ԵԽ-ն հունիսին կքննարկի Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի դիմումները

ԵԽ-ն հունիսին կքննարկի Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի դիմումները

Եվրախորհուրդը հունիսին կայանալիք նիստում կանդրադառնա Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի կողմից ԵՄ անդամակցության դիմումների խնդրին։

Այս մասին ասված է Եվրոպական խորհրդի նիստի արդյունքներով հայտարարության մեջ։ Այս պահին ԵՄ առաջնորդները սպասում են Եվրահանձնաժողովի եզրակացությանը։

Հայտարարության մեծ մասը նվիրված է Ուկրաինայում տիրող իրավիճակին։

«Եվրախորհուրդը խստորեն դատապարտում է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիվ պատերազմը և կոչ է անում Ռուսաստանին անհապաղ դադարեցնել իր անխտիր հարձակումները խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների վրա, անհապաղ և անվերապահորեն դուրս բերել իր բոլոր զորամասերն ու տեխնիկան Ուկրաինայի ողջ տարածքից»,- ասվում է հայտարարության մեջ։

Եվրախորհուրդը հայտարարել է, որ պատրաստ է ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի և Բելառուսի վրա՝ դադարեցնելու Ռուսաստանի պատերազմն Ուկրաինայի դեմ և կոչ է անում բոլոր երկրներին միանալ ԵՄ պատժամիջոցներին։

«Պատժամիջոցները շրջանցելու կամ Ռուսաստանին այլ կերպ օգնելու ցանկացած փորձ պետք է դադարեցվի»,- ասվում է հայտարարության մեջ։

Եվրոպական խորհուրդը նշում է Ուկրաինային ֆինանսական և հումանիտար օգնության անհրաժեշտությունը և հայտարարում է, որ պատրաստ է Ուկրաինային տրամադրել նոր մակրոֆինանսական օգնություն՝ ինը միլիարդ եվրոյի չափով։