Բագրատաշենի սահմանային անցակետում նոր կամրջի կառուցման աշխատանքներն ավարտական փուլում են։
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից NEWS.am-ին հայտնում են, որ կառույցը բաղկացած է իրարից 1 մետր հեռավորության վրա գտնվող երկու զուգահեռ կամուրջներից։
Ավարտվել հիմքերի հորատման, հիմքերի և հենապատերի ամրանավորման և բետոնացման, թունելային անցումների բետոնացման աշխատանքները: Կամուրջների 50 նախալարված ամրաններով հեծանները տեղադրված են, ընթացքի մեջ են մակերեսի ամրանավորման և բետոնացման աշխատանքները։ Երկու կամուրջների մակերեսներն ավարտական փուլում են։
Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը տեղեկացնում է, որ ծրագրի ավարտին մնացել են իրականացնել արգելափակոցների տեղադրման, մայթերի կառուցման, կամուրջների և մոտեցնող ճանապարհների ասֆալտապատման ու գծանշման աշխատանքները։
«Բարեկամություն» անունը ստացած կամուրջը հայ-վրացական համատեղ ծրագիր է, որը ֆինանսավորվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և Հայաստանի ու Վրաստանի կառավարությունների կողմից։
Բագրատաշենի սահմանային անցակետում նոր կամրջի կառուցման ծրագիրն իրականացնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։