Եվրոպան նախընտրում է չհամեմատել Հայաստանի ու Վրաստանի ընտրությունները

Եվրոպան նախընտրում է չհամեմատել Հայաստանի ու Վրաստանի ընտրությունները

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեան նախընտրում է ձեռնպահ մնալ Հայաստանի եւ Վրաստանի ընտրությունները համեմատելուց: Այս մասին նա հայտարարել է այսօր՝ հոկտեմբերի 22-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Հիշեցնենք, որ այս տարի եւ Հայաստանում, եւ Վրաստանում տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ: Վրաստանի ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը դեռւես ամփոփիչ զեկույց չի ներկայացրել:

Դեսպան Հրիստեան հիշեցրել է, որ ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը բարձրաձայնել է Եվրամիության կարծիքն այդ հարցում՝ ողջունելով ընտրությունների արդյունքները Վրաստանում: «Սակայն զուգահեռ անցկացնելուց ձեռնպահ կմնամ: Յուրաքանչյուր պետության պետք է առանձին գնահատել՝ այդ երկրում իրավիճակի ֆոնին, իր պարտավորությունների կատարման տեսանկյունից եւ ելնելով ընտրությունների միջազգային չափանիշներին համապատասխանությունից»,-ասել է ԵՄ դեսպանը:Իր հերթին, Երեւանում ԵԱՀԿ գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինն ընդգծել է, որ ընտրությունները համեմատելը բավական բարդ է, եւ այստեղ, եւ այնտեղ կան թե դրական, թե բացասական օրինակներ: «Կարծում եմ, որ Վրաստանում չի հաղթել եւ չի պարտվել ինչպես երկրի նախագահը, այնպես էլ այդ պաշտոնի հավակնորդը, հաղթել է Սահմանադրությունը»,-հայտարարել է դեսպանը, հիշեցնելով, որ երբ Վրաստանում հայտնի դարձան ընտրությունների արդյունքները, Միխայիլ Սահակաշվիլին ընդունեց իր պարտությունը:«Պետք է, երեւի, քաջություն ունենալ, որպեսզի ընդունել պարտությունը եւ հայտարարել նոր կառավարության եւ Իվանիշվիլիի հետ համագործակցելու պատրաստակամության մասին»,-ընդգծել է Սորոկինը: Նա նաեւ հիշեցրել է, որ հենց Սահակաշվիլին էլ Իվանիշվիլիին զրկել Վրաստանի քաղաքացիությունից: «Սահմանադրական հիմքերի ամրապնդման տեսանկյունից ընտրությունները Վրաստանում հաջող են անցել»,-ասել է դեսպանը, միաժամանակ հավելելով, որ ասվածը չի նշանակում, որ այդ ընտրություններն անբիծ են անցել:/news.am/



Opinion, pooling and voting