Վրաստանի եվրաինտեգրումը ոչ միայն ցանկացած կառավարության, այլեւ վրաց ժողովրդի ընտրությունն է։ Այդ մասին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է Մադրիդում, ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հանդիպման ժամանակ։
Կառավարության վարչակազմը հայտնում է, որ բանակցությունների ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել Վրաստանի եվրոպական հեռանկարի քննարկմանը։
Ղարիբաշվիլին Վրաստանի եվրոպական հեռանկարն անվանել է «պատմական որոշում»:
Վարչապետը խոստացել է, որ Վրաստանը «ակտիվորեն կաշխատի թեկնածուի կարգավիճակ տրամադրելու վերաբերյալ Եվրահանձնաժողովի հանձնարարականների կատարման վրա» և շնորհակալություն է հայտնել Շառլ Միշելին՝ երկրի եվրաինտեգրմանը ցուցաբերած անձնական աջակցության համար։
«Հրաշալի հանդիպում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Հենց որ որոշում կայացվի Վրաստանի՝ ԵՄ անդամակցության հեռանկարների վերաբերյալ, մենք սերտորեն համագործակցելու ենք՝ Վրաստանը ԵՄ-ի թեկնածուի կարգավիճակ ստանալու իր ճանապարհին շարժելու համար:
Ես վերահաստատեցի մեր կառավարության հանձնառությունը՝ անխոնջ աշխատելու Եվրահանձնաժողովի կողմից սահմանված բոլոր առաջնահերթություններին հասնելու համար», – հանդիպումից հետո թվիթերում գրել է Ղարիբաշվիլին:
Զրույցն անդրադարձել է Ուկրաինայում ընթացող պատերազմին և դրա հետևանքով Արևելյան Եվրոպայի տարածաշրջանում անվտանգության վատթարացմանը։
«Վարչապետը ևս մեկ անգամ արձանագրել է Վրաստանի կառավարության և վրաց ժողովրդի համերաշխությունն ու անսասան աջակցությունն Ուկրաինային»,- ասվում է պաշտոնական հաղորդագրության մեջ։
Շառլ Միշելը նաև «աշխարհառազմավարական պահ» է անվանել Բրյուսելի որոշումը՝ ապագայում Վրաստանն ընդունելու ԵՄ կազմում։
«Վրաստանի վարչապետի հետ հանդիպման ժամանակ նա վերահաստատել է ԵՄ աջակցությունը Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը։ Սա իսկապես աշխարհառազմավարական պահ է։
Անցյալ շաբաթ #EUCO-ն որոշեց Վրաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու հեռանկարը։ Մենք պարտավորվում ենք շարունակել աջակցել բարեփոխումների այնքան անհրաժեշտ գործընթացին», – թվիթերում գրել է Եվրոպական խորհրդի նախագահը:
Հունիսի 23-ին ԵՄ երկրների ղեկավարները որոշել են ճանաչել Վրաստանի եվրոպական հեռանկարը և որոշակի առաջնահերթությունների իրականացումից անմիջապես հետո նրան տալ թեկնածուի կարգավիճակ։ Դրանք բոլորը ձեւակերպված են Եվրահանձնաժողովի հանձնարարականներում, որոնք բաղկացած են 12 կետից։ Դրանցից են. բևեռացման հաղթահարումը, ապաօլիգարխիզացումը, դատարանների և ընտրական համակարգի բարեփոխումները և այլն։ Եվրոպական հանձնաժողովի կողմից պայմանների կատարման առաջին գնահատումը պետք է իրականացվի 2022 թվականի վերջին։
Վրաստանում արդեն լայնածավալ ակցիաներ են տեղի ունեցել՝ պահանջելով Իրակլի Ղարիբաշվիլիի կաբինետի հրաժարականը եւ տեխնիկական կառավարություն ձեւավորել, որը բարեփոխումներ կիրականացնի։