Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հոկտեմբերի 19-ին Չեխիայի մայրաքաղաք Պրահայում ավարտվել է Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի ու Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի հանդիպումը։
Հանդիպման արդյունքներով ՌԴ ԱԳՆ-ը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ Ռուսաստանն ու Վրաստանը Պրահայում անցկացրած խորհրդակցությունների արդյունքում հաստատել են երկկողմ հարաբերությունների հետագա կարգավոման պրագմատիկ կուրսի շարունակումը։
Ընդգծվել է, որ ոչ վաղ անցյալում Վրաստանի ու Ռուսաստանի խորհրդարանական ընտրությունների անցկացումից հետո երկու կողմն էլ շահագրգռված են երկխոսությունը շարունակել կոնկրետ հարցերի շուրջ՝ այն ոլորտներում ռուս-վրացական կապերն ակտիվացնելու համար, ուր դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում հնարավոր է առաջընթացը՝ առևտուր, տրանսպորտ, մշակութային-հումանիտար ոլորտ։
ՌԴ ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ վերջին 4 տարում ձեռք բերված արդյունքները լավատեսություն են ներշնչում։ 2016 թվականի առաջին երեք եռամսյակների արդյունքներով՝ երկկողմ ապրանքաշրջանառության ծավալը կազմել է 17 տոկոս, իսկ վրացական գինու արտահանումը Ռուսաստան աճել է 36 տոկոսով։
Ռուսաստանը դարձել է Վրաստանի թիվ երկրորդ առևտրային գործընկերը և վրացական գինու արտահանման գլխավոր շուկան։ Ակնկալվում է, որ նոյեմբերին Թբիլիսիում կհանդիպեն ռուս և վրացի գործարարները՝ քննարկելու համար երկու երկրների միջև տնտեսական կապերի հետագա ամրապնդումը։