Վրաստանի աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարարության տվյալներով՝ օտարերկրյա քաղաքացիները, ովքեր ապրում են Վրաստանում և ունեն մշտական բնակության իրավունք և թոշակային տարիքի են, կարող են պետական կենսաթոշակ ստանալ։ Սույն օրենքն ուժի մեջ է մտել 2022 թվականի մայիսին։
Ինչպես տեղեկացանք Նինոծմինդայի սոցիալական ապահովության գործակալությունից, կապ չունի քաղաքացին այլ երկրում կենսաթոշակ ստանում է՝ թե ոչ, եթե նա ունի Վրաստանում մշտական կացության իրավունք և վերջին 10 տարում օրինավոր ապրել է Վրատանում, ապա կստանա կենսաթոշակ։ Նա սոցիալական ծառայության գործակալություն պետք է ներկայացնի տեղեկատվական քարտ, որտեղ հաստատված կլինի տվյալ անձի Վրաստանի տարածքում վերջին 10 տարում օրինավոր ապրելու մասին տեղեկություն։ Այդ քարտը հնարավոր է ստանալ արդարադատության տնից և պետք է ներկայացնել շրջանի սոցիալական ծառայության գործակալություն, և միայն այդ դեպքում կնշանակվի պետական կենսաթոշակ:
Օտարերկրյա քաղաքացու մշտական կացության մասին տեղեկատվական քարտը տալիս է Վրաստանում արդարադատության նախարարության պետական վերահսկողության ներքո գործող, հանրային գործակալության իրավաբանական անձանց պետական ծառայությունների զարգացման գործակալությունը:
Կենսաթոշակային տարիքը տղամարդկանց համար 65 է, իսկ կանանց համար՝ 60։ Լեռնային շրջաններում մինչև 70 տարեկանների կենսաթոշակը կազմում է 312 լարի, իսկ 70 տարեկանից բարձր անձանց համար՝ 360 լարի։