Նինոծմինդա քաղաքի փողոցների ասֆալտապատման աշխատանքների մի մասը մոտենում է ավարտին։
Ներկայումս ինչպես քաղաքի փողոցներում, այնպես էլ դեպի գյուղերի ուղղությամբ, որտեղ նախատեսվում է ասֆալտապատում, ինտենսիվ աշխատանքներ են իրականացվում։
Նինոծմինդա քաղաքում, ըստ նախագծի, այս տարի նախատեսվում էր ասֆալտապատել քաղաքի վեց փողոց։
Այս պահին Կարսի և Խոջաբեկյան երկու փողոցների ասֆալտապատումն ավարտվել է, Ասֆալտապատում են Հայոս Քարթլոս փողոցում։
Քաղաքի երեք փողոցների մրցույթի համար նախատեսված գումարը հետևյալն է՝ Կարս՝ 335,800 լարի, Խոջաբեկյան՝ 40,000, Հայոս Քարթլոս՝ 325,800 լարի։
Ինչ վերաբերում է քաղաքի մյուս երեք փողոցներին՝ Քութայիսյան Կարլ-Մարքս, Չապաեւի, ապա հայտարարված է երկրորդ մրցույթը, որը կկայանա հունիսի 30-ին։
Աշխատանքներն իրականացնում է Ջավախավթոգզա ճանապարհաշինական ընկերությունը։
Ջավախավթոգզա ընկերության ներկայացուցչի խոսքով, ասֆալտապատումն ավարտվում է քաղաքի երեք փողոցներում։ Գյուղերի ուղղությամբ նույնպես աշխատանքներ են տարվում։ Հայոս Քարթլոս փողոցում ասֆալտապատում են. Այստեղ, ըստ նախագծի, նախագծվել են մայթեր, սակայն բնակիչների պահանջով նախագիծը փոխվել է։ Գրավոր դիմել են քաղաքապետարան, որտեղ ճշգրտում են կատարել նախագծում ու մայթերի փոխարեն ասֆալտն են ընդլայնել։ Ասֆալտի լայնությունը կկազմի ավելի քան 6 մետր։ Ասֆալտի առաջին շերտի հաստությունը 6 սմ է, իսկ երկրորդ շերտը՝ 4 սմ։