Եվրոպայի օր. ԵՄ–ն Վրաստանի կողքին է խաղաղության և ժողովրդավարության ընդհանուր արժեքներով
Մայիսի 9-ին՝ Եվրոպայի օրվա առթիվ իր հայտարարությունում, ընդ որում՝ այն տարում, երբ Վրաստանը ներկայացրել է Եվրոպական միությանն անդամակցության դիմում, երկրում ԵՄ դեսպան Կարլ Հարցելն ասել է, որ Եվրոպական միությունը Վրաստանի կողքին է՝ սատարելով ուժեղ, բարգավաճ և ժողովրդավարական երկրի կառուցմանը, այդ թվում՝ ՔՈՎԻԴ-ի և այլ ճգնաժամերի ժամանակ, ինչպես նաև անսասան կերպով աջակցելով նրա անկախությանն ու տարածքային ամբողջականությանը։
Նա ասել է, որ Եվրոպայի օրը նշանավորումն է Եվրոպայի նոր տեսլականի, որը տեղ է գտել Շումանի հռչակագրում 72 տարի առաջ՝ «այնպիսի ժամանակում, երբ Եվրոպան դեռ նոր վեր հառնում ավերիչ պատերազմի մոխիրներից՝ համոզված վճռականությամբ, որ աշխարհամասում այլևս երբեք պատերազմներ չեն լինի»։
«Թեև մենք հավատարիմ ենք մնում այդ տեսլականին, ցավոք, մյուսները բացահայտ և ողբերգական կերպով ի ցույց են դնում, որ իրենք դեռ այլ կերպ են տեսնում իրերի դրությունը: Բայց, քանի դեռ Ռուսաստանը չարդարացված պատերազմ է մղում Եվրոպայում, մենք վճռական համերաշխություն ենք դրսևորում առ Ուկրաինան՝ հիմնվելով արժեքների և սկզբունքների վրա, որոնք միավորում են մեզ և որոնց վրա կառուցվել է մեր Միությունը»:
«Այստեղ՝ Վրաստանում, մեր սերտ գործընկերությունը հիմնված է նույն արժեքների վրա։ Գործընկերություն, որը միտում ունի ավելի զարգանալու, քանի որ Վրաստանը, տուրք տալով իր բնակչության ճնշող մեծամասնության ձգտումներին և իր քաղաքակրթական արմատներին, պատմական քայլ է կատարել՝ ներկայացնելով ԵՄ-ին անդամակցության հայտ»,- նշել է դեսպանը։
Այս տարի Վրաստանում Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումները կենտրոնացած են նոր ֆիլմի շուրջ, որը կոչվում է «Եվրոպան և ես», և որի ռեժիսորն է Գիորգի Կվելիձեն: Այն ընդգծում է ԵՄ-ի և Վրաստանի միջև ընդհանուր արժեքները և ներկայացնում է մի քանի մարդկային պատմություններ՝ Վրաստանի մարզերից:
2022 թվականի Եվրոպայի օրվա համար պատրաստված վավերագրական ֆիլմի առցանց պրեմիերան կայացել է մայիսի 9-ին, ժամը 21:00-ին՝ պատվիրակության ֆեյսբուքյան էջում։
Վրաստանը լրացրել և ԵՄ-ին է հանձնել վերջինիս ներկայացրած հարցաշարը
Ապրիլի 2-ին Վրաստանը պատասխանել է ԵՄ-ի առաջին հարցաշարին։
Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին լրացված հարցաշարը հանձնել է Վրաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Կարլ Հարցելին։
«Սա ևս մեկ քայլ է առ Վրաստանի՝ իր ապագան Եվրոպայում ամրապնդելու ձգտումը։ ԵՄ-ն այժմ կգնահատի Վրաստանի առաջընթացն ու պատրաստությունը», – ասվում է Վրաստանում ԵՄ պատվիրակության ֆեյսբուքյան գրառման մեջ։
Ավելի վաղ՝ ապրիլի 11-ին, Եվրոպական հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեին հարցաշարը հանձնել էր Վրաստանի արտգործնախարար Իլիա Դարչիաշվիլիին։
ԵՄ-ին անդամակցելու համար դիմած Արևելյան գործընկերության բոլոր երեք երկրները՝ Ուկրաինան, Մոլդովան և Վրաստանը, այժմ վերադարձրել են իրենց լրացված հարցաշարերը:
Հայտարարվել են Վրաստանում ԵՄ լրագրության մրցանակակիրների անունները
Մայիսի 3-ին՝ Մամուլի ազատության միջազգային օրվա կապակցությամբ, Վրաստանում Եվրոպական միության պատվիրակությունը և Եվրոպական միության դիտորդական առաքելությունը (ԵՄԴԱ) պարգևատրել են 2021 թվականի ԵՄ լրագրության մրցանակի դափնեկիրներին։
ԵՄ դեսպան Կարլ Հարցելը մրցանակներ է հանձնել վեց անվանակարգերում հաղթողներին, որոնք ներկայացնում են տպագիր, հեռարձակվող, առցանց և ֆոտոլրագրության ոլորտները: Եվրոպական միության դիտորդական առաքելության ղեկավար, դեսպան Մարեկ Շչիգելը հատուկ մրցանակ է հանձնել վստահության ամրապնդմանը և խաղաղությանը նպաստող կոնֆլիկտազգայուն լրագրության համար։
2021 թվականի ԵՄ լրագրության մրցանակի դափնեկիրներն են՝
Առաջին վեց անվանակարգերի հաղթողները կստանան դրամական մրցանակ՝ յուրաքանչյուրը մոտավորապես 6,000 լարիի չափով, մինչդեռ ԵՄԴԱ-ի հատուկ մրցանակի հաղթողը կստանա Լոնդոնի Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի մեկամսյա կրթաթոշակ:
Վրաստանում ԵՄ դեսպան Կարլ Հարցելն ասել է, որ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ մղվող չհրահրված և չարդարացված պատերազմի պատճառով «ԵՄ լրագրության մրցանակի նպատակը, հավանաբար, երբեք ավելի արդիական չի եղել, քանի որ այժմ առավել, քան երբևէ մենք ունենք պատճառներ՝ գնահատելու նրանց, ովքեր, հավատարիմ մնալով իրենց մասնագիտական էթիկային և արհեստավարժությանը, ծառայում են ճշմարտությունը»: Դեսպանը նաև տվել է ԵՄ լրագրության հերթական մրցանակի մեկնարկը:
«ԵՄ-ն՝ երիտասարդների համար» (EU4Youth) ծրագիրը նախորդ շաբաթ Վրաստանում կազմակերպել էր հետպատերազմյան վերականգնման թեմայով վեբինար, որը կազմակերպվել էր ի համերաշխություն ուկրաինացի ժողովրդի, հատկապես՝ ակտիվ և պոտենցիալ սոցիալական ձեռներեցների: Միջոցառումը կազմակերպվել էր ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «EU4Youth՝ Սոցիալական ձեռներեցության էկոհամակարգի զարգացում (SEED) սահմանամերձ շրջաններում կանաչ առաջընթացի համար» ծրագրի շրջանակներում։
Սոցիալական ձեռներեցության երկար պատմությունը ցույց է տալիս, որ նրանք սովորաբար ինքնադրսևորվում են անկայուն, ճգնաժամային իրավիճակներում՝ տուժած մարդկանց կյանքն ու պայմանները բարելավելիս: 2008 թվականին Վրաստանը տուժեց ռուս-վրացական պատերազմից։ Փախստականների և ներքին տեղահանված անձանց, ինչպես նաև գործազրկության պատճառով մեծապես տուժեցին Շիդա Քարթլիի մարզն ու հատկապես Գորի համայնքը: Չնայած անձնական ողբերգության դրսևորումներին և տնտեսական դժվարություններին՝ բազմաթիվ տեղահանված անձինք կարողացան հիմնել սոցիալական կամ բնապահպանական առաքելություններով բիզնեսներ:
Վեբինարը հեռարձակվեց Facebook-ի և Zoom-ի միջոցով։ Zoom-ով հեռարձակմանը հետևում էր ավելի քան 30 մարդ, ավելի քան 800 հոգի էլ դիտել է Facebook Live-ի հեռարձակումը: Հանդիպումը թարգմանվել է ուկրաիներեն և կտարածվի Ուկրաինայում հիմնված սոցիալական ձեռնարկությունների շրջանում՝ նպատակ ունենալով այլոց գործնական, համատեղ փորձի միջոցով հույս ներշնչել ուկրաինացի ժողովրդին:
Վեբինարի շրջանակներում Գորիից չորս սոցիալական ձեռներեցներ խոսեցին իրենց ձեռնարկությունների և քաղած դասերի մասին։ Բանախոսներն ընդգծեցին նաև սոցիալական ձեռներեցության մեջ հաստատակամության և ճկունության կարևորությունը:
Գորիում գործող Lemo կարի ձեռնարկության հիմնադիր Նինո Գիորգաձեն (EU4Youth-ի SEED ծրագրի շահառու) տարածաշրջանում առաջիններից մեկն էր, ով տեքստիլի վերամշակման ռազմավարություն մշակեց: Նրա ընկերության արտադրանքն ունի անմիջապես ճանաչելի դիզայն և պատրաստված է բնական նյութերից։ Դրանց վրա ասեղնագործված պատկերները հատուկ մշակված են երեխաների սոցիալական և ճանաչողական հմտությունները զարգացնելու համար: Ընկերության ողջ շահույթն ուղղվում է Գորիում ապրող պատերազմից տուժած սոցիալապես անապահով կանանց հզորացմանը։ Ընկերության բոլոր աշխատակիցները 2008 թվականի հակամարտության արդյունքում հարկադիր տեղահանվածներ են։
Կարալեթի գյուղից Քեթևան Կվաչանտիրաձեն էլ հիմնել է Bamane կարի ձեռնարկությունը (EU4Youth-ի SEED ծրագրի շահառու): Քեթևանը ժամանակին կարի խանութ ուներ, իսկ հիմա նորածինների համար քնապարկեր է կարում գործվածքների մնացորդներով։ «Մենք աշխատանքով ենք ապահովում մարզաբնակչությանը և նախատեսում ենք ընդլայնել ձեռնարկությունը՝ ավելի շատ աշխատատեղերի համար։ Հատկանշական է, որ մեր ձեռնարկությունը գտնվում է Կարալեթիում՝ ռուսական ռազմաբազայից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա։ Մեր նպատակն է նման գյուղերում ստեղծել տոկուն համայնքներ, որպեսզի դրանք չդատարկվեն, իսկ երիտասարդները կարողանան տեղերում աշխատանք գտնել և իրացնել իրենց ներուժը», – ասում է նա:
Ներքին տեղահանված անձանց Ծերովանի ավանում գործունեություն ծավալող «Հանուն ավելի լավ ապագայի» ՀԿ-ի կողմից 2012 թվականին հիմնադրված Ikorta ձեռագործ իրերի ձեռնարկությունը ներկայացնող Նանա Ճկարեուլին բացատրեց, թե ինչպես է ընկերությունը օգնում իր շահառուներին իրենց մասնագիտական կյանքը դասավորելու հարցում: Ոսկերչական ձեռնարկությունում աշխատում է 10 մարդ, որոնցից 9-ը կանայք են։ Ընկերությունը նաև ավելի լայն հնարավորություններ է ընձեռում քաղաքացիական և տնտեսական զարգացման համար՝ ոսկերչական իրերի վաճառքից ստացված շահույթը վերաներդնելով ռուս-վրացական պատերազմի ժամանակ տեղահանված անձանցով բնակեցված բնակավայրի երիտասարդների և կանանց համար նախատեսված ծրագրերում։
Արչիլ Գոբեջիշվիլին ներքին տեղահանված անձ է, ով հիմնել է տարբեր կարողություններով մարդկանցից բաղկացած ուժեղ և համախմբված թիմով Dadari սոցիալական ձեռնարկությունը: Նրանք պատրաստում են բարձրորակ փայտե ձեռագործ խաղալիքներ։ Ընկերության հիմնական սոցիալական առաքելությունն է վերապատրաստել մտավոր հետամնացություն ունեցող և հատուկ հոգեսոցիալական կարիքներով մարդկանց, նրանց աշխատանքի տեղավորել և նպաստել վերջիններիս լիարժեք ներգրավմանը հասարակական կյանքում:
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը մայիսի 4-ին ներկայացրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթը։
Նախ, ԵՄ-ն պատժամիջոցների ցանկում է ներառել բարձրաստիճան զինվորականների և այլ անձանց, ովքեր ռազմական հանցագործություններ են կատարել Բուչայում և պատասխանատու են Մարիուպոլ քաղաքի անմարդկային պաշարման համար: «Սա ևս մեկ կարևոր ազդանշան է կրեմլյան պատերազմի բոլոր մեղավորներին. մենք գիտենք, թե ով եք դուք, և դուք պատասխանատվության կենթարկվեք»,- ասել է Ուրսուլա ֆոն դեր Լեյենը:
Երկրորդ՝ ԵՄ-ն SWIFT համակարգից կանջատի Ռուսաստանի խոշորագույն բանկը՝ «Սբերբանկը» և ևս երկու այլ խոշոր բանկեր: Ըստ Եվրոպական հանձնաժողովի՝ այս բանկերը համակարգային կարևորություն ունեն Ռուսաստանի ֆինանսական համակարգի և Պուտինի՝ ավերածություններ անելու ունակության համար: «Սրանով կամրապնդվի Ռուսաստանի ֆինանսական հատվածի լիակատար մեկուսացումը համաշխարհային համակարգից»,- ասել է նախագահը։
Երրորդ, ԵՄ-ն արգելափակում է ռուսական երեք խոշոր պետական հեռարձակողների մուտքը ԵՄ եթեր: Նրանց այլևս չի թույլատրվի տարածել իրենց բովանդակությունը ԵՄ-ում՝ անկախ ձևից, լինի դա մալուխային, արբանյակային և ինտերնետային կապի կամ սմարթֆոնային հավելվածների միջոցով:
«Մենք այդ հեռուստաալիքները դիտարկում ենք որպես Պուտինի ստերն ու քարոզչությունը ագրեսիվորեն տարածող խոսափողներ: Մենք այլևս չպետք է նրանց հարթակ տանք այս ստերը տարածելու համար։ Ավելին, Կրեմլը ապավինում է եվրոպացի հաշվապահների, խորհրդատուների և հանրային կապերի մասնագետների: Եվ դրան հիմա վերջ կդրվի։ Մենք արգելում ենք ռուսական ընկերությունների համար այդպիսի ծառայությունների մատուցումը»,- հայտարարել է ֆոն դեր Լեյենը։
Եվրոպական հանձնաժողովն առաջարկում է նաև արգելել ռուսական նավթը։ Սա կլինի ցանկացած տեսակի ռուսական նավթի ներմուծման ամբողջական արգելք՝ ծովային և խողովակաշարային, հումքային և վերամշակված: ԵՄ-ն կհոգա ռուսական նավթից աստիճանաբար հրաժարվելու մասին այնպես, որ ԵՄ-ը և նրա գործընկերները կարողանան ապահովել մատակարարման այլընտրանքային ուղիներ և նվազագույնի հասցնել համաշխարհային շուկաների վրա այդ քայլի ազդեցությունը:
«Այդ պատճառով մենք վեց ամսվա ընթացքում աստիճանաբար կդադարեցնենք ռուսական հում նավթի մատակարարումները, իսկ մինչև տարեվերջ՝ նաև վերամշակված արտադրանքներինը: Այսպիսով, մենք առավելագույնի ենք հասցնում ճնշումը Ռուսաստանի վրա՝ միևնույն ժամանակ նվազագույնի հասցնելով մեր և ամբողջ աշխարհում մեր գործընկերների համար կողմնակի վնասը», – ասել է ֆոն դեր Լեյենը։
Նախագահն ասել է, որ բոլոր այս քայլերը նպատակ ունեն զրկել ռուսական տնտեսությունը դիվերսիֆիկացման և արդիականացման հնարավորությունից։ «Պուտինը ցանկանում էր Ուկրաինան ջնջել քարտեզից։ Նրան դա ակնհայտորեն չի հաջողվի։ Ընդհակառակը. Ուկրաինան միասնականորեն ոտքի է կանգնել։ Իսկ ահա իր երկիրը՝ Ռուսաստանը, խորտակվում է»,- եզրափակել է նախագահը։
Նա նշել է, որ «ԵՄ-ն ցանկանում է, որ Ուկրաինան հաղթի այս պատերազմում» և կօգնի ուկրաինացիներին վերականգնել իրենց երկիրը հաջորդ սերունդների համար։ Այդ իսկ պատճառով Եվրոպական հանձնաժողովը նաև առաջարկում է սկսել աշխատել Ուկրաինայի վերականգնման հավակնոտ փաթեթի վրա, որը պետք է հսկայական ներդրումներ ներգրավի երկրի կարիքները բավարարելու և անհրաժեշտ բարեփոխումներ իրականացնելու, ուկրաինական տնտեսության թույլ կողմերը վերացնելու և կայուն երկարաժամկետ աճի հիմքեր ստեղծելու համար։
Եվրոպական տիեզերական գործակալությունը (ESA) մեկնարկում է «ESA Copernicus SpaceLeap Challenge» մրցույթը, որը փնտրում է տիեզերական տեղեկատվական արտադրանքների և ծառայությունների համար Երկրի դիտարկման (EO) միջազգային շուկան զարգացնելու ունակ գաղափարներ։
Մրցույթը հայտարարվում է «Copernicus Masters»-ի շրջանակներում, որն աշխարհում և մասնավորապես Եվրոպայում շրջակա միջավայրի մոնիտորինգի համար տիեզերական ենթակառուցվածքների ապահովման ԵՄ-ի և ESA-ի դրոշակակիր նախաձեռնությունն է։ Եվրոպայից դուրս, մասնավորապես՝ Արևելյան գործընկերության տարածաշրջանի (Հայաստան, Ադրբեջան, Մոլդովա, Վրաստան և Ուկրաինա) ներկայացուցիչների կողմից հայտերի ներկայացումը խրախուսվում է։
Լավագույն 3 լուծումները կստանան դրամական մրցանակ՝ յուրաքանչյուրը 5000 եվրո արժողությամբ: Copernicus Masters 2022-ի գլխավոր հաղթողը կստանա 10,000 եվրո դրամական մրցանակ:
ESA Space LeapChallenge-ը մրցութային առաջարկներ է ընդունում միայն այն ձեռնարկություններից, գիտական հաստատություններից և օրենքով չափահաս անձանցից, որոնք մշտական հիմունքներով բնակվում են կամ ունեն կենտրոնական գրասենյակ կամ քաղաքացիություն այն երկրներում, որոնք ստորագրել են Copernicus տվյալների հասանելիության և Երկրի դիտարկման տվյալների փոխանակման վերաբերյալ Copernicus համագործակցության համաձայնագիրը։
Դիմելու վերջնաժամկետն է 2022թ. հուլիսի 11-ը։
Երկարաժամկետ կամավորական աշխատանք Դանիայում՝ Բադմինթոնի եվրոպական կոնֆեդերացիայում
Բադմինթոնի եվրոպական կոնֆեդերացիան հրավիրում է կամավորների Հայաստանից, Վրաստանից, Ադրբեջանից, Մոլդովայից և Ուկրաինայից՝ 2022 թվականի հունիսի 1-ից մինչև 2023 թվականի մայիսի 31-ն աշխատելու իր թիմի կազմում։
Կազմակերպության նպատակն է մոտիվացնել Եվրոպայի բնակչությանը խաղալ բադմինթոն և խթանել այդ մարզաձևը Եվրոպայում:
Կամավորը պետք է ունենա հաղորդակցության ոլորտի փորձ և ինչպես բանավոր, այնպես էլ գրավոր անգլերենի գերազանց իմացություն։
Հաջողակ թեկնածուն պետք է տեղափոխվի Կոպենհագեն (Դանիա) և ունենա անհրաժեշտ աշխատանքային թույլտվություն, որպեսզի հաշառվի ԵՄ-ում աշխատանքի համար:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է մայիսի 31-ը։
«10 օր» նախագիծն իրականացվում է ԵՄ Արևելյան հարևաններ ծրագրի և Լրատվական ռադիոյի հետ համատեղ:
Վրաստանում ԵՄ ֆինանսավորմամբ ծրագրերից ավելի շատ լուրերի և հնարավորությունների ծանոթանալու համար այցելեք ԵՄ Արևելյան հարևաններ ծրագրի կայք։