Մարդիկ «հոգեվարքի» մեջ են. ջավախահայերը հազարավոր դոլարներ են ներդրել Tesla Media կայքում

Մարդիկ «հոգեվարքի» մեջ են. ջավախահայերը հազարավոր դոլարներ են ներդրել Tesla Media կայքում

Հայաբնակ Ջավախքում տեղի բազմաթիվ բնակիչներ հայտնվել են անելանելի իրավիճակում: Բանն այն է, որ մի քանի ամիս շարունակ նրանք խոշոր գումարներ են ներդրել Teslavideomedia.com կայքում, սակայն երեկ գիշերվանից կայքը հանկարծակի դադարել է գործել, մարդիկ հազարավոր դոլարների կորուստ են կրել: Ավելի վաղ էլ հայտնի էր դարձել, որ Tesla Video Media-ի օգտատերերը մի քանի օր է՝ չեն կարողանում իրենց հաշիվներից գումար դուրս բերել:

Նշենք, որ այս կայքը վերջին մի քանի ամիսներին է լայն տարածում գտել տեղի բնակիչների շրջանում: Թեև ցանկացած պահի կայքը փակվելու կամ օգտատերերի մուտքը սահմանափակվելու սպառնալիքին, մարդիկ հերթով, միմյանց իմաց տալով՝ ներքաշվել են խաղադրույքային ծուղակի մեջ:

Կայքը առաջարկում էր գումար աշխատել որոշակի ներդրման դիմաց. Teslavideomedia.com-ի միջոցով օգտատերերը գրանցվում էին, մեկ խաղադրույքը սկսվում էր 500 ԱՄՆ դոլարից, վճարելուց հետո նրանք պետք է օրական որոշակի քանակի տեսանյութեր դիտեին, որոնք կայքն էր առաջարկում եւ դրա դիմաց էլ համակարգն առցանց տարբերակով որոշակի գումար էր վճարում: Խաղադրույքը կատարելուց հետո 20 օրից էր հնարավոր միայն գումարը հետ վերցնել, իսկ խաղադրույքի տոկոսներն ավելանում էին այդ 20 օրը լրանալուց հետո:  

1000 ԱՄՆ դոլարին համարժեք գումար ներդրած Վրաստանի քաղաքացի Հ. Մ-ն «Հայկական ժամանակի» հետ զրույցում պատմել է, որ մոտ 15 օր առաջ է խաղադրույք կատարել: «Հատուկ էջ ես բացում, որի համար անհրաժեշտ է էլեկտրոնային հասցե: Մեկ անձը կարող է մի քանի տարբեր էջեր բացել, բայց յուրաքանչուրի համար առանձին էլ.փոստ եւ գաղտնաբառ էր հարկավոր, ինչն էլ իմ ծանոթներից շատերն արել էին: Ինձ էլ խորհուրդ տվեցին, մտածեցի՝ եթե այդքան մարդ հավատացել ու հազարավոր դոլարների խաղադրույք է արել, ուրեմն մի բան գիտեն, հենց այնպես չէ»,- պատմել է նա:

Յուրաքանչյուր էջով խաղադրույք կատարելու համար նվազագույն գումարը սկսվել է 500 ԱՄՆ դոլարից: Գրանցվելուց հետո գրանցվող անձը գումարը փոխանցել է իրեն տրամադրվող հաշվեհամարին:

«Ես երկու էջ էի բացել, մեկի վրա օրական կուտակվում էր 24 ԱՄՆ դոլար, մյուսին՝ 26 դոլար, այդ էջերով ամեն օր մոտավորապես 16 գովազդային տեսանյութ պետք է նայեի: Նայում էի ու սպասում՝ մինչեւ կայքը խափանվեց»,- հավելել է Հ. Մ.-ն:

Զրուցակցի խոսքով՝ դիտելու համար առաջարկվող տեսանյութերը «Տիկտոկի» գովազդներ են հիշեցրել, հիմնականում՝ հագուստի, կոշիկի կամ որոշ ապրանքների մասին:

Մեկ այլ զրուցակցի դեպքում վիճակն ավելի բարդ է. Ա. Ս-ն ընտանիքի մի քանի տարվա կուտակած ամբողջ գումարն է ներդրել եւ այժմ անելանելի դրության մեջ է: Վերջինս նշեց, որ 15 հազար ԱՄՆ դոլարի ներդրում է արել, բայց հույս ունի, որ կայքը դեռ կվերականգնվի, եւ կկարողանան գոնե գումարները վերադարձնել: Ա. Ս-ն հայտնել է, որ իր համագյուղացիներից շատերն են խաղադրույք արել. ոմանք՝ 5000 դոլար, ոմանք՝ 15.000 դոլար, որոշներն էլ վարկեր են վերցրել, ոսկի եւ այլ թանկարժեք իրեր գրավադրել, այժմ փաստի առաջ կանգնել:

Ք. Ս-ի խոսքով էլ՝ առցանց խաղադրույք չէր, այլ թակարդ. «Հիմա զօրուգիշեր աշխատելու ենք, որ փակենք»: Վերջինս, սակայն, չցանկացավ նշել գումարի չափը:

Ջավախքում տեղի ունեցածի վերաբերյալ «Հայկական ժամանակ»-ը զրուցել է նաեւ Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սումբատ Կյուրեղյանի հետ:

Պատգամավորը նշել է, որ իրականում սարսափելի վիճակում է հայտնվել տեղի ազգաբնակչությունը. մոտ 60-70 տոկոսը ներգրավված է եղել առցանց խաղադրույքում:

«Որոշ մարդիկ սեփական տներն են վաճառել, հսկայական վարկեր վերցրել բանկերից: Չսահմանափակվելով «շահած» գումարով՝ անընդհատ ներդրումներ են արել: Այդ մարդիկ հիմա, մեղմ ասած, ծանր վիճակում են, «հոգեվարքի մեջ», անգամ երիտասարդ տղա կա, որը շեղում է ստացել: Սկզբնական շրջանում մարդիկ են եղել, որ ներդնելուց հետո որոշակի գումար շահել են, ապա «լավության կարգով»՝ ներգրավել իրենց բարեկամներին ու ծանոթներին: Հիմա մեկը մյուսին է պահանջներ ներկայացնում, իրար են մեղադրում, լարվածություն է առաջացել՝ չնայած այն բանի, որ բոլորն էլ գիտակցաբար եւ իրենց կամքով են ներքաշվել այդ խաղի մեջ»,- ասել է պատգամավորը:

Սումբատ Կյուրեղյանի խոսքով՝ վերջին մեկ ամսվա ընթացքում է լսել այս խաղադրույքների մասին, սակայն չի մտածել, որ այն կարող է զանգվածային բնույթ կրել: Պատգամավորի փոխանցմամբ՝ վերջին շրջանում զարմանալի բարձր էր բոլորի տրամադրությունը, ոգեւորության մեծ չափը, բանկերի դիմաց հսկայական հերթեր էին, բնակիչներն ամեն գնով վարկեր էին ձեւակերպում, որպեսզի իրենք էլ խաղադրույք կատարեն: 

«Զգուշացրել եմ ծանոթներիս զերծ մնալ, ասել՝ անհնար է նման ճանապարհով գումար աշխատել: Գիտեմ՝ մարդիկ են եղել, որոնք մինչեւ 50-100 հազարավոր դոլարներ են դրել»,-ասել է նա:

Հարցին՝ հնարավոր չէ՞ ինչ-որ կերպ այդ անձանց աջակցություն ցուցաբերել, իրավաբանական կամ այլ տեսանկյունից, պատգամավորը նկատել է. «Առայժմ ամեն ինչ շատ անորոշ է, կայքի փակման մասին լուրը երեկ գիշեր է հայտնի դարձել, շատերը դեռ հույս ունեն, որ ժամանակավոր տեխնիկական խնդիր է: Ամեն դեպքում, քրեական գործեր կհարուցվեն»:

Նա դժվարացել է ասել, թե նման պարագայում պետությունը որքանո՞վ կարող է այս անձանց աջակցել, քանի որ մասնավոր դեպքեր են, պարզապես՝ զանգվածային բնույթ կրող: «Սա դասական բուրգ էր, որը փլուզվեց: Աբսուրդի հասնող հանցագործություն է: Մեր ազգաբնակչությունը գիտակցորեն ընկել է թակարդը: Այս շոկից դուրս գանք, մեկ-երկու օր անցնի, տեսնենք՝ ինչ կարելի է անել: Բնականաբար, կփորձեմ ինչ-որ կերպ օգտակար լինել»,- վստահեցրել է նա:

Վրաստանում Հայաստանի դեսպանատնից էլ հայտնել են, որ խնդրից տեղյակ են, այն այս օրերին բավականին մեծ հնչողություն է ստացել Վրաստանում: Մեզ փոխանցեցին, որ մինչեւ մեր հեռախոսազրույցը դեսպանատուն դեռ որեւէ ՀՀ քաղաքացի չի դիմել այս հարցով: «Ըստ էության՝ այս պահի դրությամբ դեսպանությունը որեւէ ներգրավվածություն չունի: Հաշվի առնելով լրատվամիջոցներով եւ հանրության շրջանում հնչեցվող խաբված անձանց թիվը՝ վստահաբար քրեական գործ է հարուցվել կամ կհարուցվի»,- հայտնել են Վրաստանում ՀՀ դեսպանատնից:

Հիշեցնենք՝ ըստ Google Trends-ի, Teslavideomedia.com կայքը ամենահայտնի կայքերից է եղել Վրաստանում։ Այս կայքի հանրաճանաչությունը այնտեղ գնահատվել է 100 միավոր, իսկ երկրորդ եւ երրորդ տեղերում Հայաստանն ու Ադրբեջանն են։ Հետեւաբար, այս համակարգից օգտվողների մեծ մասը գրանցվել է Վրաստանից: Նկատենք՝ առայժմ տեղեկություններ չկան՝ ՀՀ-ում այս կայքի ծուղակը հայտնված քաղաքացիներ կա՞ն, թե՞ ոչ:

Նշենք, որ, ըստ վրացական լրատվամիջոցների, Teslavideomedia.com-ը գրանցվել է 2022 թվականի մարտի 3-ին։