Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին վտանգ չի ներկայացնի Ռուսաստանի համար. Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Վլադիմիր Պուտինը, նրա մեկնաբանությունը փոխանցում է ՏԱՍՍ-ը երկուշաբթի՝ մայիսի 16-ին։
Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանը խնդիրներ չունի երկու երկրների կառավարությունների հետ։
Նախագահը բացատրել է, որ Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին ուղղակի վտանգ չի ներկայացնում Ռուսաստանի համար։ «Սակայն ռազմական ենթակառուցվածքների ընդլայնումը դեպի այս տարածք կառաջացնի մեր պատասխանը, թե ինչպիսին կլինի դա. մենք կորոշենք՝ ելնելով այն վտանգներից, որոնք մեզ կստեղծեն»,- ասել է Պուտինը։
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նախօրեին ասել էր, որ Կրեմլը մտահոգված է ՆԱՏՕ-ին միանալու Ֆինլանդիայի և Շվեդիայի որոշմամբ։
Կրեմլի խոսնակը վստահեցրել է, որ Մոսկվան ուշադիր հետևելու է ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության հետևանքներին և դրանց խորը վերլուծություն կկատարի։
Ֆինլանդիան և Շվեդիան պաշտոնական որոշում են կայացրել կիրակի օրը՝ մայիսի 15-ին, դիմել Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու համար։ Այս եզրակացությանը Շվեդիայի իշխանությունները եկել են Սոցիալ-դեմոկրատական կուսակցության նիստում։ Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստեն իրադարձությունն անվանել է պատմական՝ ընդգծելով, որ երկիրը պատասխանատու է լինելու ՆԱՏՕ-ի անվտանգության համար։