«Արևելյան գործընկերության (ԱլԳ) Եվրոպական դպրոց» ծրագիրն այսօր նշում է ԱլԳ վեց երկրների ուսանողների երրորդ խմբի ավարտականը, որը կազմակերպել է Նոր դպրոցը (Վրաստանի միջազգային դպրոց) Թբիլիսիի Ռուսթավելիի թատրոնում։
Կրթաթոշակային ծրագրի 2022 թվականի ավարտական դասարանը ներառում է 40 ուսանող Հայաստանից, Ադրբեջանից, Բելառուսից, Վրաստանից, Մոլդովայից և Ուկրաինայից: Բոլոր ուսանողները, որոնցից 27-ը՝ աղջիկներ, հաջողությամբ ավարտել են Միջազգային բակալավրիատի (ՄԲ) դիպլոմային ծրագիրը և իրենց բարձրագույն կրթությունը կշարունակեն Եվրոպայի, Միացյալ Նահանգների, Կանադայի և իրենց հայրենի երկրների համալսարաններում: Շրջանավարտների 30 տոկոսը աշխարհի հայտնի համալսարաններից ստացել են ամբողջական կամ մասնակի կրթաթոշակներ և կմիանան Ֆրանսիայում, Բելգիայում, Ավստրիայում, Հունգարիայում, Իտալիայում, Լիտվայում, Նիդերլանդներում, Քաթարում, Միացյալ Նահանգներում և Կանադայում իրենց հասակակիցներին:
2018 թվականին կրթաթոշակային ծրագրի մեկնարկից ի վեր ԵՄ ֆինանսավորմամբ երկամյա կրթաթոշակ է շնորհվել արևելյան գործընկեր 6 երկրների տարբեր քաղաքային և գյուղական բնակավայրերից 145 ուսանողների՝ միջազգային բակալավրիատի դիպլոմային ծրագրի շրջանակում կրթություն ստանալու համար: 2022թ. դրությամբ Եվրոպական դպրոցն ավարտել է երեք խումբ՝ բաղկացած 105 ուսանողներից (72 աղջիկ և 33 տղա), որոնք, ավարտելով ՄԲ դիպլոմային ծրագիրը, շարունակել են զարգացնել իրենց կարիերան բազմապիսի ոլորտներում՝ տնտեսագիտություն, կենսաքիմիական ճարտարագիտություն, ֆիզիկա, սոցիալական գիտություններ, արվեստ և մշակույթ, հաղորդակցություն և մեդիա, միջազգային և գլոբալ հարաբերություններ, բժշկագիտություն, իրավունք, ազատ արվեստ և համակարգչային գիտություններ: 39 ուսանողից բաղկացած մեկ այլ խումբ կավարտի հաջորդ տարի, մինչդեռ այս տարի կհավաքագրվի ուսանողների հաջորդ խումբը՝ 2023-2025 ուսումնական տարվա համար:
«Արևելյան գործընկերության Եվրոպական դպրոցը» դրոշակակիր ծրագիր է և մեկն է Արևելյան գործընկերության համար սահմանված 2020 թվականի համար 20 թիրախային արդյունքներից: Այն ԱլԳ երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի համար Եվրոպական միության (ԵՄ) մշակած ավելի լայն նախաձեռնություն է, որը նախատեսված է երիտասարդության կարիքները հոգալու համար ու կենտրոնացած է միջնակարգ կրթության վրա: Ծրագիրը մրցունակ և արժանիքների վրա հիմնված կրթաթոշակային ծրագրի միջոցով Եվրոպական ուսումնասիրությունների ուղղվածությամբ բարձրորակ կրթություն է առաջարկում ԱլԳ 6 երկրների ավագ դպրոցի բարձր առաջադիմություն ունեցող աշակերտներին: Ակնկալվում է, որ ծրագիրը կբարձրացնի ուսանողների կրթության և զբաղվածության հնարավորությունները՝ խթանելով համագործակցությունը, բազմամշակութային ըմբռնումը, հանդուրժողականությունը և հիմնարար արժեքները և նպաստելով ԵՄ-ի և տարածաշրջանում նրա ներգրավվածության ավելի լավ ըմբռնմանը:
Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության (ԵՄ) կողմից: Այն իրականացնում է Ծրագրային ծառայությունների գրասենյակը (UNOPS)` Նոր դպրոցի (Վրաստանի միջազգային դպրոց), Վրաստանի կրթության և գիտության նախարարության և Միջազգային բակալավրիատի (ՄԲ) կազմակերպության հետ համագործակցությամբ:
ԵՄ-ն մեկնարկում է Վրաստանում ճանապարհային անվտանգության կառավարմանն ուղղված նոր Թվինինգ ծրագիր
ԵՄ-ն մեկնարկել է նոր Թվինինգ ծրագիր՝ օգնելու Վրաստանին բարելավել ինստիտուցիոնալ մակարդակում ճանապարհային անվտանգության քաղաքականություն մշակելու իր կարողությունները: Նախաձեռնությունը կբարելավի նաև վթարների մասին տվյալների հավաքագրման և վերլուծության մեթոդների որակը:
«Աջակցություն ճանապարհային անվտանգության համապարփակ տվյալների շտեմարանի ստեղծմանը և ճանապարհային անվտանգության կառավարման հետագա կատարելագործմանը Վրաստանում» ծրագիրն ունի 1,3 միլիոն եվրո բյուջե և կտևի երկու տարի:
«Ամեն տարի Վրաստանում, ցավոք, շատ մարդիկ են զոհվում կամ վնասվածքներ ստանում ճանապարհատրանսպորտային պատահարների պատճառով։ Ելնելով ԵՄ փորձից՝ կան հստակ հնարավորություններ իրավիճակը բարելավելու և նման դեպքերի թիվը նվազեցնելու համար։ Լեհ և լիտվացի գործընկերների կողմից իրականացվող այս Թվինինգը՝ Վրաստանում ավելի անվտանգ ճանապարհների կառուցմանն ուղղված ԵՄ աջակցության հետ միասին, թույլ կտա ավելի լավ և անվտանգ ճանապարհային պայմաններ ապահովել երկրում», – ասել է Վրաստանում Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչ Ալեքսանդր Դարասը:
Թվինինգ ծրագիրը կբարելավի ճանապարհային անվտանգության էլեկտրոնային տվյալների շտեմարանները՝ ճանապարհային անվտանգության տվյալների կառավարման մեջ ներգրավված համապատասխան անձնակազմի կարողությունների զարգացման միջոցով: Այն նաև կօգնի Վնասվածքաբանության ազգային ռեգիստրի և համապատասխան ազգային գործակալությունների տվյալների կառավարման արդյունավետ համակարգի ստեղծմանը:
Վրաստանում ԵՄ դեսպան Հարցելը Գորիում հանդիպում է ունեցել ԵՄ կանաչ նախաձեռնությունների հետ
Վրաստանում ԵՄ դեսպան Կարլ Հարցելը եղել է Գորիում՝ ԵՄ-ի կողմից աջակցվող և Կովկասի բնապահպանական ՀԿ-ների ցանցի (CENN) կողմից իրականացվող մի շարք կանաչ նախաձեռնություններին այցելելու նպատակով։
Դեսպանը Innovation Knowledge Hub-ում հանդիպեց երիտասարդ ակտիվիստներին ու նրանց հետ քննարկեց Գորիում նախատեսված սոցիալական արշավները և կանաչ տնտեսական նախաձեռնությունները:
Նա նաև եղավ «Leader» կարի սոցիալական ձեռնարկությունում, որը տարածաշրջանի առաջին ընկերություններից մեկն է, որ տեքստիլ թափոնների վերամշակման ռազմավարություն է մշակել։ Ներկայումս այն վերամշակում է ամսական երկու տոննա տեքստիլ, որը հակառակ դեպքում կվերածվեր աղբի: Ընկերությունը աջակցություն է ստացել ԵՄ-ի «EU4Youth` Սոցիալական ձեռներեցության էկոհամակարգի զարգացում» (SEED) ծրագրի, ինչպես նաև EU4Business (ԵՄ-ն՝ բիզնեսի համար) ծրագրի շրջանակներում:
Կարլ Հարցելն ընդգծել է, որ Եվրոպական միությունը հատուկ ուշադրություն է դարձնում տեղական բիզնեսների հետ համատեղ աշխատանքին՝ օգնելու բարելավել իրենց աշխատանքը, զարգացնել նոր գաղափարներ և ստեղծել նոր աշխատատեղեր. «Նախաձեռնությունները, ուր ես այսօր այցելեցի CENN-ի հետ միասին, այդպիսի ջանքերի հիանալի օրինակներ են, այդ թվում՝ աշխատաշուկան խոցելի խմբերի մարդկանց համար բարելավելու առումով»:
Կարլ Հարցելը՝ Վրաստանի անկախության օրվա առթիվ. «ԵՄ-ն բարձր է գնահատում Վրաստանի հետ իր սերտ կապերը»
Վրաստանում Եվրոպական միության դեսպան Կարլ Հարցելը շնորհավորել է Վրաստանի ժողովրդին անկախության օրվա առթիվ՝ ասելով, որ ԵՄ-ն անդրդվելի է Վրաստանի անկախության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության աջակցության հարցում:
Նա հավելել է, որ այս դժվարին ժամանակներում ԵՄ-ն համերաշխ է ոչ միայն Ուկրաինայի, այլև Վրաստանի հետ և փայփայում է իրենց միջև գոյություն ունեցող խորը կապերը։ «Կապեր, որոնք մենք ցանկանում ենք ավելի ամրապնդված տեսնել»:
Հարցելը նաև հիշեցրել է, որ այս տարվա մարտի 3-ին Վրաստանի կառավարությունը ԵՄ անդամակցության հայտ է ներկայացրել, «որն արտացոլում է նրա բնակչության ճնշող մեծամասնության ձգտումները»։
«Վրաստանը կատարել է իր պատմական արժեքների վրա հիմնված ընտրություն։ Այժմ այն պահն է, երբ Վրաստանը պետք է եվրոպական այս ուղով ընթանալու իր հաստատակամությունն ի ցույց դնելու վճռականություն դրսևորի», – ասել է Հարցելը:
Շառլ Միշելը եռակողմ հանդիպում է ունեցել Հայաստանի վարչապետ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ
Մայիսի 22-ին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն ընդունել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։
Սա երրորդ քննարկումն էր այս ձևաչափով, որի շրջանակում կողմերը կենտրոնացել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակին, ինչպես նաև երկու երկրների և ավելի լայն տիրույթում՝ տարածաշրջանի հետ ԵՄ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի վրա։
Ըստ Շառլ Միշելի՝ քննարկումն «անկեղծ էր և արդյունավետ»։
Կողմերը ձեռք են բերել հետևյալ արդյունքները.
Սահմանային խնդիրներ
Առաջիկա օրերին տեղի կունենա միջպետական սահմանին նվիրված Սահմանային հանձնաժողովների առաջին համատեղ նիստը։ Նիստը կքննարկի սահմանի սահմանազատման և կայուն իրավիճակը լավագույնս ապահովելու հետ կապված բոլոր հարցերը։
Միակցվածություն
Առաջնորդները համաձայնել են, որ անհրաժեշտ է շարունակել տրանսպորտային կապերի ապաշրջափակմանն ուղղված աշխատանքները։ Նրանք համաձայնություն են ձեռք բերել Արևմտյան Ադրբեջանի և Նախիջևանի, Ադրբեջանի տարածքով Հայաստանի տարբեր շրջանների միջև տարանցման ուղիների, ինչպես նաև երկու երկրների հաղորդակցության ենթակառուցվածքների միջոցով միջազգային տրանսպորտի սկզբունքների շուրջ։ Ուշագրավ է, որ նրանք համաձայնել են սահմանային վարչարարության, անվտանգության սկզբունքների, հողի տուրքերի, ինչպես նաև մաքսային սկզբունքների շուրջ՝ միջազգային տրանսպորտի համատեքստում:
Խաղաղության համաձայնագիր
Առաջնորդները պայմանավորվել են առաջ մղել Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունները կարգավորող ապագա խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումները։ Առաջիկա շաբաթների ընթացքում աշխատանքային խմբերը ԱԳ նախարարների գլխավորությամբ խթան կհաղորդեն այս գործընթացին։
Սոցիալ-տնտեսական զարգացում
ԵՄ-ն երկու կողմերի հետ կշարունակի Տնտեսական խորհրդատվական խմբի աշխատանքները, որի նպատակն է ապահովել տնտեսական զարգացում` ի շահ երկու երկրների և նրանց ժողովուրդների:
Նույն ձևաչափով հաջորդ հանդիպումը նախատեսված է ս.թ. հուլիսին կամ օգոստոսին։
Սույն մրցույթը հայտարարվել է Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղի զարգացման ծրագրի՝ ENPARD-ի շրջանակներում:
Դիմումների ընդունման վերջնաժամկետը հունիսի 10-ն է։
Մայիսի 30-ին Եվրոպական խորհուրդը Բրյուսելում կայացած երկօրյա նիստի ժամանակ համաձայնեցրեց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթը։
Այն վերաբերում է Ռուսաստանից ԵՄ անդամ երկրներ մատակարարվող հում նավթին, ինչպես նաև նավթամթերքին: Պատժամիջոցներն անմիջապես կազդեն ռուսական նավթի ներկրման 75%-ի վրա, իսկ մինչև տարեվերջ կարգելվի Եվրոպա ներկրվող ռուսական նավթի 90%-ը։
«Սա անմիջապես վերաբերում է Ռուսաստանից ներկրվող նավթի ավելի քան 2/3-ին՝ կրճատելով նրա ռազմական մեքենայի ֆինանսավորման հսկայական աղբյուրը», – Twitter-ում գրել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը՝ հավելելով. «Առավելագույն ճնշում Ռուսաստանի վրա՝ պատերազմը դադարեցնելու համար»։
Խորհուրդը համաձայնել է, որ ժամանակավոր բացառություն կարվի խողովակաշարով մատակարարվող հում նավթի համար։ Մատակարարման հանկարծակի ընդհատումների դեպքում կձեռնարկվեն արտակարգ միջոցառումներ մատակարարման անվտանգությունն ապահովելու համար։
Ըստ Շառլ Միշելի, այս պատժամիջոցների փաթեթը ներառում է այլ կոշտ միջոցներ՝ ռուսաստանյան խոշորագույն բանկի՝ «Սբերբանկ»-ի դե-սվիֆթինգ, ՌԴ ևս երեք պետական հեռարձակողների արգելափակում, ինչպես նաև Ուկրաինայում ռազմական հանցագործությունների համար պատասխանատու անձանց նկատմամբ պատժամիջոցների կիրառում։
Եվրոպական միությունը նաև հայտարարել է, որ կշարունակի աջակցություն ցուցաբերել Ուկրաինային՝ վերջինիս հումանիտար, իրացվելիության և վերակառուցման կարիքները բավարարելու նպատակով: Խորհուրդը համաձայնել է «աշխատել Ուկրաինային մինչև 9 միլիարդ եվրոյի չափով մակրոֆինանսական օգնության նոր փաթեթ տրամադրելու մեխանիզմի վրա», – հավելել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը:
Եվրոպական խորհուրդը նաև ողջունել է Խաղաղության եվրոպական հիմնադրամի շրջանակներում Ուկրաինային ուղղվող ռազմական աջակցությունն ավելացնելու և Եվրոպական միություն ուկրաինական բոլոր արտահանումների համար մեկ տարով ներմուծման մաքսատուրքերը դադարեցնելու վերջին որոշումները:
Եվրոպական խորհուրդը նաև ընդգծել է Մոլդովային ցանկացած համապատասխան աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտությունը՝ արձագանքելու էներգետիկ և տնտեսական ճգնաժամերին, ինչպես նաև պատերազմի հետևանքով առաջացած միգրացիոն ճնշումներին: Խորհուրդը նաև կրկնել է Բելառուսում բռնաճնշումները դադարեցնելու իր կոչը և հիշեցրել Բելառուսի ժողովրդի նոր, ազատ և արդար ընտրություններ անցկացնելու ժողովրդավարական իրավունքի մասին։
Եվրոպական միության կողմից համաֆինանսավորվող Creative FLIP նախաձեռնությունը հայտարարում է բաց մրցույթ Արևելյան գործընկերության բոլոր երկրների մշակութային և ստեղծագործական կազմակերպությունների և կառույցների համար:
Սա հնարավորություն է մշակութային, երիտասարդական կենտրոնների, թատրոնների, ասոցիացիաների, ստեղծագործական կենտրոնների, ստեղծագործական տարածքների և համապատասխան ոլորտի իրավաբանական կազմակերպությունների (ստեղծագործական միջնորդների) համար՝ տարրական կամ միջնակարգ դպրոցի հետ համատեղ ծրագրի միջոցով երեխաներին արվեստով հետաքրքրելու նպատակով:
Հաջողակ դիմորդներն 9-ամսյա ծրագրի համար կստանան կազմակերպչական աջակցություն և 7,500 եվրո, որը միաժամանակ երեխաներին կծանոթացնի մշակութային և ստեղծագործական ոլորտներում աշխատանքին և կօգնի նրանց զարգացնել իրենց տաղանդները:
Դիմումների ընդունման վերջնաժամկետը հունիսի 6-ն է։
Այս ուսումնական լաբորատորիայի (Learning Lab) ծրագիրն առաջարկող Creative FLIP նախաձեռնությունը համաֆինանսավորվում է ԵՄ-ի և Գյոթե ինստիտուտի գլխավորությամբ հինգ գործընկերներից բաղկացած կոնսորցիումի կողմից:
Վրաստան. մեդիա մրցույթ Գուրիայի լրագրողների և բլոգերների համար
Վրաստանում Եվրոպական միության պատվիրակությունը հրավիրում է Գուրիայի մարզի ԶԼՄ-ների ներկայացուցիչներին, քաղաքացիական լրագրողներին և բլոգերներին՝ մասնակցելու մեդիա մրցույթին:
Մրցույթն անցկացվում է Գուրիայի տարածքային կենտրոնի կողմից և նպատակ ունի հզորացնել տեղական քաղաքացիական հասարակության կազմակերպությունները:
Մրցույթին մասնակցելու համար խնդրում ենք ներկայացնել Գուրիայի մարզային լրատվամիջոցներում հրապարակված ձեր նյութերը: Հրապարակումները պետք է արտացոլեն քաղաքացիական ակտիվիստների աշխատանքը՝ կապված սոցիալական խնդիրների, քաղաքացիական ակտիվության և քաղաքացիական պատասխանատվության հետ։
Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2022 թվականի հուլիսի 20-ը։
Լավագույն աշխատանքները կստանան 300 վրացական լարիի նվեր վկայական:
EU4Youth-ն ընդունում է հետաքրքրվածության հայտեր Վրաստանի 3 մունիցիպալիտետներում՝ Գորիում, Նինոծմինդայում և Ախմետայում իր նոր նորարարական գիտելիքների կենտրոններին միանալու համար։
Հայտերի ընդունումը կազմակերպվել է CENN-ի (Կովկասի բնապահպանական ՀԿ-ների ցանց) կողմից՝ «EU4Youth՝ Սոցիալական ձեռներեցության էկոհամակարգի զարգացում՝ կանաչ առաջընթացի համար» ծրագրի շրջանակում՝ Կախեթի տարածքային զարգացման հիմնադրամի (KRDF), Հասարակության զարգացման ասոցիացիայի, «Բիլիկի» ընկերակցության և Նինոծմինդայի երիտասարդական կենտրոնի հետ համագործակցությամբ։
Նորարարական գիտելիքների կենտրոնները նախատեսված են 14-ից 29 տարեկան երիտասարդների համար, ներառյալ «Նի-Նի» սերնդի ներկայացուցիչներին (բառացի՝ «ոչ սովորում են, ոչ էլ աշխատում, ոչնչով չեն զբաղվում»), էմիգրանտներին, հաշմանդամություն ունեցող անձանց, սահմանամերձ համայնքներում բնակվող երիտասարդներին, էթնիկ փոքրամասնություններին, կանանց և աղջիկներին, ինչպես նաև Գորիի, Նինոծմինդայի և Ախմետայի վարչական շրջաններում բնակվող երիտասարդների այլ խոցելի խմբերին։ Դրանք մասնագիտացած են սոցիալական ձեռներեցության ոլորտում նորարարական կանաչ գաղափարների ուղղությամբ:
Կենտրոնները երիտասարդներին ապահովում են համակարգչային սարքավորումներով (տպիչներ, հեռուստացույցներ և համակարգիչներ) լիովին կահավորված տարածքով, ինչպես նաև հանդիպումներին, դասընթացներին և անձնային զարգացմանն ուղղված միջոցառումներին ներկա գտնվելու հնարավորությամբ։
Նորարարական գիտելիքների կենտրոնների շրջանակներում խոցելի երիտասարդներին աջակցում են կարողությունների զարգացմանն առնչվող գործողություններ և բնապահպանական արշավներ իրականացնել իրենց համայնքներում: Բացի ինքնակազմակերպված միջոցառումներից, երիտասարդները կկարողանան մասնակցել դասընթացների հետևյալ թեմաներով՝
Եթե ցանկանում եք միանալ կենտրոններում իրականացվող բոլոր ընթացիկ աշխատանքներին, խնդրում ենք հետևել հղմանը և լրացնել անդամների գրանցման ձևաթուղթը:
Ինչ վերաբերում է ընտրության գործընթացին, առաջնահերթություն է տրվելու Գորիի կամ Նինոծմինդայի մունիցիպալիտետների բնակիչներին: Որպես կենտրոնի անդամ ընտրելու հիմնական չափանիշ է դիտվում անձնական մոտիվացիան։
Եթե դուք կամ ձեր կազմակերպությունը, դպրոցը, համալսարանը/քոլեջը կամ նախաձեռնող խումբը ցանկություն ունեք օգտվել Նորարական գիտելիքների կենտրոնների հնարավորություններից և դրանց ռեսուրսներից՝ ձեր նախաձեռնությունները, հանդիպումները և թեմատիկ դասընթացներն իրականացնելու համար, խնդրում ենք հետևել հղմանը և լրացնել հայտի ձևը:
Հաշվի առնելով COVID-19-ի ներկայիս իրավիճակը՝ բոլոր գործողություններն ի սկզբանե կկազմակերպվեն առցանց։ Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2022 թվականի դեկտեմբերի 31-ը։
«10 օր» նախագիծն իրականացվում է ԵՄ Արևելյան հարևաններ ծրագրի և Լրատվական ռադիոյի հետ համատեղ:
Վրաստանում ԵՄ ֆինանսավորմամբ ծրագրերից ավելի շատ լուրերի և հնարավորությունների ծանոթանալու համար այցելեք ԵՄ Արևելյան հարևաններ ծրագրի կայք։