Վրաստանի կառավարության նոր որոշման համաձայն՝ անտառում ժամանակավորապես տեղադրված յուրաքանչյուր փեթակի համար մեղվապահը կվճարի 10 լարի։
Կառավարությունն այս որոշումը կայացրել է առանց մեղվապահներին տեղյակ պահելու։
«Մինչև որոշում ընդունելը կառավարությունը, որպես կանոն, պետք է մեզ հետ քննարկեր այդ նախագիծը։ Հիմա լսեցի ու զարմացա, որ այդպես հանկարծակի որոշում ընդունեցին։ Քննարկում չի եղել, բայց մենք տեղեկություն ենք ստացել վճարման մասին և գրել ենք կառավարությանը մեր բացասական դիրքորոշման մասին, որ մենք համաձայն չենք նման որոշման հետ»,– ասել է Վրաստանի մեղվաբույծների միության ղեկավար Ավքսենտի Պապավան։
Պապավան «Բաթումելեբիին» ասել է, որ իր հաշվարկներով Վրաստանում մոտ 500 հազար փեթակ կա: Պետությունը չի ավարտել մեղվաընտանիքների գրանցումը և այս գործընթացը պետք է ավարտվի մինչև 2023 թվականի վերջ։
Երկրի մեղվաբույծների առնվազն 40 տոկոսն իրենց փեթակները տանում են անտառ կամ սարեր, ուստի պետությունն ըստ էության նրանց հարկել է:
«Անտառում մեկ մեղվի փեթակի համար 10 լարին շատ է։ Այլ երկրներում մեղվաբուծությունը խրախուսվում է պետության կողմից։ Հարեւան Ադրբեջանում, օրինակ, մեղվաբույծներին ընտանիքի համար վճարվում է 10 մանաթ։ Մեղուները նպաստում են կենսաբազմազանությանը՝ փոշոտմանը, պտղաբերությանը, և պետությունը պետք է աջակցի մեղուների բուծմանը»,- ասել է Ավքսենտի Պապավան։
Աջարիայի մեղվաբույծների ասոցիացիայի նախագահ Մանանա Բոլքվաձեն նույնպես աննպատակահարմար է համարում 10 լարի վճար սահմանելը։ Վճարի նշանակման մասին նա տեղեկացել է «Բաթումելեբի»-ից։
«10 լարին առաջին փուլում ոչ համարժեք է, և բարձր վճար է։ Մենք՝ մեղվաբույծներս, ֆիզիկապես և բարոյապես չենք կարող վճարել առաջին փուլում»,– ասել է Մանանա Բոլքվաձեն։
Նրա խոսքով, երբ մեղվապահը մեղուներին անտառ է տանում, դա ուղեկցվում է մեծ ծախսերով. «Ընդհանրապես մեղուների տեղափոխումը, դեղերը, սնունդը. մեղվաբուծությունը մեծ ծախսեր է պահանջում, ոչ մի երկրում մեղվաբույծն այդքան մեծ ծախսեր չունի»։
Մանանա Բոքվաձեի խոսքով, Աջարիայում կա 990 մեղվաբույծ՝ փոքր և միջին, և մինչև 37000 փեթակ։ Աջարիայում մեղվաբույծների միայն 2%-ի համար մեղվաբուծությունը հիմնական գործունեությունն է, մնացածի համար՝ օժանդակ գործունեություն։
«Ուստի փեթակների մեծ մասը սեփական բակում է, իսկ մնացածը զբաղվում են քոչվոր մեղվաբուծությամբ։ Ինչ վերաբերում է նոր լուծմանը, ապա սկզբնական փուլում 3 լարի վճարը նորմալ կլիներ»,- ասել է Մանանա Բոլքվաձեն։
Վարչապետ Ղարիբաշվիլին կառավարության նոր հրամանագիրը ստորագրել է մայիսի 16-ին և ուժի մեջ է մտել մայիսի 17-ին։
Այս հրամանագրով փոփոխություն է կատարվել անտառների կառավարման կանոններում, դրան ավելացվել է նոր հոդված՝ «Անտառների գյուղատնտեսական նպատակներով օգտագործման հատուկ վճար»։
Մեղվաբույծների համար վճարը սահմանվել է տարեկան 10 լարի։
2022 թվականի ապրիլին Վրաստանից արտերկիր է արտահանվել 17 տոննա մեղր, որի ճնշող մեծամասնությունը՝ 14,4 տոննա՝ ուղարկվել է Ֆրանսիա։
Վերջին շրջանում մեղվաբույծները լրջորեն տուժել են մեղվի հիվանդություններից։ Ավքսենտի Պապավայի խոսքով, այս առումով իրավիճակը քիչ թե շատ բարելավվել է, սակայն «անհրաժեշտ է շարունակական վերահսկողություն, մշտադիտարկում եւ ճիշտ մոտեցում մեղուների բուժման հարցում»։