Թբիլիսյան ևս մեկ դպրոցի հայկական բաժին փակվեց

Թբիլիսյան ևս մեկ դպրոցի հայկական բաժին փակվեց

Թբիլիսիի թիվ 132 դպրոցի հայալեզու բաժնի 12-րդ դասարանցիներն օրեր առաջ հրաժեշտ տվեցին դպրոցին՝ դառնալով վերջին շրջանավարտները․ կրթօջախի հայկական բաժինն այդպիսով փակվեց։ Դպրոցի հայկական բաժինն արդեն մեկ տասնամյակից ավելի է, ինչ առաջին դասարանցի չէր ունեցել։

Այս թեմայի շուրջ «Ալիք մեդիան» զրուցեց «Վրաստան» թերթի խմբագիր, քաղաքական-հասարակական գործիչ, Վրաստանի նախագահի նախկին խորհրդական, նախկին պատգամավոր Վան Բայբուրթի հետ։

«Թիվ 132 դպրոցի հայկական բաժինը ցավոք փակվել է դեռ 10 տարի առաջ, երբ դպրոցն այլևս առաջին դասարանցի չունեցավ», — ասում է Բայբուրթը:

Նա նշում է՝ հայկական բաժինն այս դասարանով փակվեց, քանի որ շատ ծնողներ գերադասում են, որ իրենց երեխան հաճախի վրացական կամ ռուսական դպրոց, միևնույն ժամանակ նշում է՝ «Յուրաքանչյուր ծնող իր երեխայի համար լավագույն ապագա է ցանկանում ապահովել»։ Վերջինս նաև առաջարկում է հետևյալ լուծումը՝ «Ես շատ եմ ուզում, որ մեր հայկական դպրոցը բազում աշակերտներ ունենա, սակայն արդյունքի հասնելու միջոցն այն է, որ ծնողը հանգիստ լինի՝ երեխան կստանա որակյալ կրթություն և կտիրապետի և՛ վրացերենին, և՛ անգլերենին, և՛ ռուսերենին»։

«Աշակերտների սակավաթիվության հիմնական պատճառը հայալեզու բաժնում վրաց լեզվի ոչ գերազանց ուսուցումն է։ Սակայն որպես օրինակ կարող եմ նշել՝ Բաթումիում այսօր կա դպրոց, որտեղ աշակերտներն ամեն օր սովորում են հայոց լեզու, սակայն մնացած առարկաներն ուսուցանվում են ինչպես վրացական դպրոցներում։ Նան կերպ կարող էր լուծվել նաև այս հարցը, որպեսզի պետական լեզվի չիմացության խնդիր չծագեր», — ասում է նա։

Բայբուրթը ընդգծում է․ այս գործում բոլորիս ներդրումն է կարևոր, այսօր Թբիլիսիում գործում են բազմաթիվ հայկական հասարակական կազմակերպություններ, որոնք կարող են հանդես գալ նախաձեռնություններով, անհատները ևս․

«Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի նախակրթարանն ավարտած 19 երեխաներից 15-ը այս տարի դարձան Թբիլիսիի թիվ 104 հայկական դպրոցի սաներ, ինչն օրինակելի է», — ասում է Բայբուրթն ու շարունակում․  «Թիվ 132 դպրոցի տնօրենը՝ ազգությամբ վրացի, ելույթ ունեցավ հայալեզու բաժնի շրջանավարտների վերջին զանգին՝ նշելով, որ եթե ուզում եք դպրոցի հայկական բաժինը շարունակի գործել, ապա բերեք առաջին դասարանցիներ»։

Թբիլիսահայ լրագրող, հասարակական գործիչ Գայանե Բոստանջյանը, ով Թբիլիսիում ավարտել է հայկական 104-րդ դպրոցը, նրա երեխաները ևս նույն դպրոցի աշակերտներ են, «Ալիք մեդիայի» հետ զրույցում նշում է, որ երեխաներին հայկական դպրոց չուղարկող ծնողների պատճառաբանությունները մինչ օրս չեն փոխվել․

«Ես հայկական թիվ 104-ի շրջանավարտ եմ, ամուսինս՝ փակված 109-ի, մեր երեխաները՝ նորից 104-ի: Սա մեր ծնողներից ժառանգած գենն է, նաև պատգամը։ Իմ ուսանած տարիներին մենք ունեինք 8 հայկական դպրոց: Աշակերտների թիվն այդ դպրոցներում էլի քիչ էր, փաստորեն ոչինչ չի փոխվել, չեն փոխվել նաև չեկողների պատճառաբանությունները: Ասում են՝ դպրոցը հեռու է, պատասխանեմ՝ մենք թիվ 104 դպրոց գալիս էինք Սաբուրթալոյից, ընդ որում ավտոբուս-տրոլեյբուս-տրամվայից կախված, հոսանքի անջատումների պատճառով հաճախ ժամերով մետրոյում մնալով», — պատմում է Բոստանջյանը։

Մատնանշելով մեկ այլ պատճառաբանություն, Բոստանջյանը նշում է․ «Ասում են, հայկական դպրոցն ավարտելով չես կայանում. պատասխանեմ թվարկած երեք անունների փաստարկմամբ՝ Լիզա Թորոսյան, Լիանա Մարկարյան, Անի Ղուշչյան, երեքն էլ նույն դասարանի շրջանավարտ են, տեսեք հայկական դպրոցի «չկայացածներին»»։

Գայանե Բոստանջյանն այնուամենայնիվ նշում է, որ վերոնշյալ պատճառաբանություններից բացառություն է կազմում վրաց լեզվի ոչ լիարժեք ուսուցումը․

«Միակ պատճառաբանությունը, որը լիարժեքորեն ընդունում եմ, վրացերենի ու որոշ կարևոր հանգամանքների պակասն է մեր հայկական դպրոցներում: Իսկ պետական լեզուն ինքնադրսևորման կարևոր պայման է: Կուզեի, որ ավելի մեծ ուշադրություն դարձվեր այս խնդրին: Այդուհանդերձ, սա չի կարող պատճառ հանդիսանալ իմ երեխային իր մայրենիից կտրելու համար, որովհետև լեզուն ազգի գոյատևման թիվ մեկ պայմանն է, մանավանդ հայրենիքից դուրս:

Մենք լցնում ենք Վրաստանի ռուսական դպրոցներն աճող զուգահեռներով, իսկ մերը՝ փակում, ահա փաստը՝ 132-ը»։

Վրաստանի իշխանությունը պահում է դպրոցը, մենք՝ փակում՝ նկատում է Բոստանջյանը․

«Ես չեմ կարող իմ հայկականը սիրել կյանքի մայրամուտին, ինչպես մեր համայնքում շատերը: Հայկականը պետք է սիրել քանի դեռ ավյուն ու ուժ ունես ինչ-որ բան անելու: Հայկական դպրոցի աշակերտը ապագա ընթերցող է, հայկական Եկեղեցու ապագա հավատացյալ ու թատրոնի հանդիսատես:

Ի վերջո, եթե գիտակից ծնողներով մեր դպրոցները հարուստ լինեն, մենք կարող ենք դպրոցում որակ ապահովել՝ պահանջարկ-առաջարկ հայտնի տեսության օրինակով: Տոկոսադրեք ձեր ցանկությունը, դրեք նժարի վրա ձեր երեխային այս կամ այն դպրոց տանելու որոշումը ու հետո նոր միայն ընտրեք», — հավելում է Գայանե Բոստանջյանը։

Նշենք, որ ներկա պահին Թբիլիսիում, բացի ամբողջությամբ հայալեզու թիվ 104  դպրոցից, հայալեզու բաժին գործում է նաև 103 հանրային դպրոցում: