Հայտնի է հերթական ընդհանուր մարդահամարի ժամկետը

Հայտնի է  հերթական ընդհանուր մարդահամարի ժամկետը

Վրաստանի բնակչության հաջորդ համընդհանուր մարդահամարը կանցկացվի 2024 թվականի վերջին, հայտնել է Վրաստանի կառավարության վարչակազմի մամուլի ծառայությունը։

Համապատասխան որոշումն ընդունվել է մարդահամարի կառավարության համակարգող խորհրդի առաջին նիստում, որը երկուշաբթի տեղի է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորությամբ։

«Մարդահամարի արդյունքում կստացվի բնակչության թվաքանակի, տարիքային և սեռի կառուցվածքի, զբաղվածության, կրթության, առողջական վիճակի և բնակարանային պայմանների վերաբերյալ վերջին տեղեկատվությունը»,- ասված է կառավարության հաղորդագրությունում։

Նիստում Ազգային վիճակագրական ծառայությունը հանձնաժողովի հաստատմանն է ներկայացրել 2024 թվականի մարդահամարի ծրագիրը, որը ներառում է հիմնական սկզբունքները, մեթոդաբանությունը և կազմակերպչական խնդիրները։

Կառավարության համակարգող խորհրդի որոշմամբ՝ մարդահամարի հետ մեկտեղ կիրականացվի գյուղատնտեսական հաշվառում, որի արդյունքներով սոցիալական և ժողովրդագրական տվյալների հետ կհավաքագրվի տեղեկատվություն տնային տնտեսությունների գյուղատնտեսական գործունեության մասին։

Վրաստանի կառավարության որոշմամբ ստեղծվել է մարդահամարի կառավարական համակարգող հանձնաժողով։ Այն բաղկացած է պետական ​​գերատեսչությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներից։

Վրաստանում առաջին համազգային մարդահամարն անցկացվել է 2002 թվականին։ 2002 թվականի հունվարի 17-ի դրությամբ Վրաստանում ապրում էր 4 միլիոն 371,5 հազար մարդ՝ բացառությամբ Աբխազիայի և Ցխինվալիի շրջանի:

Երկրորդ ընդհանուր համապետական ​​մարդահամարը տեղի է ունեցել 2014 թվականին։ Վրաստանի բնակչությունը 2014 թվականի նոյեմբերի 5-ի դրությամբ կազմում էր 3 729 635 մարդ։