Նինոծմինդայի Կլոր լճի անլուծելի թվացող հիմնախնդիրները

Նինոծմինդայի Կլոր լճի անլուծելի թվացող հիմնախնդիրները

Սամցխե-Ջավախեթիի շրջանի Նինոծմինդա քաղաքում գտնվող Կլոր լճի հարցը երկար ժամանակ է անհանգստացնում է բնակիչներին։ Գրում է aliq.ge-ն:

Դեռևս տարիներ առաջ սկսված խնդիրների շղթան օրեցօր ավելանում է, սկսած ջրի տարածքը թափոններով աղտոտումից, ջրի մակարդակի նվազումից, որը հանգեցրել է ձկների ոչնչացմանը, մինչև՝ հարակից տարածքների «ապօրինի» սեփականացում։

Լճի հիմնախնդիրներով հետաքրքրված անձինք տարիների ընթացքում փորձել են որոշ չափով օգնել լճի բարեկարգմանը, արդյունքում ձևավորվել է ակտիվիստների մի խումբ, որը ըստ բնակիչների՝ գլխավորել է բժիշկ, քաղաքացիական ակտիվիստ Սոցկար Փութուլյանը։ Նրանք իրականացրել են աղբահանություն, ինչպես նաև դիմել են տեղական ինքնակառավարման մարմիններին, սակայն՝ ապարդյուն։ 

Լճի խորությունը տատանվում է 2,5-3 մ՝ ներկայումս 2,5 մ է, իսկ մակերեսը խիստ փոփոխական է` կախված ջրի մակարդակից: Փութուլյանի խոսքով՝ լճի ներկայիս մակերեսը 5 հեկտար է։ Առաջ նույն ջրի մակերեսը 7,5-8 հեկտար էր։

Նինոծմինդացիները բազմիցս բողոքել են այս հարցով՝ նշելով, որ լիճը հետզհետե ճահճուտի է վերածվում։ Փութուլյանի խոսքով՝ առաջին աշխատանքներն իրականցվել են այս հարցով մտահոգված երիտասարդների խմբի հետ միասին, ովքեր տեղական ինքնակառավարման մարմինների օգնությամբ կատարել են նախ աղբահանման, այնուհետև՝ ջրի մակարդակի բարձրացման աշխատանքներ։

Ջրի մակարդակի իջեցումը հանգեցնում էր լճի կենդական աշխարհի հետ կապված լուրջ վնասների, ձկները նետվում էին ափ ու սատկում։

«Այնուհետև, երբ խնդիրը որոշ չափով լուծվեց, առաջ եկավ նոր խնդիր՝ ափամերձ տարածքների ապօրինի սեփականաշնորհման խնդիրը, որոշ հողերի սեփականատերեր սկսեցին բողոքել, քանի որ ջրի մակարդակի բարձրացման հետ մեկտեղ հողերն անցնում են ջրի տակ», — ասում է Փութուլյանը։

Վերջերս նաև Նինոծմինդայի քաղաքապետարանի կողմից հայտարարվեց Կլոր լճի հետ կապված նախագծերի մրցույթ: Նախագիծ են ներկայացրել նաև SEREC կազմակերպության երիտասարդները։ Ակտիվիստների նախագծի նպատակն է լճի այն հատվածները, որոնք մասնավոր սեփականություն չեն, համալրել հանգստի համար անհրաժեշտ պայմաններով՝ երեխաների, տարեցների և մնացած բնակիչների համար։ 

«Աշնանը, երբ Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանը դրամաշնորհ հայտարարեց լճի խնդիրները լուծելու համար, մենք ևս ներկայացրեցինք մեր գաղափարը, որը բաղկացած է 3 փուլից», — «Ալիք մեդիայի» հետ զրույցում ասում է SEREC կազմակերպության ակտիվիստներից Դիաննա Մոսոյանը՝ հավելելով,- Առաջին խնդիրը որոշեցինք, որ ջրի աղտոտվածությունն է, որոշեցինք մաքրել լիճը, հավաքել աղբը, տնկիներ տնկել և այլն, դնել նստարաններ, նաև այն նախատեսում էր զուգարաններ, հեծանիվ վարելու համար պայմաներ և այլն։ Երկրորդ փուլում որոշեցինք կառուցել հատուկ տաղավարներ, քանի որ քամին այնտեղ շատ է, իսկ երեխաների համար տեղադրել մանակական խաղարաններ»։

Նրա խոսքով` քաղաքապետարանից հայտնել են, որ այս ամենն իրականացնելու հնարավորություն չի լինի, բայց որոշ գաղափարներ կիրագործվեն․

«Երրորդ փուլը պետք է ընձեռեր բիզնեսը զարգացնելու հնարավորություն, օրինակ` վաճառվեր սնունդ կամ այլ բաներ։ Քաղաքապետարանը կարող է վարձով հողատարածք հատկացնի, որը մարդիկ կկարողանան օգտագործել իրենց բիզնեսի համար։ Օրինակ` դա կարող է լինել նավակների վարձակալությունը»։

Այն հարցին, թե ինչպես են պատրաստվում երիտասարդները վարվել սեփականաշնորհված հողատարածքների հետ, Մոսոյանն ասում է, որ որոշ սեփականատերեր պատրաստ են իրենց հողատարածքը հատկացնել նման նախագծեր իրականացնելուն։ Ըստ նրա, իհարկե, ցանկալի է, որ նախագծին անհրաժեշտ մյուս տարածքներն էլ սեփականատերերից գնվեն կամ փոխարինվեն այլ տարածքներով։

Սոցկար Փութուլյանը, քաջածանոթ լինելով Կլոր լճի խնդիրներին, «Ալիք մեդիայի» հետ զրույցում նշում է․ «Ես չեմ ուզում իրականացվի մի ծրագիր, որն ընդգրկելու է լճի մի փոքր մնացած հատվածը, ճիշտ կլինի լուծել հողատարածքների հարցը»:

Փութուլյանը ներկայացնում է նաև 2020 թվականին քաղաքապետարանին ներկայացրած իր դիմումի պատասխանը, որտեղ նշված է, որ սեփական հողերի հարցում Նինոծմինդայի քաղաքապետարանը հետաքրքված չէ, և նշում, որ կարելի է դիմել Վրաստանի պետական գույքի ազգային գործակալություն։

Վերջինս, հետաքրքրվելով նաև սեփականաշնորհված հողերի սեփականատերների ինքնությամբ, փոխանցում է․

«Վերոնշյալ տարածքի, որը կազմում է 1500 քառակուսի մետր, սեփականատերը, իմ ունեցած տեղեկության համաձայն նախկինում եղել է հողերի սեփականաշնորհման ղեկավար՝ լեգալիզացիայի պետ, նաև մեծ Խանչալիում գյուղապետ, այժմ աշխատում է տեղական ինքնակառավարման մարմիններում»։

Տեղեկության համաձայն՝ հետևյալ տարածքը (1225 քառակուսի մետր) լճի հակառակ ափի կողմում պատկանում է Սերգեյ Ադումյանին, ով Նինոծմինդայի քաղաքապետարանի աշխատակից է:

Սոցկար Փութուլյանը նաև ներկայացնում է քարտեզ, թե ինչ փոփոխության է ենթարկվել լիճը՝ ընդգծելով, որ այն պետք է լիներ մոտավոր այս չափով՝ կլոր ձևով՝ ինչով էլ պայմանավորված կոչվում է Կլոր լիճ։

«Խորհրդային տարիներին քաղաքի տեսարժան վայր հանդիսացող լիճն այսօր նույնը չէ, կարծես կորցրել է իր շքեղությունը, արդեն դժվար է տեսնել հանգիստը լճի ափին վայելող երիտասարդների, իսկ տարիներ առաջ դա մշտական երևույթ էր։

Այնուամենայնիվ, շատերն են պայքարում, որ լիճը վերադառնա իր հին տեսքին։ Դա միայն մեզ համար չէ կարևոր, այլև ամբողջ մարզի, ինչու չէ նաև Վրաստանի, քանի որ քայլեր անելու դեպքում այն կարող է վերածվել զբոսաշրջային կենտրոնի»,- լճի մասին պատմում է Նինոծմինդայի բնակչուհի Վարդուհի Ղարսլյանը։

Ե՛վ բնակիչները, և՛ լճի բարեկարգմամբ մտահոգ անձինք հույս են հայտնում, որ շուտով լիճը կստանա իր հին տեսքը, խնդիրները կլուծվեն ու լճի ցամաքելու և էկոհամակարգի ոչնչացման վտանգները կնահանջեն։