Վրաստանը բացել է ավտոմեքենաների երթեւեկությունը դեպի Ռուսաստան։ Այս մասին քիչ առաջ հայտարարել է Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտը։
Գործակալությունը նշում է, որ «ինտենսիվ աշխատանքի արդյունքում» Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային ավտոճանապարհի 136-րդ կիլոմետրում երթեւեկությունը վերականգնվել է։
Ճանապարհային վարչությունից նշել են, որ այս փուլում մեքենաները կշարժվեն ժամանակավոր ճանապարհով։
«Միևնույն ժամանակ նախատեսվում է և կիրականացվի ճանապարհի հիմնանորոգում», – հայտնում են նախարարությունից։
Ճանապարհի վնասված հատվածը գտնվում է «չեզոք գոտում»՝ Վրաստանի և Ռուսաստանի սահմանների միջև, վրացական Ղազբեգի անցակետի և ռուսական Վերին Լարսի անցակետի միջև։
Այսօր առավոտյան Վրաստանի և Ռուսաստանի սահմանին իրավիճակը լրջորեն բարդացել է՝ Թերեք և Դևդորակի գետերը դուրս են եկել ափերից և քշել ճանապարհի 80 մետրանոց հատվածը հենց «չեզոք գոտում»։
Վատ եղանակի պատճառով այսօր սահմանից տարհանվել են Վրաստանի մաքսավորները և ճանապարհորդները։ «Ղազբեգի» անցակետը ժամանակավորապես դադարեցրել է աշխատանքը.
Ներկայումս մոտ 260 բեռնատարներ սպասում են դեպի Ռուսաստան ճանապարհի բացմանը. մեքենաները տեղակայված են Ղազբեգի անցակետի TIR այգում։
Վրաստանի մաքսավորները խոստացել են, որ ճանապարհի երթեւեկությունը վերականգնելուց անմիջապես հետո կվերսկսեն սահմանի հատման ընթացակարգերը։
Այսօր նաև Դարիալի կիրճում մայրուղու մոտ միանգամից մի քանի տեղ քարաթափում է գրանցվել։ Ընդհանուր առմամբ վնասվել է Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի մինչև 80 հատված՝ սա Վրաստանն ու Հայաստանը Ռուսաստանի հետ կապող միակ ցամաքային ճանապարհն է։