Կանադայի ֆինանսների նախարար Քրիստիա Ֆրիլանդն առաջարկել է չեղարկել ռուս գործարարների դեմ պատժամիջոցները՝ Ուկրաինայի վերականգնման համար ֆինանսական օգնության դիմաց։ Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Գործակալության զրուցակիցների խոսքով՝ Ֆրիլանդն այս հարցը բարձրացրել է անցյալ շաբաթ G7-ի անդամ երկրների (G7) ֆինանսների նախարարների հանդիպմանը՝ այն «ռուս օլիգարխների» հետ քննարկելուց հետո։ Նրանցից ոմանց Ֆրիլանդը ճանաչում է Մոսկվայում լրագրող լինելու օրերից, որտեղ նա ղեկավարում էր Financial Times-ի մոսկովյան բյուրոն:
Ուկրաինայի ներկայացուցիչները գիտեին այս հարցի քննարկման մասին, ասել է աղբյուրը։ Արևմուտքը, նրա խոսքով, շահագրգռված է տեսնել, որ ռուս օլիգարխները «տարանջատվեն» նախագահ Պուտինից և միևնույն ժամանակ ֆինանսավորեն Ուկրաինային:
Գործակալության զրուցակիցն ընդգծել է, որ թեև սա միայն առաջարկ է, սակայն որոշումներ չեն կայացվել։ Նման տարբերակը, ինչպես նշում է AP-ն, կարող է օգնել վերացնել իրավական խոչընդոտները այն երկրների իշխանությունների համար (օրինակ՝ Գերմանիա), որտեղ սառեցված ակտիվների բռնագրավման ընթացակարգը շատ բարդ է։ Եթե ռուս գործարարները կամովին զիջեն իրենց ունեցվածքի մի մասը արտերկրում, դա կհեշտացնի խնդիրը, կարծում են գործակալության զրուցակիցները։
Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո Եվրամիությունը, ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և այլ երկրներ սկսեցին պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, այդ թվում՝ գործարարների նկատմամբ։ Մինչ օրս դրանց տակ են հայտնվել ռուսական խոշոր բիզնեսի ավելի քան 30 ներկայացուցիչներ։ Եվրահանձնաժողովի տվյալներով՝ ԵՄ երկրները սառեցրել են ռուսաստանցիների ակտիվները՝ գրեթե 10 միլիարդ եվրոյի չափով։