Վրաստանում կենսաթոշակ կարող է ստանալ օտարերկրյա այն քաղաքացին, ով մշտական կացության իրավունք ունի

Վրաստանում կենսաթոշակ կարող է ստանալ օտարերկրյա այն քաղաքացին, ով մշտական կացության իրավունք ունի

Վրաստանում բնակվող օտարերկրյա այն քաղաքացիները, ովքեր մշտական կացության իրավունք ունեն և կենսաթոշակային տարիքի են, կարող են պետական կենսաթոշակ ստանալ: Այս մասին հայտնում է Վրաստանի աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարարությունը: Ընդգծենք, որ Ջավախքում շատերն օտարերկրյա քաղաքացիություն ունեն, բայց ծնվել և ապրում են Վրաստանում:

JNEWS-ը դիմել է Աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարարություն պարզելու, արդյո՞ք մշտական կամ ժամանակավոր կացության իրավունք ունեցող, կենսաթոշակային տարիքի մարդիկ, ովքեր բնակվում են Վրաստանում կարող են կենսաթոշակ ստանալ:

«Այն օտարերկրյա քաղաքացուն, ով ունի Վրաստանում կացության մշտական կարգավիճակ, նշանակվում է պետական կենսաթոշակ, այն դեպքում, եթե նա սոցիալական ծառայության գործակալություն ներկայացնի տեղեկատվական քարտ, որտեղ հաստատված կլինի տվյալ անձի Վրաստանի տարածքում վերջին 10 տարում օրինավոր ապրելու մասին տեղեկություն։ Այդ քարտը հնարավոր է ստանալ արդարադատության տնից և պետք է ներկայացնել շրջանի սոցիալական ծառայության գործակալություն, և միայն այդ դեպքում կնշանակվի պետական կենսաթոշակ»,- պարզաբանեցին նախարարությունից:

Օտարերկրյա քաղաքացու մշտական կացության մասին տեղեկատվական քարտը տալիս է Վրաստանում արդարադատության նախարարության պետական վերահսկողության ներքո գործող, հանրային գործակալության իրավաբանական անձանց պետական ծառայությունների զարգացման գործակալությունը:

Նշենք, որ Վրաստանում մինչև 70 տարեկան անձանց կենսաթոշակը կազմում է 260 լարի, իսկ 70 և բարձր տարիքի անձանցը՝ 300 լարի: Իսկ բարձրալեռ բնակավայրերում մինչև 70 տարեկանների կենսաթոշակը կազմում է 312 լարի, իսկ 70 և բարձր տարիքի անձանցը՝ 360 լարի: jnews.ge