Ժամանակակից աշխարհում կյանքի կարևորագույն ընտրություններից է ճիշտ մասնագիտությունը։ Սամցխե-Ջավախեթիի երիտասարդների մասնագիտական ընտրությունը մի քանի ենթապայմաններ եւ գործոններ ունի․ երբեմն ծնողներն են որոշում, երբեմն կարիքն է ստիպում, երբեմն էլ պարզապես որևէ մեկին նմանվելու ցանկությունն է ուղղորդում ընտրել այս կամ այն մասնագիտությունը։ Շատ հաճախ սխալ ընտրված մասնագիտությունը խոչընդոտ է դառնում ամբողջ կյանքի համար։
Մասնագիտական ուղեցույցներ կամ նման կենտրոններ չկան։ Այնուամենայնիվ ի՞նչով է պայմանավորված մասնագիտության ընտրությունը, ի՞նչ ազդակներ եւ հանգամանքներ կարող են որոշիչ դեր ունենալ, ապագայի ինչպիսի՞ հեռանկարներ են ակնկալում երիտասարդները. այս եւ այլ հարցերի շուրջ «Ալիք մեդիան» զրուցել է Սամցխե-Ջավախեթիից շրջանավարտների հետ.
Մանուշակ Խաչատուրյանը Թբիլիսիի պետական համալսարանի դիմորդ է, նա մասնագիտության հարցում արդեն կատարել է իր ընտրությունը. ապագա իրավաբան է: Մանուշակի կարծիքով իրավաբանի մասնագիտությունը ամենապատասխանատու մասնագիտություններից է, քանի որ այն կապված է օրենքի հետ։
«Բարդ մասնագիտություն է, բայց հնարավորություն է տալիս պաշտպանել մարդկանց իրավունքները, որը հենց իրավաբանի պարտքն է», — նշում է Մանուշակ Խաչատրյանը:
Նրա կարծիքով մեկ տարին բավական է պետական լեզվին տիրապետելու համար, եթե լինի ցանկություն և ձգտում.
«Դպրոցում ուսման հետ կապված խնդիրներ չեմ ունեցել, իմ կարծիքով ստացած կրթությունը բավարար է միայն ընդունվելու համար, իսկ հետագայում անհրաժեշտ է բարելավել այն:
Ինչ վերաբերում է մասնագիտությանս ծանոթ լինելուն, ասեմ, որ շատ եմ սիրում կարդալ գրքեր և դիտել ֆիլմեր հենց իրավագիտության թեմայով, որի արդյունքում էլ որոշակի պատկերացում ունեմ և արդեն իսկ սիրում եմ իմ ապագա մաասնագիտությունը», — նշում է Մանուշակը՝ հավելելով, որ իր համար այս գործում օրինակ է Ալան Դերշովիցովը, ով եղել է արդար փաստաբան:
«Մենք ինքներս ենք որոշում մեր ապագան և ուրիշների կարծիքը և խորհուրդը կարող է միայն խանգարել, մասնագիտություն ընտրելը կյանքի ամենադժվար որոշումներից մեկն է, այդ իսկ պատճառով ես ինքս եմ որոշում կայացնում, իսկ խորհրդի դեպքում դիմում եմ ծնողներիս, ովքեր միշտ կողքիս են, աջակցում են ինձ:
Համալսարանը կտա հսկայական գիտելիք, որը կնպաստի ապագան կառուցելու ճանապարհին, այն գյուղում ստանալ չեմ կարող։ Այդ պատճառով էլ որոշել եմ՝ չեմ վերադառնա գյուղ, քանի որ գյուղում ես իմ ապագան չեմ պատկերացնում», — հավելեց Մանուշակ Խաչատուրյանը:
Երիտասարդների ապագա մասնագիտության ընտրությունը կարևոր դեր է խաղում իրենց կյանքում, հիմա նրանց մեծ մասն ավարտելով դպրոցը, դիմում են բարձրագույն հաստատություններ։
«Տաթև Պողոսյանը պատրաստվում է դիմել Հայաստանի Ամերիկյան համալսարան։ AUA-ն աչքի է ընկնում կրթության բարձր մակարդակով, լայն հնարավորություններով և զանազան փոխանակման ծրագրերով։ Այս ամենն էլ ինձ առիթ տվեցին համոզվել ընտրությանս հարցում», — նշում է Տաթևը։
Ապագա տվյալագետ (data science) է։ Դեռ 4-5 տարի առաջ դժվար թե լսեինք այս մասնագիտության մասին, բայց այսօր տվյալագիտությունը զարգանում է մեծ թափ առած։ Տաթևն իրեն տեսնում է որպես տվյալ ոլորտի ապագա մասնագետ:
«Ապագա պլանները, գրեթե բոլորը, կապված են Ջավախքի հետ», — ասում է Տաթևը՝ հավելելով, որ մի քանի տարուց Ջավախքն առաջատար է լինելու IT աշխարհում:
«Իմ կարծիքով գյուղում հնարավոր է հմտանալ սեփական մասնագիտությամբ, պետք է հիշել, որ ամեն ինչ սկսվում է ինքնակրթությունից։ 21-րդ դարում ենք ապրում, ուր ամեն բանի համար կան բազմաթիվ միջոցներ․ ապրել գյուղում, չի նշանակում, որ զրկված ես հնարավորություններից։ Միայն մի փոքր ցանկություն և գործի կեսն արված է։ Ցանկացած իրավիճակում ոչ ֆորմալ կրթությունը մարդուն տանում է անձնային աճի և զարգացման։ Ձգտում է պետք, եթե չլինի այդ ձգտումը, նույնիսկ լավագույն բուհում ստացածդ ուսումը կհավասարվի 0-ի», — ասում է Տաթևը:
Տաթևը կարևորություն է տալիս նաև ընտանիքի աջակցությանը, ասում է՝ «ընտանիքս այս հարցում քաջալերում է ինձ, անկախ նրանից, թե ինչ մասնագիտություն կընտրեմ։ Նրանք կարևոր են համարում, որ ընտրեմ այն, ինչ իրոք ուզում եմ, որպեսզի հետագայում թե ուսման, թե կարիերայի մեջ լինեմ առաջադեմ, ամենակարևորը ամեն առավոտ չարթնանամ դժգոհ դեմքով, հերթական անգամ նայեմ օրացույցին, թե որքան մնաց իմ այս ձանձրալի ուսումնական տարվա ավարտին»։
«Խոչընդոտներ միշտ էլ կարող են լինել, սակայն պետք չէ մոռանալ պայքարելու և դեպի մեր դժվարություններին ընդառաջ գնալու մասին»,- եզրափակում է մեր զրույցը Տաթեւ Պողոսյանը:
Անահիտ Խաչատրյանն ապագա դիմորդ է, ով դեռ այնքան էլ չի կողմնորոշվել ուսումնական հաստատության ընտրության հարցում, բայց երկմտում է Թբիլիսիի և Իլիայի պետական համալսարանների միջև:
«Ցանկանում եմ այս երկու համալսարաններից մեկն ընդունվել, քանի որ ֆինանսավորում ստանալու հնարավորություններ կան», — նշում է Անահիտ Խաչատրյանը:
Անահիտն ապագա թարգմանչուհի է, նրա կարծիքով հենց այդ մասնագիտությունն է, որում ինքն իրեն պատկերացնում է։ Կարծում է՝ հենց մասնագիտությամբ կարող է գտնել աշխատանք Վրաստանում:
Ապագայի համար հարցի պատասխանը հետևյալն է՝ «Ես ապագայի համար չեմ սիրում գործեր պլանավորել, դա անում եմ հընթացս»:
Բայց նպատակը մեկն է՝ ստանալ բարձրակարգ կրթություն, գտնել աշխատանք:
Նրա կարծիքով պետական լեզվին մեկ տարվա ընթացքում տիրապետելը խնդիր չէ, եթե մարդն իր առջև նպատակ դնի:
Ըստ նրա, ամենաարդիական մասնագիտությունները ծրագրավորումն ու թարգմանչությունն են, քանի, որ դրանցով շատ հեշտ է աշխատանք գտնելը:
Նշենք, որ եթե Սամցխե-Ջավախեթիի շրջանավարտները 10 տարի առաջ նախընտրում էին կրթությունը շարունակել Հայաստանի բուհերում, ապա էթնիկ փոքրամասնությունների համար նախատեսված «1+4» պետական ծրագրից հետո պատկերն այլ է. այսօր մեծամասնությունն ընտրում է Վրաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունները։
Վրաստանյան բուհերի ընտրությունը դիմորդները մեկնաբանում են տեղում աշխատանք գտնելու հեռանկարով։ Թբիլիսիում կրթություն ստանալով՝ տիրապետում են նաև պետական լեզվին, վերադառնալով իրենց համայնք, ավելի հեշտ են աշխատանք գտնում։ Մասնագիտությունների ընտրությունն էլ պայմանավորված է պահանջարկով, երիտասարադներն ընտրում են այնպիսի մասնագիտություն, որով հետագայում հնարավոր կլինի զբաղվել իրենց իսկ ծննդավայրում։aliq.ge