվան թույլ չի տա նացիզմի վերածնունդ, և հաղթանակած զինվորների ժառանգությունը ծաղրելու փորձերը վճռական հակահարվածի կհանդիպեն։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
Անտոնովի խոսքով, Ռուսաստանի սուրբ պարտքն է պահպանել Հաղթանակի մասին ճշմարտությունը ապագա սերունդների համար։ «Մենք թույլ չենք տա անցնել անցյալի մեծ էջերը, թույլ չենք տա նացիզմի վերածնունդ», – ասել է դեսպանը՝ հավելելով, որ նախնիների հերոսական ժառանգությունը ծաղրելու փորձերը «անշուշտ կհանդիպեն վճռական հակահարվածի»։
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Կիրիենկոն ասել էր, որ Ռուսաստանն ամեն ինչ կանի, որպեսզի նացիզմն այլևս չկարողանա գլուխ բարձրացնել ոչ միայն երկրում, այլև ամբողջ աշխարհում։ Նրա խոսքով՝ պատմական ճշմարտությունը նացիզմի դեմ պայքարի գլխավոր զենքն է։ ԽՍՀՄ-ն արդեն կատարել է նման պատմական առաքելություն, երբ հաղթեց նացիզմին։