Եվրահանձնաժողովը խորհուրդ չի տալիս Վրաստանը ճանաչել որպես ԵՄ անդամության թեկնածու

Եվրահանձնաժողովը խորհուրդ չի տալիս Վրաստանը ճանաչել որպես ԵՄ անդամության թեկնածու

Եվրահանձնաժողովը կարծում է, որ Վրաստանին կարող է տրվել ԵՄ թեկնածու երկրի կարգավիճակ, սակայն մի շարք պայմանների կատարման դեպքում։ Այս մասին այսօր ճեպազրույցում հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։

«Երկիրը պետք է քաղաքականապես միավորվի՝ ճանապարհ հարթելու կառուցվածքային բարեփոխումների համար։ Ելնելով դրանից՝ խորհուրդ ենք տալիս, որ խորհուրդը Վրաստանին տրամադրի եվրոպական հեռանկար, գնահատի, թե ինչպես են պայմանները կատարվում՝ նախքան նրան թեկնածուի կարգավիճակ տալը», – ասել է նա:

Եվրահանձնաժողովը առաջարկում է, որ Ուկրաինան և Մոլդովան ճանաչվեն որպես ԵՄ անդամության թեկնածուներ՝ միաժամանակ նշելով, որ ապագայում նրանք պետք է իրականացնեն մի շարք կարևոր բարեփոխումներ։

Եվրահանձնաժողովի ղեկավարը նշել է, որ Բրյուսելն իր որոշմամբ աջակցության հստակ ազդանշան է ուղարկում երեք երկրների՝ ԵՄ անդամ դառնալու ձգտումներին։ Նրա խոսքով, այսօր պատմական օր է Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի համար։

«Մենք հաստատում ենք, որ նրանք ժամանակին կմիանան Եվրամիությանը։ Հաջորդ քայլերն այժմ մեր անդամ երկրներինն են»,- ասել է ֆոն դեր Լեյենը:

ԵՄ առաջնորդները վերջնական որոշում կկայացնեն Վրաստանին, Ուկրաինային և Մոլդովային թեկնածուի կարգավիճակ տրամադրելու կամ մերժելու վերաբերյալ հունիսի 23-24-ը Բրյուսելում կայանալիք գագաթնաժողովում։ Կարգավիճակ տրամադրելու որոշումը պետք է աջակցեն բոլոր 27 անդամ երկրները։