Նինոծմինդայի կենտրոնական զբոսայգում սկսվում են վերակառուցման աշխատանքները, ինչի պատճառով այգու ծառերը կտրվում են։
Կենտրոնական զբոսայգին վերականգնվում է Քաղաքային զարգացման հիմնադրամի «Նորացված շրջաններ» ծրագրի շրջանակներում: Այս ծրագիրը նախատեսված է 4 տարվա համար և ընդգրկում է Վրաստանի 63 մունիցիպալիտետ։
Երեկվանից վերոնշյալ այգու տարածքում ծառերը հատվել են։ Տեղի աշխատակիցների խոսքով, հատվում են միայն չորացած ծառերը, մինչդեռ համեմատաբար երիտասարդ և առողջ ծառերը ևս կտրվում են։ Հեռացվել են նաև այգում երկար տարիներ եղած հին ատրակցիոնները և նստարանները։
Այգու տարածքում կկառուցվի վրացական ուղղափառ եկեղեցի։
Հավելենք որ՝ Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի խոսքով՝ հանգստի գոտիներում ծառերի ու բույսերի ապօրինի հատման և վնասման դեպքում նախատեսվում է խստացնել օրենսդրությունը։
Ըստ Կալաձեի՝ ապօրինի ծառահատումների համար տուգանքը 500 լարիից (մոտ 166 դոլար) կբարձրանա 5 000 լարիի (մոտ 1 666 դոլար), իսկ կրկնվելու դեպքում՝ 1 000 լարիից (մոտ 333 դոլար) կհասնի 10 հազար լարիի (մոտ 3 333 դոլար)։
Քաղաքապետի խոսքով, արգելվելու է շինարարություն սկսել այն վայրում, որտեղ իրականացվել է կանաչ բույսերի ապօրինի հատում, ինչպես նաև թույլտվություն ունեցողը պատասխանատվություն է կրելու շինարարության ընթացքում ցանկացած մեխանիկական վնասի համար։
Կալաձեն նշել է, որ նշված կարգավորումները ժամանակին ապահովելու համար շրջակա միջավայրի պահպանության քաղաքային ծառայությանը կհանձնարարվի օրենսդրական նախագիծ ներկայացնել քաղաքային խորհրդին և խորհրդարանին։