2022 թվականի փետրվարից Ռուսաստանում, հատկապես սուպերմարկետներում, գողության դեպքերն աճել են։ Այս մասին տեղեկություն է տարածում ռուսական Forbes-ը։ Ըստ հրապարակման՝ այս տարվա առաջին երեք ամիսներին մեկ խանութում գրանցվել է գողության 130 դեպք, ինչը 18%-ով ավելի է 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։ Վիճակագրությամբ ամենից հաճախ գողանում են հրուշակեղենը (բոլոր գողությունների 19%-ը), երշիկեղենը (16%), ալկոհոլը (14%), պանիրը (13%), ինչպես նաև սուրճն ու կակաոն (7%)։ Գողացված ապրանքների միջին գումարը կազմում է ընդհանուր առմամբ 1500 ռուբլի, ինչը 25%-ով ավելի է նախորդ տարվա համեմատ։
Բացի այդ, ավելացել են նաև ինքնասպասարկման ՀԴՄ-ներում ապրանքների գողության դեպքերը։
«Մարդիկ հիմա շատ ավելի շատ են գողանում և ավելի հաճախ, քան երբևէ», – ասում է Ռուսաստանի ամենամեծ առևտրի կենտրոններից մեկի թոփ մենեջերը:
Սակայն ապրանքներից կամ կենցաղային իրերից բացի, գողություններ են արձանագրվում նաև հագուստի խանութներում, որտեղ փորձում են գողանալ արևմտյան թանկարժեք ապրանքանիշերի ապրանքները, և, ինչպես վերլուծաբաններն են ենթադրում, այս իրավիճակն էլ ավելի կբարդանա Ռուսաստանում տնտեսական իրավիճակի վատթարացման հետ։