Վրաստանի հարավում գտնվող Ալգեթի ազգային պարկի Դաշբաշի կիրճի վրա կառուցված 240 մետրանոց ապակե կամուրջը այսօրվանից սկսել է այցելուներ ընդունել։
Նոր զբոսաշրջային գրավչությունն իր տեսակի մեջ առաջինն է Վրաստանում։
Կամրջի մեջտեղում ադամանդաձեւ ռեստորանն է, որը նայում է Դաշբաշիի պահպանվող տարածքներին։ Այն արդեն ընդգրկված է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհի ամենաբարձր կախովի ռեստորանը։
Կա նաև 1,5 կմ երկարությամբ արահետ, որը այցելուներին տանում է դեպի կասկադային ջրվեժ։
Այլ ենթակառուցվածքները ներառում են այցելությունների կենտրոն, zip-line և քոթեջներ:
Նախագիծը, որն իրականացվել է իսրայելական Cass Land ընկերության կողմից, արժե 120 միլիոն լարի (ավելի քան 41 միլիոն դոլար), որը տարածաշրջանում երբևէ կատարված ամենամեծ էկոտուրիզմային ներդրումն է:
Բացման արարողությանը մասնակցել են Վրաստանի կառավարության ներկայացուցիչներ, խորհրդարանի անդամներ, ներդրողներ։
Դաշբաշիի տարածք մուտքը վճարովի է։ Տոմսի ստանդարտ արժեքը 49 լարի է։ Վրաստանի քաղաքացիների համար գործում է 40% զեղչ, և արժեքը կազմում է՝ 29 լարի։ Մանկական տոմսը (3-ից 12 տարեկան) օտարերկրացիների համար կարժենա 34 լարի, իսկ Վրաստանի քաղաքացիների համար՝ 19 լարի։ Մինչև 3 տարեկան երեխաների մուտքն անվճար է։
Դաշբաշի կիրճը գտնվում է Ալգեթիի ազգային պարկում՝ Քվեմո Քարթլիի շրջանում, Թբիլիսիից մոտ 90 կմ հեռավորության վրա, Ծալկայի մոտ՝ Խրամի գետի կիրճում։
Ձորի բարձրությունը ծովի մակարդակից 1100-1500 մետր է, իսկ երկարությունը՝ 8 կիլոմետր։ Ձորը զբաղեցնում է 669 հեկտար տարածք։ Կան բազմաթիվ տպավորիչ ջրվեժներ և քարանձավներ: