Բոլոր այն գյուղերի բնակիչները, որոնց մեղվանոց է մտել արջը, վնասել փեթակներն ու մեղրը կերել, փոխհատուցում ստանալու համար դիմում են ներկայացրել Ախալքալաքի քաղաքապետարան, սակայն նրանց ասել են, որ չեն կարող փոխհատուցում տալ:jnews.ge
Քաղաքապետ Մելքոն Մակարյանն ասում է, որ չեն կարող փոխհատուցում տրամադրել մարդկանց:
«Ունենք ֆինանսավորում բնական աղետների ժամանակ. քամի, կայծակ, ջրհեղեղ և այլն: Նման դեպքերում չենք կարող որևէ փոխհատուցում տրամադրել, այնպես չէ, որ օգնել չենք ուզում, իհարկե, շատ ցավալի է, որ նման բան է եղել, այդ մարդկանց ապրուստի միջոցն է, բայց մենք չունենք այդ հնարավորությունը»:
Քաղաքապետը հավելում է՝ պետությունը նման դեպքերում հնարավորություն է տալիս, որ մարդիկ ապահովագրեն իրենց ունեցած ապրանքը։ Եթե նմանատիպ դեպքեր են լինում և կրկնվում, ապա ապահովագրական ընկերությունը փոխհատուցում է։
Հատկանշական է, որ արջն այսօր երկրորդ անգամ է այցելել է Խավեթ գյուղ, Լիպարիտ Պետրոսյանի մեղվանոց: Ինչպես տանտերն է ասում՝ այսօր ավելի բարեխիղճ է գտնվել և ընդամենը մի փեթակ է քանդել:
Լիպարիտը անցած գիշերվա դեպքից հետո ողջ գիշերը արթուն է մնացել, ընդամենը մի ժամ է քնել, արթնացել է ու տեսել, որ մեղվի մի փեթակ էլ չունի։
«Մեր գոմը փեթակներից հեռու է 30 մետր, առավոտյան ժամը 05։00-ին կինս գնում է կովերը կթելու, եթե արջը նրան վնասի, որ օրենք դնողներն ասում են չի կարելի խփել արջին, ի՞նչ պատասխան են տալու», – ասում է Լիպարիտը։
Արջը կարծես մտածված ընտրում է այն մեղուների փեթակները, որոնք ավելի շատ են աշխատում, որոնց նվազագույն արժեքը 600 լարի է։
Այս անգամ արյան հետքեր կան, ինչից կարելի է ենթադրել, որ արջը վնասել է թաթերը։ Ինչպես Լիպարիտն է ասում, մոմաթերթերը լարերից են եղել և մեղրը հանելուց արջը վնասել է թաթերը:
Լիպարիտը դիմել է Ախալքալաքի քաղաքապետարան, որտեղ նրան ասել են, որ այսպիսի դեպքերում փոխհատուցում չեն կարող հատկացնել:
«Ես չգիտեմ, ով է ինձ փոխհատուցում տալու, բայց ես դրանով եմ ապրում», – ասում է Լիպարիտ Պետրոսյանը: