Բուդապեշտում ընթացող ջրային մարզաձևերի աշխարհի առաջնությունում միջադեպ է գրանցվել: Ելույթի ժամանակ ԱՄՆ-ը ներկայացնող սինխրոն լողորդուհի Անիտա Ալվարեսը ջրի մեջ կորցրել է գիտակցությունը: Դա անմիջապես նկատել է նրա մարզիչը՝ Անդրեա Ֆուենտեսը, ու նույն պահին նետվել լողավազան։ Արդյունքում սինխրոն լողորդուհին փրկվել է և դուրս է բերվել ջրից։
«Ես լողում էի նրա մոտ այնքան արագ, որքան կարող էի: Երբ ես նրան դուրս քաշեցի, նա չէր շնչում, ծնոտը սեղմված էր։ Ես դրեցի նրան կողքի վրա, որովհետև մեջքի վրա թողնելը սխալ է: Երկու րոպե նա չէր շնչում, մի պահ ես շատ վախեցա»,- ասել է մարզիչը։
Այժմ մարզուհու հետ ամեն ինչ կարգին է։ Ինչպես պարզվել է, նա կորցրել է գիտակցությունը գերլարման պատճառով։