Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի օրվա կապակցությամբ շնորհավորել է պատերազմի վետերաններին Հաղթանակի կապակցությամբ և շնորհակալություն հայտնել նրանց նվիրվածության համար։
«Շնորհավորում եմ Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերաններին ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի օրվա առթիվ։ Ուզում եմ ձեզ հետ կիսվել այն հույզով, որ առաջացնում է ձեր մեջ մայիսի 9-ը, երբ վայրկյանների ընթացքում կենդանանում են հիշողությունները, որոնցում տխրությունը, ցավն ու ուրախությունը միաձուլվում են միմյանց հետ» – ասել է Պապուաշվիլին:
Նրա խոսքով, մայիսի 9-ը վրաց ժողովրդի հիշողության մեջ է պահում անանուն ու քաջարի հերոսների պատմությունը։
«Այսօր մենք հարգում ենք հայրենակիցներին, հերոսներին, ովքեր իրենց կյանքը տվել են ավելի լավ ապագայի համար պայքարում»,- ասել է Պուպաուշվիլին։
Նա ընդգծել է, որ պատերազմի մասնակիցների սխրանքը պատմություն կերտեց ու փրկեց ապագան։ «Շնորհակալություն ձեր նվիրվածության համար: Սա ձեր օրն է, և ձեր հաղթանակը ողջ մարդկությանն է»,- ասել է Պապուաշվիլին։
Խորհրդարանի նախագահն անձամբ շնորհավորել է պատերազմի վետերան 103-ամյա Մերի Մագրաձեին Հաղթանակի օրվա կապակցությամբ և նվերներ հանձնել։ Պապուաշվիլին շնորհակալություն է հայտնել Մագրաձեին իր նվիրվածության և ֆաշիզմի դեմ պայքարում ներդրած ավանդի համար։
Պապուաշվիլին ընդգծել է, որ վրաց ժողովուրդը չի մոռանա հերոսներին։
Վրաստանի վետերանների գործերի պետական ծառայության տվյալներով՝ Վրաստանը ճակատամարտին տվել է 700 հազար մարտիկ, որոնցից միայն 300 հազարն է վերադարձել հայրենիք։ Վրաստանի տասնյակ հազարավոր բնակիչներ արժանացել են պետական պարգևների, նրանցից 167-ը դարձել են Խորհրդային Միության հերոսներ։ Նրանցից ամենահայտնին կրտսեր սերժանտ Մելիտոն Քանթարիան է (1921-1993), որը 1945 թվականի մայիսին սերժանտ Միխայիլ Եգորովի հետ բարձրացրել է Հաղթանակի դրոշը Ռայխստագի վրա։
Այժմ Վրաստանում ողջ են Հայրենական մեծ պատերազմի 172 վետերան։