Հունիսի 21-ին Ախալքալաքի ռեֆերալ հիվանդանոցի ծննդատանը լույս աշխարհ է եկել Նինոծմինդայի շրջանի Գանձա գյուղում բնակվող Ղազարյանների ընտանիքի 14-րդ երեխան՝ Դանիելը։
Դանիելը ծնվել է 2կգ 600գրամ, նրա հասակը 48սմ է, նրա վիճակը լավ է: Վարդուհի Ղազարյանը երջանիկ, բազմազավակ մայր է: Նորից երեխա լույս աշխարհ բերելուն դեմ չէ: “Աստված եթե տա, անպայման նորից կծննդաբերեմ”, – ասում է նա:
Բժիշկները հիացած և զարմացած են Վարդուհու մայր տեսակից:
“Այսպիսի ծնունդները բնության մեջ հազվագույտ են։ Նա շատ բարի հանգիստ կին է, հոգում մեծ հանգստություն ունի։ Ծննդաբերության ժամանակ ես շատ հանգիստ էի, ես վստահ էի, որ նրա ուժը ինձ կաջակցի, ես 25 տարի է ընդունում եմ ծնունդներ, ընդունել եմ 9-րդ երեխա, բայց սա իմ աշխատանքային փորձի ընթացքում առաջին դեպքն է (խմբ. որպես 14-րդ երեխա), ես շատ գոհ եմ”, – Jnews-ի հետ զրույցում ասաց գինեկոլոգ Արմենուհի Ռստակյանը։
Բժիշկը նաև զարմացած է Վարդուհու մարմնի կանացի առողջության և վերականգնողականության ունակությունից:
“Նրա ուժը բնությունից է վերականգնվում, գրեթե ամեն տարի ծննդաբերում է, բայց ընդհանրապես դեղերի կարիք չունի, ես նրան ոչ մի տեսակի դեղեր չեմ նշանակում”, – ասում է Արմենուհի Ռստակյանը:
Ղազարյանների ընտանիքը ունի 8 որդի և 6 դուստր՝ Հակոբը, Ալեքսանը, Հովհաննեսը, Մանուկը արդեն ուսանող են։ Նարեն, Հարութը, Դավիթը, Արփին, Մարիամը, Գոհարը, Մկրտիչը և Լուսինեն դպրոցական և նախադպրոցական տարիքի են: Բոլորը ընդհանուր ուժերով մեծացնելու են Դանիելին։
Ախալքալաքի հիվանդանոցում կրկնակի ուրախ են նմանատիպ ծնունդներին, քանի որ ծննդաբերությունների քանակը այս տարի կտրուկ նվազել է:
“Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից հետո Ախալքալաքում նշանակալիորեն նվազել է ծնունդների քանակը, այսօրվա տվյալներով, 2022 թվականին ունեցել ենք 109 ծնունդ: Անցած տարի այս ժամանակահատվածում ունեինք 237 ծնունդ”, – ասաց Ախալքալաքի ռեֆերալ հիվանդանոցի գինեկոլոգիայի բաժնի վարիչ Զոյա Ռաիսյանը:
Նվերներ բազմազավակ ընտանիքին «SJGS գազ» ընկերության կողմից