ENPARD. համաներդրումային դրամաշնորհներ Վրաստանի գյուղական համայնքների զարգացման համար
ԵՄ-ն և ՖԱՕ-ն Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղի զարգացման ծրագրի՝ ENPARD-ի շրջանակներում գործարկել են նոր գյուղատնտեսական դրամաշնորհային ծրագիր։
Համատեղ ներդրումների աջակցմանն ուղղված անհատական դրամաշնորհները ուղղված կլինեն գյուղատնտեսական արտադրանքի արտադրողականության, որակի և ապրանքային տեսքի բարձրացմանը, ինչպես նաև գյուղատնտեսական արժեքային շղթաներում կապերի ամրապնդմանը:
Մրցույթի արդյունքում ֆինանսավորում կտրամադրվի այն ֆերմերներին, կոոպերատիվներին և ՓՄՁ-ներին, որոնց ֆերմաներն ու բիզնեսները գործում են Լագոդեխի, Դեդոփլիսծղարոյի, Թեթրի Ծղարոյի, Ախալքալաքի, Բորժոմի, Կազբեգի, Կեդայի և Խուլոյի վարչական շրջաններում: Գորիի վարչական շրջանը ներառված է հատուկ դրամաշնորհային կատեգորիայում։
Այս ծրագրի շրջանակներում ֆերմերները կարող են ձեռք բերել այնպիսի սարքավորումներ, ինչպիսիք են սերմնացան մեքենաները (հացահատիկային մշակաբույսերի համար), կաթիլային ոռոգման համակարգերը, տրակտորները և հակակարկտային ցանցերը (խնձորենիների համար):
Եվրոպական կրթական հիմնադրամը բացել է հարցում՝ Green Skills Award 2022 մրցանակի հաղթողին ընտրելու համար։
Հիմնադրամի կողմից ընտրված և եզրափակիչ անցած տասը նախագծերից երկուսը Վրաստանից են («K4S ակադեմիա» ոչ առևտրային նախագիծը և «Դպրոցներում բնապահպանական և գյուղատնտեսական կրթություն» կառավարական ծրագիրը), իսկ մեկը՝ Մոլդովայից («Կանաչ դասընթացավարների վերապատրաստում» նախագիծը):
Քվեարկությունը բաց է մինչև 2022 թվականի հունիսի 5-ը՝ կենտրոնաեվրոպական ժամանակով (ԿԵԺ) ժամը 23։59-ը:
Green Skills Award 2022 մրցանակի երեք հաղթողները հայտնի կդառնան 2022 թվականի հունիսի 9-ին:
Եվրոպական կրթական հիմնադրամը յուրաքանչյուր հաղթող նախագծի մասին կպատրաստի կարճամետրաժ ֆիլմ՝ ներկայացնելով դրա արդյունքներն ու ազդեցությունը աշխարհի վաղվա օրվա վրա:
Վրաստան. ԵՄ բարձր ներկայացուցիչ Բորելը հանդիպում է ունեցել վարչապետ Ղարիբաշվիլիի հետ
Մայիսի 18-ին ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Բրյուսելում հանդիպում է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ։
Բորելը խոսել է Ուկրաինա ռուսական չհրահրված և չարդարացված ներխուժման համատեքստում Վրաստանի դիմակայունությանն ուղղված ԵՄ աջակցության մասին: Նա նաև վերահաստատել է ԵՄ-ի վճռական հավատարմությունը Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը՝ նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում։
Բորելը նաև ընդգծել է ԵՄ-ի վճռականությունը՝ երկիրն ավելի մոտեցնելու Եվրոպական միությանը:
«Մենք ցանկանում ենք միասին աշխատել համատեղ եվրոպական ապագայի ուղղությամբ և աջակցել անհրաժեշտ բարեփոխումների առաջխաղացմանը, հատկապես դատական համակարգում», – գրել է Բորելը Twitter-ում՝ հավելելով, որ դա առանցքային է երկրի ներսում քաղաքական բևեռացումը հաղթահարելու և քաղաքական ուժերի համախմբման համար:
Ավելի քան 100 մարդ է մասնակցել EU4Youth-ի և CENN-ի (Կովկասյան բնապահպանական ՀԿ-ների ցանց) կողմից մայիսի 16-ին Վրաստանում կազմակերպված համաժողովին, որը նվիրված էր երիտասարդական մարտահրավերներին և հնարավորություններին։
Երիտասարդության եվրոպական տարվան նվիրված համաժողովին մասնակցում էին Վրաստանում ԵՄ պատվիրակության, տեղական և միջազգային կազմակերպությունների, պետական կառույցների ներկայացուցիչներ, ինչպես նաև ակտիվ երիտասարդներ երկրի տարբեր շրջաններից։
«Ուրախ եմ այսօր այստեղ տեսնել Վրաստանի տարբեր շրջաններից եկած բազմաթիվ երիտասարդների։ Կարևոր է վերլուծել երիտասարդների դերը հասարակության զարգացման գործում և դիտարկել նրանց ներգրավվածությունը ոչ միայն երկարաժամկետ հեռանկարում, այլև, առաջին հերթին, ներկայում: Մենք մեր լուման ենք ներդնում այս գործում, ինչպես նաև Երիտասարդության եվրոպական տարում, իսկ այս համաժողովի նպատակն է աջակցել երիտասարդներին՝ մասնակցելու փոփոխություններին ոչ միայն ապագայում, այլև այսօր»,- իր ողջույնի խոսքում ասել է Վրաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Կատալին Գերմանը։
CENN-ի գործադիր տնօրեն Նանա Ջանաշիան էլ ասաց, որ հանդիպումն ունի երկու նպատակ՝ կապել երիտասարդներին և կազմակերպություններին միմյանց հետ և քննարկել ու ջատագովել երիտասարդական քաղաքականությունն ու ռազմավարությունը:
Համաժողովն ուղղված էր քննարկելու երիտասարդության ոլորտում առկա միտումները, մարտահրավերները և հնարավորությունները, մասնավորապես՝ երիտասարդական քաղաքականությանը, ձեռներեցությանը, զբաղվածությանը, կրթությանը և կամավորությանը վերաբերող հարցեր: Պանելային քննարկումների ձևաչափով համաժողովը համախմբեց երիտասարդության, կրթության, սոցիալական ձեռներեցության և կանաչ տնտեսության ոլորտներում ակտիվ տեղական, ազգային և միջազգային կազմակերպություններին` քննարկելու երիտասարդության կայուն զարգացման հիմնական թեմաները: Միջոցառման շրջանակում տեղի ունեցավ նաև կապերի հաստատման աշխատաշրջան, որի նպատակն էր կապել կազմակերպություններին և երիտասարդներին, ինչպես նաև կիսվել փորձով ու հնարավորություններով:
Միջոցառումը կազմակերպվել էր «ԵՄ-ն երիտասարդների համար՝ Սոցիալական ձեռներեցության էկոհամակարգի զարգացում՝ սահմանային գյուղերում կանաչ առաջընթացի համար» ծրագրի կողմից, որն ուղղված է զարգացնելու սոցիալական ձեռներեցության ոլորտում ԱլԳ տարածաշրջանի երիտասարդների ձեռնարկատիրական ներուժը՝ նպատակ ունենալով նպաստել սոցիալական համախմբվածությանը, զբաղվածությանը, ներառականությանը և անհավասարությունների նվազեցմանը:
Լիսաբոնում տեղակայված Թմրամիջոցների և թմրամոլության մոնիտորինգի եվրոպական կենտրոնը (ԹԹՄԵԿ/EMCDDA) այս շաբաթ թմրամիջոցների մոնիտորինգի և հաշվետվողականության վերաբերյալ աշխատանքային հանդիպում է անցկացնում Վրաստանի թմրամիջոցների հարցերով ազգային դիտարկման կենտրոնի (NDO) աշխատակիցների համար:
Աշխատանքային նիստերն օգնում են բացահայտել տեղեկատվական բացերը և վեր հանել տվյալների հավաքագրման և մոնիտորինգի գործիքների հետ կապված բարելավման հնարավորությունները: Աշխատանքային հանդիպումը նվիրված է նաև հանցավորության և շուկայական ցուցանիշներին և նորահայտ հոգեակտիվ նյութերի վերաբերյալ ԵՄ վաղ նախազգուշացման համակարգին (EWS):
Միջոցառումը տեղի է ունենում EMCDDA4Georgia (EMCDDA4GE) տեխնիկական համագործակցության ծրագրի շրջանակներում, որն առաջին երկկողմանի ծրագիրն է EMCDDA-ի և Վրաստանի միջև: Այն նպատակ ունի ուժեղացնել թմրամիջոցների հետ կապված առողջապահական և անվտանգային սպառնալիքներին ուղղված ազգային միջոցառումները և վրացի գործընկերներին ծանոթացնել ԵՄ թմրամիջոցների տեղեկատվական համակարգին ու դրա մեթոդաբանություններին և գործիքներին:
Մայիսի 19-ին «EU4Culture» ծրագիրը գործարկեց «EU4Culture քաղաքների ցանց» նոր նախաձեռնությունը, որը միավորում է մշակութային զարգացման ռազմավարություններ պատրաստելու համար ԵՄ ֆինանսավորում ստացած 14 քաղաք Հայաստանից, Ադրբեջանից, Վրաստանից, Մոլդովայից և Ուկրաինայից։ Ցանցը կծառայի որպես այդ 14 քաղաքների միջև գիտելիքների փոխանակման և համագործակցության հարթակ:
Ցանցի գործարկման մասին հայտարարվել է մայիսի 19-ից 20-ը Թբիլիսիում տեղի ունեցած EU4Culture-ի տարածաշրջանային ցանցի համաժողովում։
Ընտրված քաղաքներն են.
Հայաստան՝ Չարենցավան, Իջևան, Սևան
Ադրբեջան՝ Խըրդալան, Լենքորան, Շաքի
Վրաստան՝ Քութայիս, Փոթի, Զուգդիդ
Մոլդովա՝ Կահուլ, Օրհեյ
Ուկրաինա՝ Պոլտավա, Ռովնո, Վիննիցա
Միջոցառման մասնակիցների թվում նշվում է ընտրված քաղաքների քաղաքապետերի և այլ ներկայացուցիչների, Վրաստանում ԵՄ պատվիրակության և Վրաստանի մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերով նախարարության ներկայացուցիչների, ինչպես նաև փորձագետների և այլ շահագրգիռ կողմերի անուններ:
«EU4Culture քաղաքների ցանցը Արևելյան գործընկերության երկրների քաղաքներին եզակի հնարավորություն է ընձեռում ստեղծել վստահելի և երկարատև համագործակցության հարթակ, որը թույլ կտա կատարել մշակույթի և ստեղծարարության ոլորտում լավագույն փորձի ու պրակտիկաների բաց փոխանակում»,- ասել է EU4Culture ծրագրի թիմի ղեկավար Անատոլի Բեյֆերտը:
Երկօրյա համաժողովի հիմնական նպատակներն են.
Ընտրված 14 քաղաքներից յուրաքանչյուրը ԵՄ-ից կստանա մինչև 30,000 եվրո դրամաշնորհ՝ սեփական մշակութային զարգացման ռազմավարությունը մշակելու նպատակով: Այնուհետև յուրաքանչյուր երկրից մեկական քաղաք կստանա մինչև 300,000 եվրո լրացուցիչ դրամաշնորհ՝ իր մշակած ռազմավարությունն իրականացնելու համար:
EU4Culture-ը Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող ծրագիր է: Այն ուղղված է մշակութային և ստեղծագործական հատվածին և հատուկ ուշադրություն է դարձնում Արևելյան գործընկերության երկրների մայրաքաղաք չհանդիսացող մեծ ու փոքր քաղաքներին:
Նիդերլանդների հելսինկյան կոմիտեն (NHC) Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և «People in Need» ու «AFEW International» կազմակերպությունների հետ համագործակցությամբ իրականացվող «ՔՈՎԻԴ-19 2020-2022թթ. համերաշխության ծրագրի» շրջանակում հայտարարել է ծրագրային առաջարկների տարածաշրջանային մրցույթ:
Հայաստանում, Մոլդովայում և Վրաստանում գործող քաղաքացիական հասարակության կազմակերպությունները (ՔՀԿ), որոնք հետաքրքրված են համավարակի հետևանքով տուժած խոցելի խմբերին աջակցությամբ, կարող են իրենց ծրագրային առաջարկները ներկայացնել մինչև հունիսի 5-ը։ Հաջողակ դիմորդները կներգրավվեն ջատագովության և քաղաքականության երկխոսության աշխատանքներում:
Այս կոչի շրջանակներում ՔՀԿ-ները կունենան երկու տեսակի դրամաշնորհի (յուրաքանչյուր կազմակերպությանը` 14,500 և 11,000 եվրո աջակցությամբ) դիմելու հնարավորություն, ընդ որում՝ երկուսին էլ դիմելու հնարավորությամբ:
Study In Europe. միացի՛ր վիրտուալ տեղեկատվական հանդիպմանը մայիսի 24-ին
Եվրոպայում ուսում ստանալու ցանկություն ունեցող երիտասարդները մայիսի 24-ին հրավիրվում են մասնակցելու «Study In Europe Fair – Green Engineering» խորագրով տեղեկատվական հանդիպմանը։
Միջոցառումը կկայանա առցանց ձևաչափով։
Մասնակիցները կկարողանան կենդանի շփում ունենալ եվրոպական ազգային գործակալությունների և համալսարանների ներկայացուցիչների հետ, իմանալ «Էրազմուս+»-ի հնարավորությունների և «Էրազմուս Մունդուս» կրթաթոշակի մասին, ինչպես նաև լսել Եվրոպայում «կանաչ ճարտարագիտություն» ուսանող միջազգային ուսանողների պատմությունները:
Տեղեկատվական հանդիպմանը ներկայացված կլինեն 28 համալսարաններ և ուսումնական հաստատություններ 10 եվրոպական երկրներից։
Կանաչ դրամաշնորհներ վրացական բիզնեսների համար
Վրաստանում Եվրոպական միության պատվիրակությունը, ՄԱԶԾ Վրաստանը և Գյուղական զարգացման գործակալությունը (RDA) գյուղական բնակավայրերի տնային տնտեսություններին և ձեռնարկություններին հրավիրում են մասնակցելու կանաչ դրամաշնորհային ծրագրին:
Դիմել կարող են Կեդայի, Խուլոյի, Բորժոմի, Ախալքալաքի, Թեթրի Ծկարոյի, Կազբեգի, Լագոդեխի կամ Դեդոփլիսծղարոյի վարչատարածքներում գործող ձեռնարկությունները, որոնք նպատակ ունեն խթանել էներգաարդյունավետությունը և վերականգնվող էներգիայի տեխնոլոգիաները:
Ծրագրի համաձայն՝ յուրաքանչյուր համայնքային իշխանություն կֆինանսավորի դրա պայմաններին համապատասխան ներկայացված առաջին 50 հայտերը։
Սույն մրցույթը հայտարարվել է Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղի զարգացման ծրագրի՝ ENPARD-ի շրջանակներում:
Դիմումների ընդունման վերջնաժամկետը հունիսի 10-ն է։
«10 օր» նախագիծն իրականացվում է ԵՄ Արևելյան հարևաններ ծրագրի և Լրատվական ռադիոյի հետ համատեղ:
Վրաստանում ԵՄ ֆինանսավորմամբ ծրագրերից ավելի շատ լուրերի և հնարավորությունների ծանոթանալու համար այցելեք ԵՄ Արևելյան հարևաններ ծրագրի կայք։