Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ երեկ վթարի էր ենթարկվել հայտնի և սիրված երգիչ Վարդան Ուռումյանը, որի հետևանքով կար 3 զոհ, 2 վիրավոր:
Թեմայի վերաբերյալ հոդվածների տակ գրված մեկնաբանություններում բազմաթիվ վիրավորական ու մեղադրական գրառումներ կային հայտնի երգչի հասցեին, նրան մեղադրում էին ալկոհոլի ազդեցության տակ լինելու և վթարի պատճառ դառնալու մեջ:
Pressmedia.am-ի հետ զրույցում երգչի ընկերը՝ Գինեսի գրքի բազմակի ռեկորդակիր Աշոտ Խանոյանը, հավաստիացրեց, որ Վարդան Ուռումյանը ալկոհոլ օգտագործած չի եղել:
«Ավելին ասեմ, առողջական խնդիրներից ելնելով, Վարդանը ալկոհոլ առհասարակ չի օգտագործում»,- հավելեց նա:
Հարցին, թե ո՞վ է մեղավոր եղել վթարի մեջ՝ Խանոյանը նշեց, որ գործը դեռ քննվում է, սակայն, ըստ նախնական տվյալների՝ մեղավոր եղել է մահացած վարորդը, ով նույնպես հանդիսանում էր Խանոյանի ընկերը:
Մեր ձեռքի տակ է հայտնվել ողբերգական վթարի տեսանյութը, որը կհրապարակենք քննչական մարմինների կողմից թույլտվություն ստանալուց հետո: