ԵՄ-ն Վրաստանում նոր դեսպան ունի. Կարլ Հարցելին կփոխարինի Պավել Հերչինսկին
Հունիսի 8-ին ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է Վրաստանում ԵՄ նոր դեսպանի նշանակման մասին՝ ի թիվս ԵՄ պատվիրակությունների 31 նոր ղեկավարների։
Լեհ դիվանագետ Պավել Հերչինսկին կփոխարինի իր շվեդ գործընկեր Կարլ Հարցելին։
Պավել Հերչինսկին ներկայումս Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության (ԱԳԵԾ) Ընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականության (ԸԱՊՔ) և ճգնաժամային արձագանքման հարցերով կառավարիչ տնօրենն է, իսկ ավելի վաղ ԱԳԵԾ-ում զբաղեցրել է նաև անվտանգության և պաշտպանության քաղաքականության տնօրենի պաշտոնը: Մինչ այդ նա Լեհաստանի դեսպանն էր ԵՄ Քաղաքական և անվտանգության կոմիտեում:
Նոր դեսպանը պաշտոնապես կնշանակվի ընդունող երկրի համապատասխան ագրեմանները ստանալուց հետո:
ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հունիսի 8-ին կիսվել է իր մտահոգությամբ առ վրացական դատական համակարգի անկախությունն ու անաչառությունը և երկրի իշխանություններին կոչ արել ապահովել խոսքի ազատությունը։
Իր խոսքում Բորելը նշել է, որ վերջերս երեքուկես տարվա ազատազրկման դատապարտված ընդդիմադիր «Մթավարի Արխի» լրատվական հեռուստաալիքի սեփականատեր և տնօրեն Նիկա Գվարամիայի նկատմամբ դատավճիռը կայացվել է դատական համակարգի շարունակական բարեփոխումների մասին ԵՄ-ի կողմից բազմիցս հնչած կոչերի ֆոնին՝ վստահություն սերմանելու և դրա անկախությունը բարձրացնելու նպատակով, ինչը «վրացական իշխանությունների վաղեմի հանձնառությունն է»:
«Հանձնաժողովը շատ հստակ է արտահայտվել այս հարցում. եթե Վրաստանը լուրջ է վերաբերվում իր եվրոպական ապագային, ապա չպետք է հանդուրժի քաղաքականացված արդարադատությունն ու լրատվամիջոցների ազատությունների ոտնահարումը… Մենք մտահոգությամբ արձանագրում ենք Վրաստանում լրագրողների նկատմամբ բռնության դրվագների աճ։ Բռնությունն ու ահաբեկումը ոչ մի կերպ ընդունելի չեն»,- ասել է Բորելը:
Նա նաև ընդգծել է, որ ԵՄ-ն մնում է Վրաստանի մերձավոր բարեկամն ու գործընկերը և հաստատակամորեն հավատարիմ է ԵՄ-Վրաստան հարաբերությունների հետագա խորացմանը:
Հունիսի 7-ին Վրաստանի խորհրդարանի կողմից ընդունված նոր փոփոխությունները զգալիորեն նվազեցնում են երկրի քաղաքացիների անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքը։ Այս մասին ասել է Վրաստանում ԵՄ դեսպան Կարլ Հարցելը։
Վրաստանի Քրեական դատավարության օրենսգրքում կատարված փոփոխությունները մեծացնում են գաղտնի հետախուզական գործողությունների ենթակա հանցագործությունների շրջանակը, ինչպես նաև այդ գործողությունների տևողությունը։
«Թեպետ Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխությունները, ելնելով անվտանգության նկատառումներից, կարող են ունենալ օրինական հիմքեր, մենք մտահոգությամբ նշում ենք, որ ներկայիս փոփոխությունները զգալիորեն նվազեցնում են Վրաստանի քաղաքացիների անձական կյանքի անձեռնմխելիության իրավունքը՝ չապահովելով բավարար երաշխիքներ ընդդեմ նրանց անձնական կյանք անհիմն ներխուժման դեպքերի և հանուն նրանց անձնական տվյալների պաշտպանության», – ասել է Հարցելը:
Նա հիշեցրել է, որ ԵՄ-ն վերոնշյալ մտահոգությունները հայտնել է մինչ Վրաստանի խորհրդարանի կողմից այս փոփոխությունների ընդունումը՝ առաջարկելով, որ մինչև վերջնական տեսքի բերելը նոր օրենսդրությունն ուղարկվի Վենետիկի հանձնաժողով՝ եվրոպական չափանիշներին և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքին դրա համապատասխանությունը գնահատելու նպատակով։
Հարցելը հավելել է, որ ԵՄ-ն ափսոսում է, որ Վրաստանի խորհրդարանը որոշել է շարունակել այս օրենսդրության ընդունումը առանց նման խորհրդակցության, և կոչ է արել խորհրդարանին անհապաղ կարծիք խնդրել Վենետիկի հանձնաժողովից այս օրենսդրության վերաբերյալ և հետևել նրա առաջարկություններին:
«Մենք կոչ ենք անում Վրաստանի կառավարությանը հետևել իր հանձնառություններին՝ պաշտպանելու իր քաղաքացիների իրավունքները և հիմնարար ազատությունները, ինչպես նաև ապահովելու համարժեք և արդյունավետ երաշխիքներ դրանց հնարավոր ոտնահարումների դեմ»,- ասել է Հարցելը:
ԵՄ-ն ռազմական օգնության կցուցաբերի Վրաստանին և Մոլդովային Ուկրաինայում մոլեգնող պատերազմի ֆոնին
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հունիսի 8-ին ելույթ են ունեցել Եվրոպական խորհրդարանում՝ զեկուցելով ԵՄ վերջին որոշումների մասին, այդ թվում՝ Ուկրաինայի և Արևելյան գործընկերության այլ երկրների վերաբերյալ, ինչպես նաև ներկայացնելով մայիսի 30-31-ին Բրյուսելում կայացած Եվրոպական խորհրդի արտահերթ նիստի արդյունքները։
Ուրսուլա ֆոն դեր Լեյենը նշել է, որ ռուսական հանածո վառելիքից կախվածությունից ազատվելը, ԵՄ պաշտպանունակության ամրապնդումը, պարենային անվտանգությունը և Ուկրաինայի վերակառուցումը մնում են ԵՄ հիմնական առաջնահերթությունները։
Նա ասել է, որ գալիք պարենային ճգնաժամը, որը միայն այս տարի կազդի 265 միլիոն մարդու վրա ամբողջ աշխարհում, պայմանավորված է Ուկրաինայի դեմ Պուտինի վարած ագրեսիվ պատերազմով. «Մինչ Ռուսաստանն ակտիվորեն սովը որպես զենք է ծառայեցնում, ԵՄ-ն խնամքով մշակում է պատժամիջոցներ բացասական ազդեցությունից խուսափելու համար, ընդ որում՝ դրանք հստակ բացառություն են նախատեսում պարենային ապրանքների համար։ Մեր պատժամիջոցները չեն վերաբերում հիմնական պարենային ապրանքներին։ Դրանք չեն ազդում Ռուսաստանի և երրորդ երկրների միջև հացահատիկի կամ այլ սննդամթերքի առևտրի վրա»:
Ժոզեպ Բորելը (որի ելույթը ներկայացրեց եվրահանձնակատար Վալդիս Դոմբրովսկիսը) ավելացրեց, որ ԵՄ-ն կշարունակի աշխատել իր գործընկերների հետ՝ Ռուսաստանին միջազգային հարթակներում մեկուսացնելու ուղղությամբ, և կավելացնի ռազմական աջակցությունը Ուկրաինային, Մոլդովային ու Վրաստանին։
«Մենք առաջարկել ենք ավելացնել հօգուտ Վրաստանի և Մոլդովայի ոչ մահացու ռազմական օգնության միջոցառումները։ Դրանք կնպաստեն նյութապահովման, կիբերպաշտպանության, ռազմաբժշկական, ինժեներական և շարժունակության հնարավորություններին: Մենք դրանք կներկայացնենք հունիսին՝ հուլիսին Խորհրդի կողմից ծրագրված ընդունման համար»,- ասված է Բորելի խոսքում։
ՎԶԵԲ-ը կընդլայնի Վրաստանի բանկի կապիտալի բազան
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) 35 միլիոն ԱՄՆ դոլարի վարկ կտրամադրի Վրաստանի բանկին՝ աջակցելու Վրաստանի տնտեսական աճին և բարձրացնելու նրա ֆինանսական հատվածի դիմակայունությունը։
Շվեդիայի զարգացման ֆինանսավորման հաստատությունը (Swedfund) կտրամադրի հավելյալ 15 միլիոն ԱՄՆ դոլար՝ ընդհանուր վարկի գումարը հասցնելով 50 միլիոն ԱՄՆ դոլարի:
Վարկը կլավարկի Վրաստանի բանկի կապիտալի բազան և կբարձրացնի նրա դիմակայունությունը՝ աջակցելու դեպի իրական տնտեսություն վարկերի շարունակական հոսքին:
Վրաստանի բանկը պարտավորվում է ստացված կապիտալ վարկին համարժեք գումար (50 մլն ԱՄՆ դոլար) ուղղել «կանաչ» տնտեսության անցնելու համար ՎԶԵԲ-ի իրավասության չափանիշներին համապատասխան «կանաչ» ներդրումներին: ՎԶԵԲ-ը նաև դրամաշնորհ կտրամադրի տեխնիկական համագործակցության ծրագրի համար՝ աջակցելու Վրաստանի բանկին «կանաչ» տնտեսության ֆինանսավորման նախաձեռնություններում:
Հայաստանում, Վրաստանում և Մոլդովայում պաշտոնապես մեկնարկել է «EU4Youth՝ երիտասարդների զբաղվածություն և ձեռներեցություն» նոր տարածաշրջանային ծրագիրը, որն ուղղված է խթանելու Արևելյան գործընկերության երկրներում երիտասարդների զբաղվածությունն ու ձեռներեցությունը:
Մեկնարկային միջոցառումները տեղի ունեցան մայիսի 18-ին՝ Վրաստանում, մայիսի 25-ին՝ Հայաստանում, և հունիսի 1-ին՝ Մոլդովայում։ Ծրագրի մեկնարկը Ադրբեջանում նախատեսված է հունիսի 23-ին:
«EU4Youth՝ երիտասարդների զբաղվածություն և ձեռներեցություն» ծրագիրը 2022-2024 թվականների ընթացքում կօգնի բարելավել երիտասարդների կարիերայի կառավարման հմտությունները, ինչպես նաև կնպաստի երիտասարդների զբաղվածության հարցերով երկխոսության հաստատմանը պետական, մասնավոր և ոչ կառավարական հատվածների միջև: Մասնավորապես, ծրագիրը կկենտրոնանա քաղաքականություն իրականացնող և աշխատաշուկայի առաջատար հաստատությունների կարողությունների զարգացման վրա:
Ծրագիրը համաֆինանսավորվում է ԵՄ-ի և Լիտվայի արտաքին գործերի նախարարության կողմից և իրականացվում է Արևելյան գործընկերության երկրներում (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա և Ուկրաինա)՝ Լիտվայի ծրագրերի կառավարման կենտրոնական գործակալության (CPMA) կողմից:
Դրամաշնորհներ միջազգային հետաքննող լրագրողական թիմերին
ԵՄ-ի կողմից աջակցվող Տեղական միջազգային հետաքննող լրագրողական ծրագիրը (Local Cross-Border Investigative Journalism Programme) հայտարարել է մի քանի վերջնաժամկետներով հայտամրցույթ՝ աջակցելու արհեստավարժ լրագրողների և լրատվամիջոցների հետաքննող խմբերին, այդ թվում՝ Վրաստանից և Ուկրաինայից:
Առնվազն երկու արհեստավարժ լրագրողից և տեղական լրատվամիջոցներից բաղկացած թիմերը կարող են ներկայացնել Եվրոպային հուզող և առնչվող ցանկացած հարցի վերաբերյալ լրագրողական հետաքննության առաջարկ։
Միավոր հայտամրցույթի շրջանակում բոլոր հետաքննությունների միջև բաշխվելիք ընդհանուր հասանելի գումարը կկազմի մոտ 100,000 եվրո:
Դրամաշնորհի գումարը կարող է ուղղվել աշխատաժամանակի և այնպիսի ծախսերի ծածկմանը, ինչպիսիք են նյութապահովումը, ճանապարհորդությունը, ապահովագրությունը, իրավական աջակցությունը, թարգմանությունները, տեխնոլոգիաների և տվյալների հավաքածուների հասանելիությունը և այլն:
Ֆինանսական աջակցության հետ մեկտեղ թիմերը կարող են նաև դիմել հետաքննությունների ոլորտում մասնագիտացած կամ հատուկ հմտություններով փորձառու մասնագետի մենթորության համար:
Սույն դրամաշնորհային ծրագրի երկու տարվա (2022-2023թթ.) համար նախատեսված է հայտերի ընդունման վեց փուլ:
Հայտերի ընդունման առաջին վերջնաժամկետը 2022 թվականի հուլիսի 7-ն է: Հաջորդ վերջնաժամկետներն են 2022 թվականի սեպտեմբերի 8-ը, 2022 թվականի նոյեմբերի 10-ը, 2023 թվականի հունվարի 12-ը, 2023 թվականի մարտի 16-ը և 2023 թվականի մայիսի 25-ը:
CENN-ը Վրաստանում ընդունում է «կանաչ» կրթաթոշակների հայտեր
ԵՄ կողմից ֆինանսավորվող Կովկասի բնապահպանական ՀԿ-ների ցանցը (CENN) հայտարարում է Չիչիկո Ջանելիձեի անվան «կանաչ» կրթաթոշակի համար հայտերի ընդունման մրցույթ:
CENN-ը Չիչիկո Ջանելիձեի անվան կրթաթոշակը հիմնադրել է 2021 թվականին: Կրթաթոշակի նպատակն է խթանել բնապահպանական կրթությունը երիտասարդների շրջանում: Կրթաթոշակը կրում է նշանավոր աշխարհագրագետ և բնապահպան Չիչիկո Ջանելիձեի անունը և ամեն տարի շնորհվում է հաջողակ երիտասարդ բնապահպաններին։
Կրթաթոշակի չափը 1000 լարի է։ Յուրաքանչյուր անվանակարգում կընտրվի 14-ից 29 տարեկան մեկական հաղթող.
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է հունիսի 30-ը:
Կայունության և լրատվամիջոցների կառավարման ուսումնական ծրագիր Վրաստանի և Ուկրաինայի լրագրողների համար
ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «Տեղական անդրսահմանային լրագրություն» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում Ստոկհոլմի տնտեսագիտության դպրոցի (SSE) Ռիգայի մասնաճյուղը Եվրոպայում բոլոր տեղացի հետաքննող լրագրողներին հրավիրում է դիմելու «կայունության և լրատվամիջոցների կառավարման» չորսշաբաթյա ինտենսիվ ուսումնական ծրագրին: Դիմելու իրավասություն ունեն նաև վրաց և ուկրաինացի լրագրողները։
Այն ապահովում է բիզնեսի կառավարման կոմպակտ մագիստրոսական ծրագրի հետ համեմատելի գործարարության հիմնական հմտությունների մասին անհրաժեշտ ուսումնական ծրագիր, ինչն անկախ լրատվամիջոցներ ստեղծած կամ ղեկավարող անձանց հնարավորություն է տալիս զարգացնել կայուն բիզնես մոդելներ:
Մեկամյա ծրագիրը բաղկացած է երկամսյա պարբերականությամբ անցկացվող չորս ինտենսիվ հնգօրյա մոդուլներից։
«Տեղական անդրսահմանային լրագրություն» դրամաշնորհային ծրագիրն աջակցում է արհեստավարժ լրագրողներից և (կամ) լրատվամիջոցներից բաղկացած տեղական անդրսահմանային հետաքննող լրագրողական թիմերին։
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է հուլիսի 24-ը:
«10 օր» նախագիծն իրականացվում է ԵՄ Արևելյան հարևաններ ծրագրի և Լրատվական ռադիոյի հետ համատեղ:
Վրաստանում ԵՄ ֆինանսավորմամբ ծրագրերից ավելի շատ լուրերի և հնարավորությունների ծանոթանալու համար այցելեք ԵՄ Արևելյան հարևաններ ծրագրի կայք։