Պուտինը կժամանի Հայաստան

Պուտինը կժամանի Հայաստան

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 14-ին կայցելի Հայաստան՝ մասնակցելու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) նիստին:

Ինչպես հայտնում է ria.ru-ն՝ Կրեմլի մամուլի ծառայությանը հղումով, միջոցառման շրջանակում առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու ահաբեկչության դեմ պայքարին:

«Հոկտեմբերի 14-ին Վլադիմիր Պուտինը կայցելի Հայաստանի Հանրապետություն՝ մասնակցելու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նիստին: Նախատեսվում է ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտում իրավիճակին, ինչպես նաև կազմակերպության հավաքական անվտանգության համակարգի հետագա կատարելագործմանն առնչվող հարցերի քննարկում: Առանձնակի ուշադրություն է դարձվելու միջազգային ահաբեկչությանը դիմակայելու միջոցներին»,- ասվում է Կրեմլի տարածած հաղորդագրությունում:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հոկտեմբերի 14-ին Երևանում կմասնակցի ՀԱՊԿ անդամ պետությունների արտգործնախարարների խորհրդի նիստին:

Երևանում հոկտեմբերի 14-ին ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստի պատրաստությունների շրջանակում կկայանա ԱԳ նախարարների խորհրդի, ինչպես նաև պաշտպանության նախարարների խորհրդի և ՀԱՊԿ անվտանգության խորհրդի քարտուղարների հանձնաժողովի համատեղ նիստ:

«Տվյալ ձևաչափի մեջ աշխատանքին կմասնակցի Սերգեյ Լավրովը, կքննարկվեն հավաքական անվտանգության համակարգի հետագա կատարելագործման, միջազգային ահաբեկչությանը հակազդելու, ռազմական համագործակցության զարգացման արդի հարցերը, ինչպես նաև մի շարք փաստաթղթեր, որոնք հաստատման կդրվեն կազմակերպության անդամ պետությունների ղեկավարների կողմից»,- նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:

Նյութի աղբյուրը` Tert.am



Opinion, pooling and voting