Հազարավոր բեռնատարներ են կուտակվել Վրաստանի և Ռուսաստանի սահմանին

Հազարավոր բեռնատարներ են կուտակվել Վրաստանի և Ռուսաստանի սահմանին

ԵՄ պատժամիջոցների հինգերորդ փաթեթի ուժի մեջ մտնելուց հետո էլ ավելի է դժվարացել Եվրոպայից ապրանքների ներկրումը Ռուսաստան։ Ի թիվս այլ  սահմանափակումների , հինգերորդ փաթեթն արգելում է ռուսական և բելառուսական համարներով բեռնատարների մուտքը ԵՄ։ Արդյունքում՝ Թուրքիան դարձել է Ռուսաստան ապրանքների առաքման հիմնական ուղիներից մեկը։

Սակայն թուրքական բեռնափոխադրողները պնդում են, որ չեն կարող օգտվել Ադրբեջանով անցնող ավելի հարմար երթուղուց՝ բարձր վճարների և լաստանավերի ուղեվարձի պատճառով։

Միաժամանակ, Թուրքիայից Ռուսաստան ապրանքներ տեղափոխելու նյութատեխնիկական հնարավորությունները խիստ սահմանափակ են։ Հազարավոր ծանրաքաշ բեռնատարներ պետք է անցնեն Վերին Լարսով, որը միակ ցամաքային սահմանն է և կապում է Ռուսաստանն ու Եվրոպան Վրաստանի հետ, իսկ ավելի հեռու՝ Հայաստանի և Պարսից ծոցի երկրների հետ:

Այժմ ճանապարհին տասնյակ կիլոմետրանոց բեռնատարների շարան է կանգնած։ Այս մասին հայտնում է ռուսական «Ведомости» թերթը՝ հղում կատարելով  փոխադրողներին։

Ռուսաստանում FM Logistic-ի միջազգային բեռնափոխադրումների գնումների բաժնի ղեկավար Եվգենի Դյատլովի խոսքով՝ պատժամիջոցների հինգերորդ փաթեթից հետո Թուրքիայից առաքումը, ըստ էության, դարձել է իրենց հիմնական ուղին։

Մեքենաների կուտակման խնդիրն, ըստ նրա, առկա է արդեն մի քանի ամիս։ Միջին հաշվով, մեկ ծանր բեռնատարի սպասման ժամանակը մոտ 30-40 օր է։

Նշվում է, որ այս պահին Ռուսաստանի Դաշնություն մուտքի թույլտվության է սպասում մինչև 3000 բեռնատար, որոնք բեռներ են տեղափոխում Ռուսաստան Վրաստանից, Թուրքիայից և Հայաստանից։shantnews.am