Եվրախորհրդարանն այս շաբաթ կքննարկի Վրաստանի նախկին վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի և որոշ վրացի դատավորների դեմ անհատական պատժամիջոցներ կիրառելու առաջարկով։
Բանաձեւն առաջարկել է Եվրախորհրդարանի ամենամեծ խմբակցությունը՝ պահպանողական Եվրոպական ժողովրդական կուսակցությունը (ԵԺԿ): Խոսքը վերաբերում է Վրաստանում ԶԼՄ-ների ազատության և լրագրողների անվտանգության ոտնահարմանը։ Փաստաթղթից հատվածներ հրապարակում է Ազատություն ռադիոկայանի վրացական ծառայությունը։
«Հաշվի առնելով, որ «Վրացական երազանքի» հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին խարխլում է երկրի ժողովրդավարական համակարգը, ինչպես նաև դատավորներին և դատախազներին, որոնք խանդավառությամբ կիրառում են ընտրովի արդարադատություն, նրանց նկատմամբ պետք է կիրառվեն նպատակաուղղված անձնական պատժամիջոցներ»,- ասված է բանաձևի նախագծում։
Բանաձևի հեղինակները թվարկում են Վրաստանում անցած տարվա ընթացքում լրատվամիջոցների ազատության ոլորտում տեղի ունեցած առանցքային իրադարձությունները՝ 2021 թվականի հուլիսի 5-ին Թբիլիսիում լրագրողների վրա հարձակումներ, ընդդիմադիր Mtavari հեռուստաալիքի գործադիր տնօրեն Նիկա Գվարամիայի ձերբակալությունը, մամուլի ազատության ինդեքսում երկրի դիրքերի կորուստը և այլն։ Նրանք կոչ են անում վրացական իշխանություններին իրականացնել լրագրողների դեմ հանցագործությունների լիարժեք հետաքննություն։
Բանաձեւի այլ դրույթներ.
Բանաձեւի նախագծի տեքստը վերջնական չէ։ Հինգշաբթի՝ հունիսի 9-ին նշանակված քվեարկությունից առաջ այն կարող է փոփոխվել Եվրախորհրդարանում ներկայացված մյուս կուսակցությունների նախաձեռնությամբ։ Հայտնում է newsgeorgia-ն։