Ուկրաինան և Մոլդովան ստացան ԵՄ անդամ երկրի թեկնածուի կարգավիճակ, իսկ Վրաստանը՝ ԵՄ անդամ երկիր դառնալու հեռանկար

Ուկրաինան և Մոլդովան ստացան ԵՄ անդամ երկրի թեկնածուի կարգավիճակ, իսկ Վրաստանը՝ ԵՄ անդամ երկիր դառնալու հեռանկար

Հունիսի 23-ին Եվրոպական խորհուրդը որոշեց ԵՄ անդամ երկրի թեկնածուի կարգավիճակ շնորհել Ուկրաինային և Մոլդովային։

«Պահը պատմական է։ Այս օրը նշանավորվում է դեպի ԵՄ ձեր ճանապարհին կարևոր քայլով։ Շնորհավորում եմ Զելենսկիին և Մայա Սանդուին, ինչպես նաև Ուկրաինայի ու Մոլդովայի ժողովուրդներին։ Մեր ապագան միասին է»,- Twitter-ում գրել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը:

Միևնույն ժամանակ, Խորհուրդը որոշել է ճանաչել Վրաստանի եվրոպական հեռանկարը և, Միշելի խոսքերով, «պատրաստ է թեկնածուի կարգավիճակ տալ, երբ լուծվեն խնդրահարույց առաջնահերթությունների հետ կապված հարցերը»:

Որոշումը հետևում է ԵՄ անդամակցության բոլոր երեք դիմումների վերաբերյալ հունիսի 17-ին Եվրոպական հանձնաժողովի կողմից հրապարակված կարծիքներին:

«Ես անչափ գոհ եմ առաջնորդների կողմից մեր կարծիքների հաստատումից։ Բնականաբար, բոլոր երկրները տնային աշխատանք ունեն կատարելու՝ նախքան անդամակցության գործընթացի հաջորդ փուլին անցնելը։ Բայց ես համոզված եմ, որ նրանք բոլորը հնարավորինս արագ կգործեն և հնարավորինս կաշխատեն անհրաժեշտ բարեփոխումներն իրականացնելու համար»,- ասել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Խորհրդի նիստին հաջորդած մամուլի ասուլիսում: Նա հավելել է, որ ԵՄ-ին անդամակցելու համար անհրաժեշտ փոփոխություններն առաջին հերթին օգուտ կբերեն պետությունների ժողովրդավարությանը, տնտեսությանը և քաղաքացիներին։

«Այս որոշումն ուժ է տալիս բոլորիս։ Այն ուժ է տալիս Ուկրաինային, Մոլդովային և Վրաստանին՝ ի դեմս ռուսական կայսերապաշտության, և ուժ է տալիս Եվրոպական միությանը, որովհետև ևս մեկ անգամ ցույց է տալիս աշխարհին, որ մենք միասնական և ուժեղ ենք արտաքին սպառնալիքների դեմ հանդիման», – ասել է Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։

ԵՄ խորդրդի կողմից հունիսի 23-ին ընդունված եզրակացություններում ասված է.

  • Եվրոպական խորհուրդը ճանաչում է Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի եվրոպական հեռանկարը։ Այս երկրների և նրանց քաղաքացիների ապագան Եվրոպական միությունում է:
  • Եվրոպական խորհուրդը որոշել է թեկնածու երկրի կարգավիճակ շնորհել Ուկրաինային և Մոլդովային։
  • Հանձնաժողովը հրավիրվում է Խորհրդին զեկուցելու համապատասխան անդամության հայտերի վերաբերյալ Հանձնաժողովի կարծիքներում նշված պայմանների կատարման մասին՝ որպես իր ընդլայնման կանոնավոր միջոցառումների փաթեթի մաս: Խորհուրդը կորոշի հետագա քայլերը, երբ նշված բոլոր պայմաններն ամբողջությամբ կատարվեն:
  • Եվրոպական խորհուրդը պատրաստ է թեկնածու երկրի կարգավիճակ շնորհել Վրաստանին, երբ լուծվեն Վրաստանի անդամակցության հայտի վերաբերյալ Հանձնաժողովի եզրակացության մեջ նշված առաջնահերթությունների հետ կապված հարցերը:
  • Դեպի Եվրոպական միություն յուրաքանչյուր երկրի առաջընթացը կախված կլինի Կոպենհագենյան չափանիշներին համապատասխանելու նրա արժանիքներից՝ հաշվի առնելով նոր անդամներ ներգրավելու ԵՄ կարողությունը:

ԵՄ աջակցությամբ կայացել է «Այցելիր Ծալկա» գյուղական փառատոնը

Հունիսի 11-ին Ծալկայում տեղի ունեցավ ԵՄ աջակցությամբ գյուղական փառատոնը:

«Այցելիր Ծալկա» փառատոնը կազմակերպվել էր ԵՄ կողմից ֆինանսավորվող «EMBRACE Tsalka» ծրագրի շրջանակում՝ Կովկասի բնապահպանական ՀԿ-ների ցանցի (CENN), Ծալկայի տեղական գործողությունների խմբի (ՏԳԽ) և Վրաստանի ֆերմերների ասոցիացիայի կողմից:

Փառատոնը ներառում էր ձեռնարկատերերի, սկսնակ և փոքր բիզնեսների ու ԵՄ կողմից ֆինանսավորվող այլ նախագծերի արտադրանքի ցուցահանդես-վաճառք: Տեղի ունեցավ նաև երիտասարդների համար կրթական միջոցառում և երեխաների նկարների ցուցահանդես-վաճառք։ Նկարների վաճառքից ստացված հասույթը հանգանակվեց ի աջակցություն Ուկրաինայի ժողովրդին։

Փառատոնի հյուրերին առաջարկվեց նաև ծանոթանալ Ծալկայի կիրճի զբոսաշրջային երթուղուն և առհասարակ Ծալկայի զբոսաշրջային ներուժին։

«Այս փառատոնը Ծալկան բացահայտելու, տեղացիների ինտեգրմանն աջակցելու, զբոսաշրջային ներուժը զարգացնելու և գործնական կապեր հաստատելու հիանալի հնարավորություն է»,- ասել է CENN-ի ծրագրերի ղեկավար Մելանո Տկաբլաձեն:

ԵՄ-ն և ՄՄԿ-ն արագ արձագանքման նավակներ են նվիրել Վրաստանի առափնյա պահպանության ծառայությանը

Հունիսի 16-ին Եվրոպական միությունը և Միգրացիայի միջազգային կազմակերպությունը (ՄՄԿ) չորս ժամանակակից մոտորանավակ նվիրեցին Վրաստանի առափնյա պահպանության ծառայությանը:

Շուրջ 5 միլիոն լարի ընդհանուր արժողությամբ այս արագ արձագանքման նավակները տեղակայվելու են Փոթիում և Բաթումում։ Դրանք կաջակցեն առափնյա պահակային ծառայությանը ափամերձ ջրերում պարեկություն և արդյունավետ որոնողափրկարարական գործողություններ իրականացնելու, ինչպես նաև արգելակման հնարավորությունների ընդլայնման գործում:

Մոտորանավակների հիմնական տեխնիկական բնութագրերը հարմարեցվել են առափնյա պահպանության կարիքներին՝ Վրաստանում արդեն իսկ գործող ծովային հսկողության սարքավորումների և համակարգերի հետ համատեղելիություն ապահովելու համար:

«Վրաստանում, ինչպես ցանկացած երկրում, քաղաքացիների համար առանցքային են անվտանգ և ապահով սահմանները: ԵՄ-ի և Վրաստանի միջև ֆիզիկական կամրջի՝ Սև ծովի և նրա շրջակայքի անվտանգության ապահովումն ընդհանուր առաջնահերթություն է և՛ Վրաստանի, և՛ ԵՄ-ի համար»,- Փոթիում տեղի ունեցած արարողության ժամանակ ասել է Վրաստանում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչ Կատալին Գերմանը:

Մոտորանավակները նվիրաբերվել են «Աջակցություն Վրաստանում սահմանների ինտեգրված կառավարմանը» նախագծի շրջանակներում, որն, իր հերթին, իրականացվում է ՄՄԿ-ի կողմից՝ ԵՄ-ի «ԵՄ-ն՝ հանուն Վրաստանում անվտանգության, հաշվետվողականության և հանցավորության դեմ պայքարի» (SAFE) ծրագրի շրջանակներում։

Թբիլիսիում կայացել է ԵՄ-Վրաստան առաջին գործարար համաժողովը

Հունիսի 21-ին Թբիլիսիում կայացավ «ԵՄ-Վրաստան գործարար համաժողով 2022» միջոցառումը, որն առաջինն էր իր տեսակի մեջ և կազմակերպվել էր Եվրոպական բիզնես ասոցիացիայի (EBA) կողմից՝ Եվրոպական միության աջակցությամբ։

Համաժողովին ներկա էին ավելի քան 200 մասնակիցներ, այդ թվում՝ Վրաստանում ԵՄ դեսպան Կարլ Հարցելը, Վրաստանի խորհրդարանի, կառավարության, բիզնեսին աջակցող կազմակերպությունների, տարբեր ոլորտների եվրոպական ընկերությունների, դիվանագիտական կորպուսի, միջազգային կազմակերպությունների և ֆինանսական կառույցների ներկայացուցիչներ:

Միջոցառման շրջանակում հատուկ կազմակերպված տարածք էր հատկացվել մասնակիցների միջև B2B հանդիպումների համար: Զուգահեռաբար տեղի ունեցավ նաև եվրոպական հաջողակ ընկերությունների ապրանքների ցուցահանդես։

Եվրոպական բիզնես ասոցիացիան ներկայացրեց նաև Եվրոպական տնտեսական համագործակցության պլատֆորմի (EECP) իր հայեցակարգը՝ որպես բիզնես ոլորտի ասոցիացիաների միջև համագործակցության ամրապնդման մեխանիզմ։

«Եվրոպական միությունը երկար ժամանակ է, ինչ հանդես է եկել ԵՄ-ի հետ առևտրի մեջ ներգրավված եվրոպական բիզնեսի և վրացական բիզնեսի ձայնի ուժեղացման օգտին: Սա հիմք է հանդիսացել EBA-ի հետ համատեղ տնտեսական համագործակցության եվրոպական պլատֆորմ ստեղծելու մեր աշխատանքի համար: Այս հարթակի գործարկմամբ՝ մենք որակական քայլ ենք կատարում առ այս հավակնությունների իրականացումը»,- ասել է Վրաստանում ԵՄ դեսպան Կարլ Հարցելը։

Վրաստանն ու ԵՄ-ն անցկացրել են մարդու իրավունքների շուրջ հերթական ամենամյա երկխոսությունը

Հունիսի 22-ին Բրյուսելում ԵՄ-ն և Վրաստանը անցկացրել են մարդու իրավունքների շուրջ ամենամյա երկխոսության 15-րդ փուլը։

Մասնակիցները մտքեր են փոխանակել Վրաստանում մարդու իրավունքների իրավիճակի և 2021 թվականի հուլիսի վերջին կայացած երկխոսությունից հետո ժողովրդավարության և մարդու իրավունքների խթանման և պաշտպանության ոլորտում վերջին զարգացումների վերաբերյալ։

Վրաստանի պատվիրակությունը գլխավորում էր երկրի արտաքին գործերի փոխնախարար Թեյմուրազ Գյանջալիան, իսկ ԵՄ պատվիրակությունը՝ Ռիչարդ Թիբելսը` Արտաքին գործողությունների եվրոպական ծառայությունից: Հանդիպմանը մասնակցել է նաև Մարդու իրավունքների հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Էյմոն Գիլմորը։

Մարդու իրավունքների վերաբերյալ ԵՄ-Վրաստան հաջորդ երկխոսությունը նախատեսվում է անցկացնել Թբիլիսիում 2023 թվականին։

ԵՄ-ը և «ՄԱԿ-Կանայք» կառույցը մեկնարկում են ՔՀԿ-ների համար նոր հայտամրցույթ՝ ի նպաստ Արևելյան գործընկերության երկրներում գենդերային հավասարության

«ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության» (EU4Gender Equality) ծրագիրը հայտարարել է նոր հայտամրցույթ, որն ուղղված է Արևելյան գործընկերության վեց երկրների (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա և Ուկրաինա) քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կողմից գենդերային հավասարության խթանմանը, կանանց հզորացմանը, սեռով պայմանավորված բռնության կանխարգելմանն ու դրա դեմ պայքարին։

Այս հայտամրցույթի նպատակն է նպաստել կարողությունների զարգացման, իրազեկության բարձրացման, հաղորդակցության, սոցիալական մոբիլիզացման և/կամ այլ ստեղծագործական լուծումներին, որոնք կօգնեն հանրության ուշադրությունը հրավիրել գենդերային կարծրատիպերի, սոցիալական նորմերի և կանանց և աղջիկների նկատմամբ խտրական պրակտիկաների վրա:

Ակնկալվում է, որ ծրագրային հայտերով կառարաջարկվեն երկու կամ ավելի երկրների ներառմամբ միջազգային նախաձեռնություններ։

Միջոցները կհատկացվեն արդյունքների վրա հիմնված բյուջետավորման սկզբունքով։

Դիմումների ընդունման վերջնաժամկետը հուլիսի 1-ն է։

Սույն հայտամրցույթը հայտարարվել է ԵՄ ֆինանսավորմամբ «ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության. միասին ընդդեմ գենդերային կարծատիպերի և բռնության» ծրագրի շրջանակում, որը համատեղ կարգով իրականացվում է «ՄԱԿ-Կանայք» կառույցի և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից:

Թափուր աշխատատեղ. Վրաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի համակարգող

Վրաստանի կրթության և գիտության նախարարությունը, Վրաստանում ԵՄ պատվիրակությունը և Եվրոպական հանձնաժողովի կրթության և մշակույթի գործադիր գործակալությունը (EACEA) փնտրում են Էրազմուս+ ազգային գրասենյակի (NEO) տեղական համակարգողի։

Նրա պարտականությունների շրջանակը կներառի, ի թիվս այլոց, տեղեկատվական արշավների կազմակերպումը և վարումը, տեղական դիմորդների վերապատրաստումը, տեխնիկական և վարչական անձնակազմի կառավարումը և այլն:

Թեկնածուն պետք է ունենա բուհական կրթական աստիճան, ծրագրերի կառավարման առնվազն 5 տարվա փորձ, որի մի մասը ԵՄ կողմից ֆինանսավորվող և/կամ միջազգային նախագծերի շրջանակներում, ինչպես նաև վարժ տիրապետի վրացերեն և անգլերեն լեզուներին:

Ամսական համախառն աշխատավարձը կկազմի առավելագույնը 2,067 եվրո:

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է հուլիսի 4-ը։

«Erasmus+»-ը Եվրոպական միության ծրագիր է, որն ուղղված է աջակցելու կրթությանը, ուսուցմանը, երիտասարդությանը և սպորտին:

«10 օր» նախագիծն իրականացվում է ԵՄ Արևելյան հարևաններ ծրագրի և Լրատվական ռադիոյի հետ համատեղ:

Վրաստանում ԵՄ ֆինանսավորմամբ ծրագրերից  ավելի շատ լուրերի և հնարավորությունների ծանոթանալու համար այցելեք ԵՄ Արևելյան հարևաններ ծրագրի կայք։

Radio NOR · Ուկրաինան և Մոլդովան ստացան ԵՄ անդամ երկրի թեկնածուի կարգավիճակ