Հունիսի 3-ին, Ախալքալաքի մարզահամալիրում ռուսաստանաբնակ Էդգար Արամյանը, ով արմատներով Ծալկայից է, պատվորգրեր և դրամական պարգև հանձնեց Եվրոպայի չեմպիոններ Գոռ Այվազյանին և Արտյուշ Գոմցյանին, ինչպես նաև մարզիչ՝ Ատոմ Էլիզբարյանին։
Կարևորելով սպորտի դերը մատաղ սերնդի դաստիարակության գործում բարերարը որոշել է խրախուսել երիտասարդ մարզիկներին: 1000 ԱՄՆ դոլլար նվիրեց Գոռ Այվազյանին (խմբ. անձնական մարզիչ՝ Գագիկ Էլիզբարյան), 5000 ԱՄՆ դոլլար Արտյուշ Գոմցյանին և 1000 ԱՄՆ դոլլար Վրաստանի վաստակավոր մարզիչ՝ Ատոմ Էլիզբարյանին, ով նաև Արտյուշ Գոմցյանի անձնական մարզիչն է։
«Առաջին հերթին իմ ջերմ ողջյուններս Ջավախքի ժողովրդին։ Մեկ ամիս առաջ Գոռ Այվազյանը հաղթեց, շատ-շատ ուրախացա, այնուհետև Արտյուշի հաղթանակը։ Երբ Արտյուշի մենամարտն ավարտվեց դահլիճի կեսը դատարկվեց, քանի որ ախալքալաքցիներն ու ծալկացիներն էին։ Հիշեք, կյանքում ընկնելը ահավոր չէ, ահավոր է, երբ ընկնելուց չես կարող բարձրանալ։ Միշտ առաջ: Շնորհակալ եմ Ձեզ չեմպիոններ, Ձեր ծնողներին, մարզիչին, իմացեք ոչինչ հենց այնպես չի լինում», – ասաց Էդգար Արամյանը:
Բարերարի ցանկությունն է ուշադրության կենտրոնում պահել և գնահատել մարզիկներին:
«Մեր մարզիկները փայլուն հաղթանակներ գրանցեցին, պետք է խրախուսենք, որպեսզի երիտասարդներն իմանան, որ ուշադրության կենտրոնում են, և լինեն օրինակ հաջորդ սերունդների համար: Սա մեր պարտականությունն է»,- նշեց բարերարը:
Չմոռանալով «բեմի» հետևում գտնվող մարդկանց, ովքեր տքնաջան աշխատանք են տանում և մշտապես մարզիկների կողքին են բարերարը իր շնորհակալությունը հայտնեց նաև Վրաստանի վաստակավոր մարզիչ Ատոմ Էլիզբարյանին:
«Մենք հաճախ տեսնում ենք թատրոնը, չենք տեսնում գեղարվեստական ղեկավարին, չենք տեսնում ինչ է կատարվում բեմի հետևում: Շատ մեծ աշխատանք են տանում մարզիչները, բոլորիդ խորին շնորհակալություն։ Մեկ, երկու չեմպիոնը քիչ է, հինգ, տաս պետք է ունենաք», – իր շնորհակալական խոսքում ասաց Էդգար Արամյանը։
Էլիզբարյանը նույնպես նշեց, որ Արամյանը արդեն տարիներ շարունակ կանգնած է իրենց կողքին և ուժ է տալիս:
Նվերների հանձմանը ներկա էին Ախալքալաքի սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը, քաղաքապետի տեղակալ Մկրտիչ Մղդեսյանը, քաղաքապետարանի այլ աշխատակիցներ, մարզահամալիրի սաներ, մարզիչներ և այլք։jnews.ge