ՀԱՅ գյուտարար, ում շնորհիվ մարդիկ ախտորոշում են քաղցկեղը. հենց նա է ՄՌՏ-ի հեղինակը

ՀԱՅ գյուտարար, ում շնորհիվ մարդիկ ախտորոշում են քաղցկեղը. հենց նա է ՄՌՏ-ի հեղինակը

«Ինձ համարում էին խելագար, երբ ես լսարանում արտահայտեցի մարդուն մագնիսի մեջ տեղակայելու միտքը։ Այն ժամանակ այն անմիտ թվաց»։

Հայազգի գյուտարար Ռեյմոնդ Դամադյանը հայտնագործել է մագնիսառեզոնանսային պատկերի ախտորոշման սարքը, որը հնարավորություն է տալիս զննել ներքին օրգաններն առանց վիրահատական միջամտության։

Դամադյանները ԱՄՆ են տեղափոխվել Ցեղասպանության տարիներին, այնտեղ էլ հաստատվել ընտանիքով: Ռեյմոնդ Դամադյանը ծնվել է 1936 թ-ին Նյու Յորքում, հայկական ընտանիքում: 

Մանկության տարիներին Ռեյմոնդ Դամադյանը զբաղվում էր երաժշտությամբ և երազում էր դառնալ հանրահայտ ջութակահար։ Սակայն սիրելի տատիկի երկարատև հիվանդությունից և մահից հետո (հայտնաբերվել էր կրծքագեղձի քաղցկեղ) Ռեյմոնդը երդվեց իր կյանքը նվիրել ուռուցքային հիվանդություններին։

Նա ուսումնասիրեց ուռուցքների հատկությունները։ 1971 թ. Հարվարդի ասպիրանտ Դամադյանը Science ամսագրի հոդվածում հաղորդեց, որ ուռուցքները և նորմալ հյուսվածքները տարբեր ձևով են արձագանքում միջուկային մագնիսական ռեզոնանսին։ Նա առաջինն առաջարկեց այս մեխանիզմը կիրառել քաղցկեղի վաղ ախտորոշման համար։

1974 թ. Դամադյանը ստացավ ՄՌՏ բնագավառում առաջին արտոնագիրը՝ չարորակ ուռուցքների ախտորոշման համար։ Դամադյանի հետ գրեթե միաժամանակ աշխատում էին բրիտանացի ֆիզիկոս Փիթեր Մենսֆիլդը և ֆրանսիացի քիմիկոս Փոլ Քրիստիան Լոտերբուրը։

2003թ. բժշկության բնագավառում ՄՌՏ-ի գյուտի համար Նոբելյան հանձնաժողովը մըրցանակակիրների ցուցակի մեջ ընդգրկեց միայն Մենսֆիլդի և Լոտերբուրի անունները՝ այդպես էլ Դամադյանին մրցանակ չշնորհելով։

2002թ. մի առիթով Դամադյանն ասել է. «Եթե ես չծնվեի, արդյոք ՄՌՏ գոյություն կունենա՞ր։ Ես, ի վերջո, կբացահայտեի երևույթը»։

«Առանց Դամադյանի հայտնագործության հայտնի չէր լինի, որ միջուկային մագնիսական ռեզոնանսի միջոցով կարելի է հայտնաբերել քաղցկեղը և այլ լուրջ հիվանդություններ», — գրում են Ջ. Մեթսոնը և Մ. Սայմոնը իրենց «ՄՌՏ-ի պատմությունը» գրքում։