«Բորժոմի»-ի բաժնետերերի հետ բանակցությունները հաջողությամբ ավարտվել են։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
Նրա խոսքով, պետությունը կդառնա «Բորժոմի» գործարանի համասեփականատեր։
Ինչպես կառավարության այսօրվա նիստում նշել է վարչապետը, բոլոր այն խնդիրները, որ ունեցել է «Բորժոմին» աշխատակիցների կառավարման, գործունեության մեջ, կվերացվեն։
«Այսօր մենք հաջողությամբ ավարտեցինք բանակցությունները «Բորժոմի»-ի բաժնետերերի հետ, եւ մեր պետությունը՝ Վրաստանի կառավարությունը, կդառնա «Բորժոմի» գործարանի սեփականատեր խմբի բաժնետեր, սա անվճար գործարք է։ Մեզ անհատույց կտրամադրեն բաժնետոմսեր, որից հետո մեր պետությունը կդառնա «Բորժոմի» գործարանի՝ մեր ազգային հարստության ու հպարտության համասեփականատերը։ Բոլոր այն խնդիրները, որոնք ունեցել են «Բորժոմին» եւ նրա աշխատակիցները կառավարման, շահագործման եւ գործունեության մեջ, կվերացվեն։ Մենք այս հարցում պայմանավորվել ենք մեր միջազգային գործընկերների հետ, խորհրդակցություններ ենք ունեցել Մեծ Բրիտանիայում։ Ուզում եմ ընդգծել, որ այս գործարքը կնքվել է միջազգային իրավունքի նորմերին լիովին համապատասխան»,- ասել է վարչապետը։