
Թբիլիսիի միջազգային օդանավակայանում 27-ամյա մի կնոջ են բերման ենթարկել մարիխուանայի մեծ խմբաքանակով. Այս մասին հայտնում է Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Ուղևորի ուղեբեռի զննության ժամանակ մաքսավորները ճամփորդական պայուսակի պահոցում հայտնաբերել են 11,7 կիլոգրամ մարիխուանա տեսակի թմրամիջոց։ Հետաքննությունը պարզել է, որ օտարերկրացին թմրանյութը Վրաստան է բերել Հարավային Աֆրիկայից։ Թմրանյութը որպես իրեղեն ապացույց առգրավվել է։
Հետաքննությունը շարունակվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 4-րդ մասի ա և 273-րդ հոդվածի 6-րդ մասով, որոնք նախատեսում են առանձնապես խոշոր չափերով մարիխուանայի ապօրինի գնում, պահում և փոխադրում և թմրամիջոցների ապօրինի ներմուծում երկիր՝ հատկապես մեծ քանակությամբ։ Այս հանցագործությունը նախատեսում է մինչև 20 տարի կամ ցմահ ազատազրկում։