Եվրոպացի գործընկերները հատել են Ռուբիկոնը՝ Վրաստանից պահանջելով ապաօլիգարխացում իրականացնել, կարծում է երկրի չորրորդ նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին։
«Ուղիղ ասել են՝ վեց ամիս ապաօլիգարխացման համար։ Երկրի քաղաքական լեզվով թարգմանված՝ դրանք վեց ամսից արտահերթ խորհրդարանական ընտրություններ են, որոնք օրինական կերպով կբերեն նոր կառավարություն»,- լրագրողներին ասել է Մարգվելաշվիլին։
Քաղաքական գործչի կարծիքով՝ Բրյուսելի որոշումը հիմնավորվում է մի քանի փաստարկներով. դրանք են 2020 թվականի «բացարձակապես ոչ լեգիտիմ» խորհրդարանական ընտրությունները և իշխող «Վրացական երազանքի»՝ միջկուսակցական «Շառլ Միշելի համաձայնագիրը» իրականացնելուց հրաժարվելը։
Երկուշաբթի օրը նախկին նախագահը Թբիլիսիի կենտրոնում մասնակցել է «Տուն դեպի Եվրոպա» բողոքի ցույցին։ Ցուցարարները վրացական իշխանություններին մեղադրում են այն բանի համար, որ երկրին մերժում են ԵՄ-ին անդամակցելու թեկնածուի կարգավիճակը։ Նրանք հայտարարեցին եվրաինտեգրմանն աջակցող քաղաքացիական շարժման ստեղծման մասին և զգուշացրին Վրաստանում նոր լայնածավալ բողոքի ցույցերի մասին։
Հունիսի 17-ին Եվրահանձնաժողովը խորհուրդ է տվել Վրաստանին թեկնածուի կարգավիճակ տրամադրել միայն մի շարք պայմանների կատարումից հետո: Դրանցից են բևեռացման հաղթահարումը, ապաօլիգարխիզացումը, դատարանների և ընտրական համակարգի բարեփոխումները և այլն։ Բրյուսելն ընդգծել է, որ իրենք կստուգեն, թե ինչպես է երկիրը հաղթահարել առաջադրանքը 2022 թվականի վերջին։
ԵՄ առաջնորդները վերջնական որոշում կկայացնեն Վրաստանին, Ուկրաինային և Մոլդովային թեկնածուի կարգավիճակ տրամադրելու կամ մերժելու վերաբերյալ հունիսի 23-24-ը Բրյուսելում կայանալիք գագաթնաժողովում։