Վրաստանի իշխանությունները վառելիքի թանկացումն անհիմն են համարում

Վրաստանի իշխանությունները վառելիքի թանկացումն անհիմն են համարում

Վրաստանում վառելիքը թանկացել է համաշխարհային շուկայի գներին անհամաչափ, ինչի կապակցությամբ նախատեսվում են բանակցություններ մանրածախ ցանցերի և ներկրողների ներկայացուցիչների հետ, ասել է էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին։

Մրցակցային գործակալությունն արդեն կառավարությանը ներկայացրել է Վրաստանի վառելիքի շուկայի վիճակի վերաբերյալ միջանկյալ հաշվետվություն։ Ինչպես նշել է Դավիթաշվիլին, հետաքրքիր եզրակացություններ են արվել.

«Մանրածախ ցանցերում շուկայում գները զգալիորեն տարբերվում են… Աճի էֆեկտը համահունչ չէր միջազգային շուկայում գների աճին, ամեն դեպքում, այն ուներ իր իներցիան, և այդ իներցիան տևեց մի քանի շաբաթ»,– ասել է Դավիթաշվիլին կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցում։

Այս առումով, ըստ նրա, ավելի շատ շփում է անհրաժեշտ մանրածախ ցանցերի ներկայացուցիչների և վառելիք ներկրողների հետ։ Մեկ շաբաթվա ընթացքում՝ այսօրվանից, կառավարության տնտեսական թիմը կսկսի հանդիպումները։

Նախարարն ակնկալում է, որ ընկերությունները կա՛մ կհաստատեն մրցակցային գործակալության եզրակացությունները և կիջեցնեն գները, կա՛մ հաստատող փաստարկներ կներկայացնեն ընթացիկ թանկացման համար։ Միաժամանակ Դավիթաշվիլին կասկած է հայտնել, որ նման փաստարկներ կարող են լինել։

«Մենք կարծում ենք, որ դա որոշակի արդյունք կտա, ինչը շատ կարևոր է բնակչության համար… Մենք դեռ ակնկալում ենք, որ վառելիքի գները դեռ պետք է իջնեն»,- ընդգծել է Դավիթաշվիլին։

Վրաստանում վառելիքի գները սկսել են աճել անցյալ տարվա աշնանից, սակայն ընթացիկ տարվա փետրվար-մարտին կտրուկ թռիչքներ են գրանցվել։ Մասնավորապես, AI-92 բենզինի ինքնարժեքը մեկ ամսվա ընթացքում թանկացել է գրեթե 12%-ով, դրա մեկ լիտրի արժեքը կազմել է մոտ 3,8 լարի (1,2 դոլար), իսկ AI-95 բենզինի մեկ լիտրի արժեքը հասել է պատմական առավելագույնին՝ 4 լարի։ (մոտ 1,3 դոլար):