Յուրաքանչյուր մարդու կյանքում գալիս է մի պահ, երբ նա պետք է ընտրի այն ճանապարհը, որը ցանկանում է գնալ:
Ավագ դպրոցում և ավարտելուց հետո դիմորդները կանգնում են կարևոր հարցերից մեկի առաջ. Ի՞նչ մասնագիտություն ընտրել. Այսօր կան բազմաթիվ մասնագիտություններ, որոնցով կարելի է զբաղվել, բայց դրանց թվի աճի հետ երիտասարդների շրջանում նույնպես մեծանում է անորոշությունը։
Նինոծմինդայի մունիցիպալիտետում վերջին տարիներին աճել է իրենց ընտրած մասնագիտությունը/ֆակուլտետը համալսարաններում փոխողների թիվը։ Դա պայմանավորված է բազմաթիվ արտաքին և ներքին գործոններով, որոնք ազդում են մարդու վրա: Փորձեցինք պարզել, թե որոնք են այդ գործոնները և ինչպես են դրանք ազդում դիմորդների վրա:
Նինոծմինդայից Լիանա Խմալաձեն և Ախալքալաքից Քրիստինա Օքրոյանն այն ուսանողներից են, ովքեր դեռևս չեն կարողանում կողմնորոշվել մասնագիտության հարցում։ Լիանան այժմ սովորում է անգլերենի ֆակուլտետում, սակայն ցանկանում է փոխել մասնագիտությունը։ «Ընդունվելիս ես չհասկացա, թե ինչ եմ ուզում անել ապագայում և ընտրեցի այն մասնագիտությունը, որն ինձ խորհուրդ տվեցին»:
Քրիստինան այժմ սովորում է SJSU-ի քոլեջում՝ համակարգչային տեխնոլոգիաների ֆակուլտետում: Նա իրեն փորձել է տարբեր բնագավառներում, այդ թվում՝ մեդիա և լեզվաբանություն։ «Ի սկզբանե ուզում էի իրավաբանական ֆակուլտետ ընդունվել, բայց ժամանակի ընթացքում հասկացա, որ դա այն մասնագիտությունը չէ, որն ինձ պետք է։ Այժմ մտքումս 3 մասնագիտություն կա, լրագրություն , համակարգչային տեխնոլոգիաներ և թարգմանիչ»:
ԹՊՀ հոգեբանության ուսանող Գոհար Աղջոյանի խոսքով, բոլոր ուսանողները բախվում են այս խնդրին. «Ես ինքս ստիպված էի անցնել սրա միջով: Մանկուց բոլորն ասում էին, որ ես կարող եմ լավ ուսուցիչ դառնալ, և ես ինքս հավատում էի դրան։ Սակայն, երբ սովորեցի նախապատրաստական (զրոյական) կուրսում, հասկացա, որ բոլորովին այլ հետաքրքրություններ ունեմ և, լսելով իմ ներքին ձայնը, որպես ապագա մասնագիտություն ընտրեցի հոգեբանությունը»,- ասում է Գոհարը։
Հարցին, թե ինչու ուսանողներն ու դիմորդները չեն կարողանում կողմնորոշվել իրենց ապագա մասնագիտության ընտրության հարցում, Գոհարը պատասխանեց, որ դրան նպաստող բազմաթիվ գործոններ կան.
Օրինակ՝ շատ երկրներում կրթական համակարգը նպատակաուղղված է իրական կյանքին նախապատրաստվելու համար։ Ուսանողները աշխատում են գործնական խնդիրների լուծման վրա և սովորում են գործնականում կիրառել գիտելիքները: Բրիտանական դպրոցներն ունեն անհատական, սոցիալական և առողջապահական կրթության առանձին ծրագիր։ Եվրոպական դպրոցներում կրթությունը հիմնված է անհատական մոտեցման վրա: Ուսանողները ծանոթանում են բոլոր առարկաներին, այնուհետև ընտրում իրենց ապագա մասնագիտության համար անհրաժեշտ առարկաները։ Պարապմունքներն անցկացվում են 12-15 հոգանոց փոքր խմբերով, որպեսզի բոլորը ժամանակ ունենան թեման սովորելու։ Ուսուցիչները դառնում են ուսանողների համար դաստիարակներ և օգնում որոշել կարիերայի և կյանքի նպատակները:
«Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր մարդ պետք է ընտրի իր ապագան։ Երբեմն կարելի է և անհրաժեշտ է հաշվի առնել ուրիշների կարծիքներն ու խորհուրդները, բայց մենք ինքներս պետք է որոշումներ կայացնենք»,- ասում է Գոհարը։