Գերհզոր ցիկլոնային ամպը հասել է Երևան
Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։
Երեկ երեկոյան Երևանի արևելյան և հարավային հատվածներում դիտվել է ուժգին ամպրոպ, տեղատարափ անձրև և կարկուտ, որն ուղեկցվել է ուժգին քամիներով։
Ամպրոպային ամպն առաջացել է Արարատ լեռան լանջերին՝ այնուհետև զարգանալով ներթափանցել Երևան։ Օդերևութաբանական ռադարի և արբանյակային լուսանկարների վերլուծությունը ցույց են տալիս, որ այդ ամպրոպային ամպը եղել է գերհզոր գոյացություն, գագաթի բարձրությունը հասել է 16 կմ-ի, ուղղաձիգ հզորությունը՝ 13 կմ-ի, ամպի գագաթում օդի ջերմաստիճանը նվազել է մինչև -60 աստիճան։
Ամպում առկա է եղել պտտահողմ, որը մայրաքաղաքի տարբեր հատվածներում տապալել է ծառեր, պոկել տանիքներ։
Երևանի մի շարք հատվածներում 20 րոպեի ընթացքում թափվել է ամսական տեղումների նորմայի չափ անձրև։
Նման ուժգնության ամպրոպները տարվա այս ժամանակահատվածում Երևանի համար հազվադեպ օդերևութաբանական երևույթ են և կրկնվում են միջինը 10 տարին մեկ անգամ։
Առաջիկա 5 օրերին ցիկլոնային գործունեությունը հանրապետության տարածքում պահպանվելու է, հատկապես երեկոյան ժամերին շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում կտեղա նաև կարկուտ։
Մինչև ամսվա վերջին օրերը հանրապետության տարածքում օդի ջերմաստիճանի բարձրացում չի կանխատեսվում, քանի որ մեր երկիրը գտնվում է Սև ծովի կողմից եկող սառը օդային հոսանքների ազդեցության գոտում։