Հայ կրթական հիմնադրամը (AEF) արդեն 4 տարի է, ինչ կրթաթոշակներ է տրամադրում Վրաստանից ժամանած հայ ուսանողներին, առաջին երկու տարիներին հիմնադրամը ֆինանսավորում էր Ջավախքի ուսանողներին, ովքեր սովորում են վրացական բուհերում, սակայն այժմ ծրագիրը ընդգրկում է ողջ Վրաստանը։
Հիմնադրամի կողմից ներկայումս կրթաթոշակ է ստանում շուրջ 120 ուսանող, որի գումարը կազմում է տարեկան 2250 լարի։ Այս տարի ավելի քան 350 հայ ուսանող է դիմել Վրաստանի ողջ տարածքից, սակայն երրորդ փուլ է անցել 61 ուսանող։ Հարցազրույցից հետո արդեն հայտնի կդառնա, թե ով է այս տարի ֆինանսավորում ստանալու։ «Իհարկե, բոլորն էլ ցանկանում են ստանալ կրթաթոշակ, քանի որ շատերն ունեն ֆինանսական կամ սոցիալական խնդիրներ, բայց պետք է գիտակցել, որ սա մրցույթ է, և ոչ բոլորն են կարող մասնակցել»: ասում է Հայ կրթական հիմնադրամի Ջավախքի մասնաճյուղի տնօրեն Հմայակ Գրիգորյանը։
Բացի կրթաթոշակներ տրամադրելուց, կազմակերպությունն իրականացնում է համայնքային աջակցության ծրագրեր, որոնք դպրոցներում 1-6-րդ դասարաններին բաժանում են գրենական պիտույքներով դպրոցական պայուսակներ: Իսկ շահառու ուսանողներն էլ իրենց հերթին գյուղերում հանդիպումներ են կազմակերպում ուսանողների հետ և բաժանում այդ իրերը։ Այն վայրերը, որտեղ այս իրերը կբաժանվեն, ընտրվում են՝ ելնելով ստացված պարկերի քանակից։ «Այսպիսով մենք մի փոքր օգնում ենք բնակչությանը դպրոցական ծախսերը նվազեցնելու համար։ Կցանկանայի, որ մենք էլ ավելի շատ ուսանողների ու աշակերտների ընդգրկենք, որպեսզի հետագայում մեր մարզը նույնպես զարգանա, և տեղում ունենանք տարբեր ոլորտների բարձր որակավորում ունեցող մասնագետներ։ Սակայն, ցավոք, ԱՄՆ-ում քչերը գիտեն Վրաստանի, հատկապես Ջավախքի մասին, և դոնորներ ներգրավելը ֆինանսավորման համար մի փոքր դժվար է։ Այդ իսկ պատճառով մենք չենք կարող տարեկան 25-30 ուսանողից ավելի ֆինանսավորել»,- նշում է Հմայակ Գրիգորյանը։
Կրթաթոշակ ստանալու համար անհրաժեշտ է դիմել և անցնել երեք մրցութային փուլ. Իսկ կրթաթոշակ ստանալուց հետո կան մի շարք կանոններ, որոնց պետք է պահպանեն շահառուները։ Օրինակ՝ ամեն տարի նրանք պետք է կատարեն առնվազն 120 ժամ կամավոր աշխատանք, բուհերում պետք է միջինը 71 միավոր ունենան և այլն։
Հմայակ Գրիգորյանն ավելի մանրամասն խոսեց մասնակցության պայմանների մասին.