Վրաստանը կունենա հանգստավայրերի համար պատասխանատու նոր գործակալություն

Վրաստանը կունենա հանգստավայրերի համար պատասխանատու նոր գործակալություն

Վրաստանում կստեղծվի նոր վարչություն՝ Առողջարանների զարգացման գործակալությունը, որը պատասխանատու կլինի երկրի զբոսաշրջային ուղղությունների զարգացման համար, այս մասին որոշում է կայացրել երկրի կառավարությունը։
Նոր գերատեսչությունը լինելու է էկոնոմիկայի նախարարության ենթակայությամբ և աշխատանքը կսկսի հուլիսի 15-ից։

Ինչպես պարզաբանում են էկոնոմիկայի նախարարությունից, Առողջարանների զարգացման գործակալության հիմնական խնդիրները լինելու են բալնեոլոգիական(կուրորտների տեսակ է, որտեղ հիվանդությունների բուժման և կանխարգելման, հանգստի և կազդուրման նպատակներով օգտագործվում են բնական տաք և սառը հանքային ջրերը) և լեռնային հանգստավայրերի զարգացումն ու խթանումը, ինչպես նաև նոր հանգստավայրերի զարգացումը։
Գործակալությունը կուսումնասիրի առողջարանային վայրերի ներուժը, կաշխատի համապատասխան ենթակառուցվածքների ստեղծման և ներդրումների ներգրավման ուղղությամբ։

Ընդհանուր առմամբ, Վրաստանում կա մինչև 300 առողջարանային գոտի։ Բնակչության շրջանում ամենապահանջվածն են սեւծովյան եւ ձմեռային լեռնային հանգստավայրերը։