ԵՄ-ն կսխալվի, եթե հրաժարվի Վրաստանին թեկնածուի կարգավիճակ տալ, հայտարարել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Բրատիսլավայում Գլոբալ անվտանգության ֆորումի ժամանակ (GLOBSEC):
«Պատկերացնենք, որ ԵՄ-ն մեզ թեկնածուի կարգավիճակ չի տվել, ո՞ւմ կուրախացնի այս որոշումը։ Միայն Ռուսաստանին»,- ասել է Ղարիբաշվիլին։
Նա նշել է, որ նույնը վերաբերում է Ուկրաինային ու Մոլդովային։
«Կարծում եմ, որ մենք պետք է համոզենք մեր եվրոպացի ընկերներին թեկնածուի կարգավիճակ շնորհել բոլոր երեք երկրներին… Սա պատմական պահ է։ Հերթը ԵՄ-ինն է, նա պետք է որոշի, թե արդյոք Եվրոպան այս դժվարին ժամանակաշրջանում կանգնած է իր դաշնակիցների, գործընկերների և համախոհների կողքին»,- ասել է կառավարության ղեկավարը։
Ղարիբաշվիլին ընդգծել է, որ Վրաստանը միշտ առաջնագծում է եղել Արևելյան գործընկերության երկրների շարքում՝ մինչ այժմ կատարելով ասոցացման համաձայնագրի 45%-ը և հաջողությամբ առաջ է շարժվել ազատ առևտրի համաձայնագրով։
Նրա խոսքով՝ Վրաստանի թեկնածուի կարգավիճակը կդառնա «երկրի համար բարեփոխումները շարունակելու լրացուցիչ մոտիվացիա եւ խրախուսանք»։
«Վրաստանն այն երկիրը չէ, որը միշտ անարժանաբար ինչ-որ բան է խնդրում։ Ընդհակառակը, մենք միջնորդներ ենք… Մենք՝ վրացիներս և Վրաստանը, միշտ այնտեղ ենք, որտեղ դա պետք է Եվրոպային, որտեղ դա պետք է աշխարհին և միջազգային հանրությանը»,- ասել է վարչապետը՝ հիշելով երկրի ներդրումը Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում, Իրաքի գործողություններում և Աֆղանստանում։