Եվրամիության պատժամիջոցների վեցերորդ փաթեթը սահմանափակումներ է նախատեսում տասնյակ ռուս օլիգարխների նկատմամբ։ Այս մասին ԵՄ գագաթնաժողովից հետո հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, գրում է «European Truth»-ը։
«Մենք որոշել ենք պատժամիջոցների վեցերորդ փաթեթը, որը չափազանց կարևոր է, քանի որ այն թույլ է տալիս պատժամիջոցներ կիրառել 80 օլիգարխի նկատմամբ, անջատել ռուսական գլխավոր Սբերբանկը SWIFT-ից և սահմանափակումներ մտցնել նավթի վրա»,– ասել է Մակրոնը։
Նրա խոսքով, ակնկալվում է, որ մինչեւ տարեվերջ ԵՄ-ն կհրաժարվի ներկրվող ռուսական նավթի 92%-ից։
Հիշեցնենք, որ ԵՄ առաջնորդները գագաթնաժողովում քաղաքական որոշում են կայացրել Ռուսաստանի դեմ նավթային էմբարգո կիրառելու մասին։ Իրավական առումով որոշումը կհաստատվի չորեքշաբթի-հինգշաբթի օրերին։
Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ԵՄ-ն արգելելու է ծովով առաքվող ռուսական նավթի ներկրումը, ինչը կազմում է ռուսական արտահանման 75%-ը։ Բացառություն է արվում խողովակաշարի նավթի համար։
Սակայն Գերմանիան և Լեհաստանը պարտավորվել են դադարեցնել այդ մատակարարումները նաև մինչև տարեվերջ, ուստի նավթի էմբարգոն ծածկելու է դեպի Եվրոպա ռուսական արտահանման 90%-ը։