Այսօր հայ կինոյի և թատրոնի մեծ վարպետ Մհեր Մկրտչյանի՝ ծննդյան օրն է

Այսօր հայ կինոյի և թատրոնի մեծ վարպետ Մհեր Մկրտչյանի՝ ծննդյան օրն է

Մեծանուն գյումրեցին բոլորիս հայտնի դարձավ իր կերտած ինքնատիպ դերերով, տարբերվող արտաքինով և խարիզմայով։

Այսօր հայ կինոյի և թատրոնի մեծ վարպետ Մհեր Մկրտչյանի՝ Ֆրունզիկի ծննդյան օրն է։

Ծնվել է  1930 թվականին Գյումրիում։ Բոլորի կողմից սիրված ու բոլորին ուրախացնող դերասանին անվանում էին «ուրախ-տխուր մարդ»։  Նա գրեթե միշտ խաղում էր կատակերգական ֆիլմերում, սակայն երազում էր դրամատիկական դերերի մասին։  

Նրա կյանքը տխուր և դրամատիկ էր։  Ուրախ-տխուր մարդուն կյանքը փոքր տարիքից հարվածներ է հասցրել։ Նա իրեն միշտ զգում էր միայնակ, քանի որ ծնողներն աշխատում էին, իսկ քույրն ու եղբայրը փոքր էին, և Ֆրունզիկը չէր կարողանում նրանց հետ շփվել։ Պատուհանից նայում էր իր հասակակիցներին, սակայն չէր իջնում բակ նրանց հետ խաղալու, նրան շատ էի ծաղրում արտաքին տեսքի պատճառով։

Մանկության երազանքը, որն այդպես էլ չիրականացավ, հեծանիվ ունենալն էր։ Փոքր հասակում երազում էր փայլուն հեծանիվ ունենալ, անգամ ժամերով կանգնում էր ցուցափեղկի առաջ և նայում։ Վերջապես տանեցիները խոստացան, որ կգնեն հեծանիվը։ Ամբողջ ընտանիքը՝ մոր՝ Սանամի գլխավորությամբ շարժվեց խանութ։ Նրա հետևից քայլում էր փոքրիկ Ֆրունզիկը, ով գումարը հանում և սեղմում է ափի մեջ, քանի որ այդպես երազանքը ավելի մոտ էր թվում։ Եվ հանկարծ ինչ որ մի տեղ, շատ մոտիկ լսվում է․ «Խոսում է Մոսկվան, խոսում է Մոսկվան․․․»։  Ֆրունզիկը հիշում է, որ երկար ժամանակ կանգնած էր ցուցափեղկից մոտ, ուր փայլում էր հեծանիվը, իսկ դռան վրա կողպեքն էր և գրություն՝ փակ է պատերազմի պատճառով։

Չորսուկես տարի նրա երազանքը մնաց փակ դռան ետևում։  Տարիներ հետո Մհեր Մկրտչյանը գործուղումներից վերադառնալով որդու համար հեծանիվներ էր բերում, սակայն մեկ-երկու րոպե քշելով՝ տղան գնում էր «կռիվ-կռիվ» խաղալու։ Մի կողմում մնում էին հեծանիվներն ու Ֆրունզիկը։ Մի անգամ էլ նա հանկարծ սկսում է քշել հեծանիվը հենց սենյակում՝ վրեժ լուծելով իր մանկությունից։ Սակայն հասկանում է մի պարզ բան․ մարդ ամեն ինչ պետք է ստանա ժամանակին՝ և՛ օրորոցայինը, և՛ առաջին հեծանիվը:

Մհեր Մկրտչյանը շատերին հայտնի է որպես Ֆրունզիկ։ Ըստ նրա եղբայր Ալբերտ Մկրտչյանի՝ ծնողներն իրենց առաջնեկին Ֆրունզիկ են անվանել խորհրդային ռազմական գործիչ Միխայիլ Ֆրունզեի պատվին։ Երեսնական թվականներին հայերին մեղադրում էին ազգայնականության մեջ, և նրանք սկսեցին երեխաներին տարօրինակ անուններ տալ։ Իսկ երբ տարիներ անց Սունդուկյանի անվան թատրոնը, որտեղ աշխատում էր Ֆրունզիկը, Լիբանանում հյուրախաղերի էր մեկնել, տեղացիները նրան Մհեր էին անվանում, որը թարգմանաբար արև է նշանակում։ Ասում են, թե նա որոշ ժամանակ անգամ ունեցել է երկու անձնագիր, որոնք հետո կորցրել է և ապրել առանց անձնագրի։

Դերասանին լավ ճանաչող մարդիկ պնդում են, որ նա լավատես էր, շրջապատի սիրտն ու ոգին, սրտակեր, միաժամանակ՝ անսահման տխուր և հոգնած, անձնական խորը ողբերգություն ապրած մի անձնավորություն։  Նրան ճանաչում, սիրում և գնահատում էին բոլորը։ Ամենուր մոտենում էին, բարևում, ջերմ խոսքեր ասում։ Դերասանը կատակում էր, թե շուտով իրեն ո՛չ փասթաթղթեր պետք կգան, ո՛չ գումար, առանց այդ էլ բոլորն իրեն ճանաչում են։ imradio.armradio.am